ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.02.2017 19:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ


Քե մատաղ, այլեւս հրաժեշտ ենք տվել օտարահունչ  Ղարաբաղ անվանը, քանզի հանրաքվեի արդյունքով մեր երկրի այդ հատվածը կոչվելու է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Դե ինչ, հուսանք, որ հաջորդ հանրաքվեով կկոչվի ՀՀ Արցախի մարզ, սակայն հետաքրքիրը հետեւյալն է, թե ինչ են հիմա գոռալու մազութային սուլթանատի քոչվորները` «Արցախ բիզիմդի՞ր»: Բայց, անշուշտ, ամենազարմանալի վիճակում հիմա Ադրբեջանի ԱԳՆ-ն է, քանզի այնքան մարդ է եկել որպես դիտորդ, որ «սեւ ցուցակ» կազմողների գործերն առավել քան շատ են... Բա, Ադրբեջանի դատախազության գործերը` ինչպես պետք է հասցնեն այդքան գործ կազմեն ու ղրկեն կոլխոզենֆյուրերին` Մինսկ: Ի դեպ, երեկ համացանցով կատակ էր շրջում, իբր Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ էլեկտրոնային հասցե է տվել, որպեսզի Արցախ ժամանած դիտորդներն իրենք իրենց անձնագրերի լուսապատճեններն ուղարկեն միանգամից «սեւ ցուցակ»: 
Ինչեւէ, սակայն կոլխոզենֆյուրեր ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ գործերը, զարմանալիորեն, լավ չեն: Քիչ էր, որ Լապշինին արտահանձնելուց հետո աշխարհի տարբեր ծայրերում ցույցեր են տեղի ունենում, քիչ էր, որ դրա հետեւանքով հազիվ են հասցնում ջնջել վրդովված մարդկանց հայհոյանքները իրենց կառավարական հիմնարկների ֆեյսբուքյան էջերից, քիչ էր, որ Ռուսաստանի վերահսկիչ մարմինները բելառուսական մթերքում արդեն բոլոր տեսակի մանրէներ են գտել... Հիմա էլ մազութային սուլթանատի բռնապետը խաբեց ու քցեց` խոստացել էր էժանով նավթ վաճառել, բայց թանկ է տալիս: Դե ինչ, տականքների ճակատագիրը միշտ այդպիսին է, որ վերջում իրենց ուզածին չեն հասնում, թեեւ մինչ այդ, իրենց պատռտում էին եւ մասնակցում վատ արարքների մրցույթների: 
Ինչքան էլ զարմանալի լինի, բայց ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ մեզ ուրախացրեց` լքելով «Ժառանգություն» կուսակցությունը. «Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական եւ ծրագրային խզումը իր հռչակած եւ անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից եւ ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը»: Դե ինչ, համ` մեր գլուխները կդնջանան, համ էլ` տիկինը վերջապես կհասցնի զբաղվել իր բազմաթիվ երեխաներով: Բայց ոչ պակաս զարմանալին այն էր, որ նրա վերջին «օրհնանքը» ուղղված էր Օհանյան-Օսկանյան դաշինքին` տիկինը հայտարարեց, որ դաշինքը խորհրդարան չի անցնի:
Շատերին հայտնի է հիմնարկներում գումար հավաքելը, իսկ հետո հերթով վիճկակահանությամբ բոլորի հավաքածը մեկին տրամադրելը: Ինչքան էլ զարմանալի լինի, բայց Բագրատյան մի ասա, կրակ ու պատիժ ասա` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ առաջարկել է այդպես վարվել քաղաքական դաշտում. «2016թ.-ի փետրվարին դիմել եմ 6 կուսակցության, ասել եմ` եկեք վիճակահանություն անենք, ամեն մեկս 100 հազար դոլար դնենք, որ չգնանք իշխանությունից փող խնդրելու, ցուցակը կազմենք: Լավ առաջարկ էր: ՀԱԿ-ի հետ հանդիպեցի` ե՛ւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Լեւոն Զուրաբյանի հետ: Պատասխանել են, թե մենք խոշոր ենք, միավորվենք, բայց 3 հոգի մեզանից, 1-ը` ձեզնից: Ասեցի` չի լինի տղերք, ոչ մեկ այսպես չի համաձայնվի: Դիմել եմ Րաֆֆուն, ասել է, թե կպատասխանեն համագումարից հետո, բայց հունիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չպատասխանեց»: Դե ինչ ասես, Բագրատյանի երազանքները չիրականացան. ժամանակին ուզում էր Բաղրամյան 26-ի պահակ աշխատեր` չստացվեց, ուզում էր որեւէ ցուցակում առաջին տեղում լինել` չստացվեց, փող հավաքելն էլ առաջարկեց` դա էլ չստացվեց: Չէ, երեւում է այս խառը եղանակից որձ կովերը կատաղել են:Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА