ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-Ի ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

20.02.2017 11:43 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-Ի ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Սուրեն Սարգսյան 
Թաֆթսի համալսարան

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-Իրան հարաբերությունները կրկին լարվել եւ հայտնվել են համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում։ Նորընտիր նախագահ Թրամփը երբեք էլ չի թաքցրել Իրանի հետ Օբամայի վարչակազմի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ իր դժգոհությունը, վստահ լինելով, որ կարելի էր ավելիին հասնել։ Իրանի կողմից հրթիռների փորձարկումից հետո ԱՄՆ նախագահը խիստ քննադատության ենթարկեց Իրանին, հայտարարելով, որ սա որոշակի նախազգուշացում է Իրանին։

Պաշտպանության նախարար Մատիսն էլ իր հերթին հայտարարեց, որ Իրանը պետական մակարդակով ահաբեկչությանը սատարող երկիր է։ Իսկ եթե հաշվի առնենք, որ նոր վարչակազմը ընդգծված իսրայելամետ դիրքորոշում ունի եւ այն հանգամանքը, որ Իսրայելն ու հրեական համայնքն ԱՄՆ-Իրան բանակցությունների հիմնական քննադատն էին, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում։ Իրանի կողմից հրթիռների փորձարկումը մեծ հաշվով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում չի կարելի դիտարկել, սակայն սա ամենահարմար առիթն էր, որպեսզի Թրամփն օրակարգ բերեր ԱՄՆ-Իրան հարաբերությունների խմբագրման անհրաժեշտությունը:

ԱՄՆ-Իրան հարաբերությունները պետք է դիտարկել նաեւ նոր ձեւավորվող գլոբալ ամերիկյան քաղաքականության տեսանկյունից։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց այսօր ԱՄՆ-ին Ռուսաստանը ոչ պակաս է անհրաժեշտ, քան հակառակը։ Հզորացող Չինաստանն ԱՄՆ-ի համար հիմնական քաղաքական եւ տնտեսական մրցակիցն է եւ աշխարհի երկրորդ գերտերություն դառնալու հիմնական հավակնորդը։ ԱՄՆ-ն չի կարող դա թույլ տալ, ուստի պետք է զսպի չինական տնտեսական աճը՝ ամեն գնով։ Իրանը տարածաշրջանային գերտերություն դառնալու ճանապարհին է եւ ԱՄՆ-ի կարծիքով սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը եւ լուրջ ազդեցություն կարող է ձեռք բերել Մերձավոր եւ Միջին Արեւելքում՝ դուրս մղելով ԱՄՆ-ին։

Քանի որ ԱՄՆ-ն չի կարող միաժամանակ հակադրվել եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Չինաստանին, եւ՛ Իրանին, ապա նա պետք է կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանը տեսանելի ապագայում չի կարող ԱՄՆ-ի համար քաղաքական կամ տնտեսական լուրջ մրցակից դառնալ։ Դրանից զատ, մեծ հավանականություն կա, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները կկարգավորվեն եւ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կհանվեն։ Ակնհայտ է, որ Թրամփ-Պուտին մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի ժամանակ կողմերը շոշափել են պատժամիջոցների վերացման հնարավորությունը, քանի որ սա երկկողմ հարաբերությունների ամենակնճռոտ հարցն է եւ, եթե երկու կողմերն էլ հեռախոսազրույցը դրական են գնահատում, ավելին՝ պատրաստակամություն են հայտնում հանդիպել մոտ ապագայում, ապա կարելի է վստահ ասել, որ այստեղ առաջընթաց կա։

Պետք է հաշվի առնել, որ Թրամփը բավականին լավ բանակցող է եւ այս գործընթացից ունենալու է իր շահը։ Ի՞նչ կարող է Թրամփն ակնկալել Ռուսաստանից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի զիջելու իր դիրքերը Ղրիմի հարցում, ընդհանուր շահեր ունի ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցում, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Իսկ եթե հաշվի առնենք Թրամփի այն հայտարարությունը, որ նա չի պատրաստվում ծախսել ամերիկյան փողերն այլ պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով (այստեղ կարելի է հասկանալ ՆԱՏՕ-ի որոշ ծրագրերի կրճատում, Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային կայանների տեղադրման բացառում) ապա երկու պետությունների շահերը մի շարք հարցերում համընկնում են եւ երկկողմ հարաբերությունները ձեռք են բերում նոր բնույթ։ Այս պահի դրությամբ Իրան-ԱՄՆ հարաբերություններում զարգացման երեք հնարավոր սցենար կա:

Առաջին՝ ոչ շատ հավանական սցենար, կողմերը կփորձեն մեղմել հռետորաբանությունը եւ կշարունակեն աշխատանքը ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Երկրորդ, առավել հավանական սցենար, Թրամփը կպահանջի չեղարկել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կառաջարկի բանակցային նոր գործընթաց սկսել՝ ԱՄՆ-ի համար առավել գերադասելի «ստարտային» դիրքերից։

Երրորդ՝ վատագույն սցենար, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը կամ հին պատժամիջոցների վերականգնումն ամբողջական ծավալով։

Այս տեսանկյունից Հայաստանը կրկին հայտնվելու է բարդ իրավիճակում։ Եթե Իրանի նկատմամբ սանկցիաները կրկին ուժի մեջ մտնեն, ապա Հայաստանն իր տնտեսական կապերը հարեւանի հետ չի կարող առաջ մղել ողջ ծավալով։ Ավելին, պատժամիջոցների կիրառումը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել ԵՏՄ-Իրան հարաբերություններում, ինչից Հայաստանը կարող էր որոշակի օգուտներ քաղել, քանի որ Հայաստանը ԵՏՄ միակ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ:

Ուստի, եթե ԱՄՆ-ն որոշի կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ, չի բացառվում, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Իրանի հետ հարաբերությունները թե՛ ԵՏՄ-Իրան, եւ թե՛ Իրան-Ռուսաստան ձեւաչափերով կարող է դարձնել նախապայման։ Սակայն սա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն որոշի ամբողջապես իզոլացնել Իրանն արտաքին աշխարհից։ Կհամաձայնի՞ արդյոք Ռուսաստանն այդ առաջարկին, առանձին քննարկման թեմա է։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հաշվի առնելով այս իրողությունը, Հայաստանը պետք է օր առաջ ծրագրի իր անելիքներն Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր վերսկսման դեպքում, քանի որ ԱՄՆ-ն չի հապաղելու եւ անհամբեր սպասում է հարմար առիթի՝ սցենարներից ամենահավանականը իրագործելու նպատակով։

http://armtimes.com/hy/article/104558

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА