ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

17.02.2017 16:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ակնաբուժությունը Հայաստանում բժշկության ամենազարգացած ոլորտներից է, և դա՝ ավանդաբար: Եվ հերթական նորամուծությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա դրեց այն, ու դարձյալ ավանդաբար՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Այստեղ առաջին անգամ Հայաստանում իսպանական Ֆերարա Ռինգ (FerraraRing, Spain) ընկերության հետ համատեղ իրականացվեց կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների պատվաստում կոչվող վիրահատությունը: Այսինքն՝ եթե մինչ այժմ կերատակոնուս հիվանդության դեպքում հնարավոր էր կանգնեցնել տեսողության վատացման ընթացքը, ապա այժմ արդեն տեսողությունը կարելի է նաև վերականգնել: Վիրահատական այս մեթոդի մասին վիրահատությունից առաջ զրուցեցինք Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի և Ֆերարա Ռինգ ընկերության կերատոկոնուսի բժիշկ-կոնսուլտանտ Դոկտոր Պերե Դել Կամպոյի հետ:

Կերատոկոնուս հիվանդությունն առավել տարածված է հին ազգերի, այդ թվում՝ հայերի շրջանում: Այն եղջերաթաղանթի դեգեներատիվ պրոգրեսիվող հիվանդություն է, որի դեպքում եղջերաթաղանթը շատ դանդաղ, հիվանդի համար աննկատ բարակում է: Արդյունքում տեղի է ունենում տեսողության վատացում, ակնոցն այլեւս չի բավարարում: Տարիներ առաջ անբուժելի համարվող կերատոկոնուսը հաճախ ծնունդ է առնում մարդու լույս աշխարհ գալու հետ: «Կերատակոնուսը չունի առաջացման հիմնական պատճառ, այն բնածին խնդիր է: Մարդը կարող է ծնվել բարակող եղջերաթաղանթով, այն է՝ թաղանթի կարծրությունը ապահովող կոլագենը քիչ է լինում, չի բավարարում: Եթե կա այդ նյութի պակասը,  հիվանդությունը արագ է զարգանում, ապա 12-13 տարեկանում դիմում ենք փոխպատվաստման: Կա նաև հիվանդության մեղմ տեսակը: Այն հիմնականում գլուխ է բարձրացնում պատանեկան տարիքում, ունի զարգացման շատ անհատական ընթացք. մեկի մոտ կարող է շատ արագ զարգանալ, մեկ ուրիշի մոտ՝ դանդաղ»,- բացատրում է Ելենա Մալայանը՝ հավելելով, որ անկախ այն բանից՝ երեխան գանգատ ունի, թե ոչ, դպրոցական տարիքից տարին մեկ անգամ պետք է ակնաբույժի զննության ենթարկվի: Պետք է նշել, որ ինչպես շատ հիվանդությունների, այնպես էլ այս դեպքում գենետիկան կարևոր դերակատարում ունի. «Ժառանգականության դերը շատ մեծ է: Եթե ընտանիքում, հարազատների շրջանում կան տեսողության խնդրով մարդիկ, ապա հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել սեփական տեսողության հանդեպ: Որքան վաղ շրջանում հայտնաբերվի կերատակոնուսը, այնքան ավելի հեշտ կլինի վերականգնել տեսողությունը»,-ասում է Ֆերերա Ռինգ ընկերության կերատակոնուսի բժիշկ-կոնսուլտանտ Դոկտոր Պերե Դել Կամպոն:

Նախկինում կերատակոնուսով հիվանդը ստիպված էր սպասել մինչև հասունանար եղջերթաղանթի փոխպատվաստման ժամանակը, ինչն արվում էր արդեն հիվանդության զարգացման չորրորդ աստիճանի դեպքում, երբ առաջանում է եղջերաթաղանթի պղտորում: Բժշկության զարգանալուն զուգընթաց ելքերն ավելացել են: 8-9 տարի առաջ Հայաստանում սկսեցին կատարել Քրոսլինքինգ կոչվող բարձր արդյունավետությամբ միջամտությունը, որը կանխում է հիվանդության զարգացումը և ունի պահպանողական նպատակ: Այսօր Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն իրականացնում է եղջրաթաղանթի օղակների պատվաստում , որի առաջնային նպատակը հիվանդության կանխումն է, ինչպես նաև հիվանդի տեսողության լավացումը: Մասնագետների հավաստմամբ՝ կերատակոնուսով շատ հիվանդներ այս վիրահատությունից հետո կարող են ազատվել ակնոցից և կոնտակտային լինզաներից:

Ս.Վ.Մալայանի անվան կենտրոնում եղջրաթաղանթի օղակների պատվաստումը կատարվելու է Ֆերարա Ռինգ առաջատար ընկերության օղակներով, որոնք կիրառվում են աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում: Աշխարհում տարածված ռինգերի, այն է՝ օղակների 70 տոկոսը արտադրում է այս ընկերությունը: «Օղակների այս տեսակը 20 տարի առաջ հայտնաբերել է դոկտոր Ֆերարան,- պատմում է ընկերության կերատակոնուսի բժիշկ-կոնսուլտանտը: - Սկզբնական շրջանում Ֆերարա Ռինգի նպատակն էր միայն կերատակոնուս հիվանդության կանգնեցումը, իսկ այժմ այս օղակները նպաստում են նաև տեսողության լավացմանը»: Ֆերարա Ռինգը կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում: Իսկ որոշ կլինիկաներ, ինչպես օրինակ Բարսելոնայի Բարաքեյը մասնակցում է նաև զարգացման և հետազոտական աշխատանքներին: Ըստ Դոկտոր Պերե Դել Կամպոյի՝ ոչ բոլոր կլինիկաները կարող են զբաղվել այս վիրահատությամբ. « Մեր ընկերությունը, ի դեմս դոկտոր Ֆերարայի, նախընտրում է աշխատել աշխարհի լավագույն կլինիկաների հետ, Հայաստանում ընտրությունը կանգ առավ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վրա: Կերատոկոնուսի պարագայում ամենակարևոր խնդիրներից է դիագնոստիկան՝ հիվանդության վաղ շրջանում բացահայտումը, իսկ դա լիարժեք արվում է այս կենտրոնում: Կենտրոնը չի աշխատում միայն մեկ մեթոդով, մեզ դուր է գալիս, որ կիրառվում են աշխարհին հայտնի բոլոր մեթոդները: Դա հնարավորություն է տալիս, կախված հիվանդության բարդության աստիճանից, ընտրություն կատարել բուժման եղանակների միջև: Այս վիրահատութունը հեշտերից չէ, պահանջում է հմուտ վիրաբույժ, այդ իսկ պատճառով մենք նախընտրում ենք աշխատել լավագույնների հետ»:

«Մեր համագործակցությունը Ֆերարա Ռինգ ընկերության հետ շարունակական բնույթ է կրելու, քանի որ կերարինգը անհատական մոտեցում պահանջող վիրահատություն է»,-ասում է Ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը եւ հավելում. «Վիրահատության պատրաստվող հիվանդի անհատական տվյալների հիման վրա նրանք մեզ են տրամադրելու անհատական օղակներ»:

Այս վիրահատությունը հիվանդներին առաջարկվում է հետազոտությունից հետո, երբ բացահայտվում է, թե կերատակոնուս հիվանդությունը զարգացման որ փուլում է գտնվում: Սովորաբար հիվանդությունը բացահայտվում է բավական ուշ, քանի որ մարդը կարող է երկար ժամանակ ունենալ բարձր տեսողություն. հիվանդությունը կարող է բացահայտվել միայն հետազոտության ընթացքում: Երբեմն կերատակոնուսը բացահայտվում է շատ պատահական, երբ մարդիկ գալիս են, իրենց կարծիքով, կարճատեսությունը վերացնելու համար լազերային վիրահատության, բայց պարզվում է՝ կերատոկոնուս ունեն: Շատ կարևոր է կերատակոնուսի սկիզբը հայտնաբերելը, ինչը բավական բարդ է, քանի որ տեսողությունը ուշ է ցածրանում, լինում են միայն որոշ գանգատներ, երեկոյան ժամերին աչքի ցավեր են զգացվում:

Վիրահատությունը տևում է 15-20 րոպե, այնուհետև մոտ երկու ժամ բժիշկների հսկողության տակ լինելուց հետո, վիրահատված հիվանդը վերադառնում է տուն: Կերատոկոնուս ունեցող մարդիկ մշտապես հսկողության տակ են: Օղակները կարող են պատվաստվել սկսած 18 տարեկանից՝ ելնելով հիվանդության բացահայտման տարիքից և թե որ աստիճանում է այն գտնվում: 35-40 տարեկանից հետո կերատակոնուսն այլևս շատ ակտիվ չէ, այդ տարիքում հետազոտությունից հետո միայն պարզ է դառնում՝ արդյո՞ք կարելի է որևէ կերպ միջամտել:

«Այս համագործակցության շնորհիվ աչքի խնդիրներ ունեցող հիվանդները, շնորհիվ Ս.Վ.Մալայանի անվան կլինիկայի գերժամանակակից սարքավորումների, հնարավորություն ունեն ստանալու բոլոր այն ծառայությունները, որոնք նրանց կմատուցեին, օրինակ Բարսելոնայի առաջադեմ կլինիկաներում»,-վստահ է դոկտոր Պերե Դել Կամպոն:՛

Այս՝ հերթական նոր վիրահատության իրականացումը Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հերթական հնարավորություն է հիվանդների համար՝ վերագտնել սեփական տեսողությունը սեփական երկրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА