ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանն Արցախի հանրապետությունում վաղուց որեւէ անելիք չունի»

21.02.2017 19:25 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Ադրբեջանն Արցախի  հանրապետությունում  վաղուց որեւէ անելիք չունի»

Երեկ Արցախի հանրապետությունում կայացավ Սահմանադրական հանրաքվեն: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ էին ժամանել Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի պատվիրակությունների անդամներ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ: Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովից եւս պատվիրակություն էր մեկնել Արցախ` դիտորդական առաքելություն իրականացնելու համար, որի կազմում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Լյովա Խաչատրյանը, Կարեն Շախմուրադյանը, Վահրամ Մկրտչյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Հանրաքվեի ավարտից անմիջապես հետո «Իրավունքը» կապ հաստատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ, որը մեզ հաղորդեց հետեւյալը.

–Բավականին բարձր ակտիվությամբ իրականացվեց քվեարկության գործընթացը, որը ժողովրդավարության բոլոր նորմերին համահունչ էր: Իրոք, ազատ, արդար, թափանցիկ  քվեարկություն անցկացվեց Արցախի հանրապետությունում:

– Ինչպիսի՞ն է նախնական պատկերը, ի վերջո, արցախցիների մեծամասնությունն «այո՞» է ասել սահմանադրական փոփոխություններին, թե` «ոչ»:

– Կարծում եմ` դեռեւս վաղ է այդ մասին խոսելը: Այդպիսի տվյալներ մենք կունենանք միայն քվարկության արդյունքներն ամփոփելուց հետո:

– Պարոն Մելիքյան, մենք գիտենք, որ Արցախում են մեծ թվով միջազգային դիտորդներ, այդ թվում` քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, լրագրողներ: Կարելի՞ է ասել, որ Բելառուսի կողմից ՌԴ քաղաքացի Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը հակառակ էֆեկտն է տվել` միջազգային հանրության մոտ:

– Իսկապես, կարող եմ ասել, որ Արցախում բավականին մեծ քանակությամբ միջազգային դիտորդների ենք հանդիպել տարբեր համայնքներում ու տարբեր շրջաններում: Բոլորը կարծես թե նույն կարծիքին են, որ բավականին ակտիվ մասնակցություն է եղել, եւ ժողովրդավարության բարձր աստիճանով իրականացվող քվեարկության գործընթաց է իրականացվել:

– Փաստորեն, Ադրբեջանի «սեւ ցուցակներն» ու սպառնալիքները չե՞ն վախեցնում դիտորդներին:

– Ադրբեջանի որեւէ սպառնալիք Արցախի հանրապետությունում նշանակություն չունի: Եվ  ընդհանրապես, կարծում եմ` Ադրբեջանն Արցախի հանրապետությունում վաղուց որեւէ անելիք չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА