ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կստեղծվի՞ հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն

17.02.2017 16:34 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կստեղծվի՞ հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովն օրերս հայտարարեց, որ Հայաստանը հետաքրքրված է ռուսական «Sukhoi Superjet 100» օդանավերի ձեռքբերմամբ: Ըստ նրա, Հայաստանը եւ Ռուսաստանը մտադիր են ստեղծել համատեղ ավիաընկերություն, որը հագեցած կլինի նշված օդանավերով: Ռուսական կողմը պատրաստ է հայ-ռուսական համատեղ ավիաընկերությանը տրամադրել 10 օդանավ, որոնք Հայաստանում կլինեն հաջորդ տարի, կամ 2019 թվականի վերջին:

«Sukhoi Superjet 100»-ի ձեռքբերման փորձ Հայաստանում եղել է: 2011 թվականին այդ օդանավից շահագործում էր «Արմավիա» ավիաընկերությունը: Հետագայում «Արմավիան» հրաժարվեց դրանք ձեռք բերել` պնդելով, որ «Sukhoi Superjet 100» ունի տեխնիկական բազմաթիվ խնդիրներ եւ վտանգավոր է թռիչքներ իրականացնելու համար: Իսկ ռուսական կողմը հավաստիացնում էր, որ դրանք ընդամենը օդանավերից հրաժարվելու պատրվակներ են, հաշվի առնելով, որ «Արմավիան» պարզապես վճարումներ չի կատարելու: Եվ այդ պատմությունից շատ չանցած «Արմավիայի» սնանկացումը հենց այդ երկրորդ վարկածի օգտին էր:

Ինչեւէ, ի՞նչ կարելի է սպասել «Sukhoi Superjet 100»-ի բազայի վրա հայ-ռուսական համատեղ ավիաընկերության ստեղծման գաղափարից: Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, հանրային խորհրդի անդամ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանն էլ ավելի առաջ գնաց` ոչ թե մեկ, այլ` մի քանի ավիաընկերությունից խոսելով: Այսինքն, եթե Հայաստանը ցանկանում է Ռուսաստանից լիզինգով ձեռք բերել օդանավեր, ապա դա կնպաստի, որպեսզի պետության մասնակցությամբ Հայաստանում լինի մի քանի ավիաընկերություններ: «Կարծում եմ, որ պետության մասնակցությամբ կարելի է ունենալ 2-3 ավիափոխադրողներ եւ մի քանի տարվա ընթացքում հիմնադրել սեփական ազգային ավիահավաքակայանը: Առնվազն 8-9 ինքնաթիռներ պետք է ունենանք, որպեսզի կարողանանք մեր ուղեւորներին, որոնց թիվն անցնում է 2 միլիոնը, առանց խոչընդոտների փոխադրել այս կամ այն երկիր, ինչն էլ կնպաստի, որ հիմնենք մեր սեփականը»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Վ. Սաֆարյանը: Ըստ նրա, այս գործընթացքում պետք է ներգրավված լինի պետությունը` ամեն ինչ ավելի հեշտ կազմակերպելու եւ լավագույն արդյունքների հասնելու համար:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե իբրեւ «Sukhoi Superjet 100» օդանավերը տեխնիկապես վտանգավոր են, Վազգեն Սաֆարյանը նույնպես հիշեց «Արմավիայի» փորձը, նաեւ, որ հետագայում անհայտ պատճառներով ավիաընկերությունը հրաժարվեց դրանցից. «Չեմ կարծում, որ պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Այսօր «Superjet»-երը բավականին լավ ինքնաթիռներ են: Երբ այս ինքնաթիռների արտադրության գործընթացը սկզբնավորվում էր, ծանոթ էինք նախաձեռնողների հետ, որոնք Հայաստանին առաջարկեցին ներդրումներ անել եւ դառնալ այս նոր ինքնաթիռների արտադրության հիմնադիրներից մեկը: Ցավոք, չնայած առաջարկն արեցին «Արմավիային», իսկ վերջինս էլ հրաժարվեց, հայտարարելով, որ ընկերությունը թող ինքնաթիռներ արտադրի, իսկ ինքը կգնի»,- ընդգծեց տնտեսագետը, նկատելով, որ «Superjet»-երը ապագա ունեն եւ համարվում են ռեգիոնալ ինքնաթիռներ. «Լավ կլիներ մեկ անգամ էլ ուսումնասիրվեր այդ ինքնաթիռների բոլոր հնարավորությունները, եւ փորձենք դրանք ներգրավել մեր ավիաշուկայում: Այս ամենը տնտեսական առումով Հայաստանի համար զարգացման մեծ հեռանկարներ ունի»:

Թե կոնկրետ երբ կստեղծվի հայ-ռուսական համատեղ ավիաընկերությունը, առայԺմ հայտնի չէ, քանի որ, ըստ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, այդ ուղղությամբ դեռեւս ընթանում են նախնական բանակցություններ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА