ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ Մոնսերատ Կաբալիեին կամ Մարկեդոնովին «սեւ ցուցակ» գցելով` ԼՂ կոնֆլիկտը չի լուծվում»

17.02.2017 19:35 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ Մոնսերատ Կաբալիեին կամ  Մարկեդոնովին «սեւ ցուցակ» գցելով` ԼՂ կոնֆլիկտը չի լուծվում»

Երեւանում էր Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ, որը դեռեւս 2015 թվականին իր անալիտիկ աշխատության մեջ հստակ կանխատեսում էր կատարել` նշելով, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածություն է սպասվում: Իսկ ասվածի ականատեսը բոլորը եղան նախորդ տարվա ապրիլին: ԼՂ կոնֆլիկտի լուծման, ապրիլյան պատերազմի եւ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին էլ առիթ ունեցանք զրուցելու հենց ռուս քաղաքագետի հետ:

«ՌԴ-Ի ՀԱՄԱՐ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԿԱՐԵՎՈՐ Է, ԲԱՅՑ ԱՅՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 
ՄԵՋ ՉԷ»

–Նախ ասեմ, որ մենք գերի ենք դարձել` անընդհատ խոսելով ապրիլյան սրացումների մասին, մինչդեռ քիչ ավել, քիչ պակաս լարվածություն եղել է նաեւ 2008 թվականի մարտին, ապա 2010 թվականի ամռանը, այնուհետեւ 2012-ին, 2014 թվականի նոյեմբերին, 2015-ի դեկտեմբերին... Այնպես որ, ապրիլյան պատերազմն առնվազն անակնկալ չէր: Իհարկե, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը գտնելը բավական բարդ է, բայց, միեւնույն ժամանակ, սա այն բացառիկ դեպքն է, որտեղ Արեւմուտքն ու Ռուսաստանի տեսակետները չեն բախվում: Այո՛, կան քաղաքագետներ, որոնք փորձում են ԼՂ կոնֆլիկտը նմանեցնել աբխազական խնդրին, Դոնբասի սցենարին, բայց չի հաջողվում, քանի որ այդպիսի շապիկ հագցնելը ԼՂ հիմնախնդրի չափերով չէ: Ավելին` ի տարբերություն նշածս մյուս կոնֆլիկտների, այստեղ Արեւմուտքը բոլորովին էլ դեմ չէ, որ Ռուսաստանն այս հիմնախնդրի կարգավորման հարցում ավելի ակտիվ լինի: Չէ որ ՌԴ-ն չի ասում, որ կճանաչի Ղարաբաղը: Ընդ որում` մեր արտաքին քաղաքականության ծրագրերում ԼՂ-ի մասին խոսք անգամ չկա, այնտեղ միայն նշված են հայ-ադրբեջանական կոնֆլիկտի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին մեր անդամակցության մասին: Եվ քանի որ Ռուսաստանը չի պատրաստվում ինչ-որ սահմաններ վերանայել, իսկ ոչ ֆորմալ առումով Վ. Պուտինն ազդեցություն ունի ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների վրա, դրա համար էլ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն այս հարցի մեջ չեն խորանում: Իսկ դրա փոխարեն փորձում են Ռուսաստանին ներքաշել կոնֆլիկտի մեջ եւ ասել` տեսեք, որ անգամ այս դեպքում լուծում չկա: Բայց ասեմ, որ կոնֆլիկտի կարգավորման գործում շատ երկրներ են փորձել խառնվել, այդ թվում ` Իրանը, Ղազախստանն ու Ղրղստանը, ու ի՞նչ, արդյո՞ք այդ փորձերն ավելի հաջող էին, քան Ռուսաստանինը: 

– Իսկ ո՞րն է այսօր Ռուսաստանի Դաշնության որդեգրած քաղաքականությունը ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցում:

– Միանգամից ասեմ, որ իմ հայտարարությունը մի դիտարկեք որպես Ռուսաստանի պաշտոնական տեսակետ կամ Կրեմլի հրաման, սա ընդամենն այն է, ինչպես ես եմ գնահատում իրավիճակը, իսկ Իվանովը, Պետրովը, Լյապկինն ու Ծապկինը կարող են բոլորովին այլ տեսակետ ունենալ: Ռուսաստանի համար ԼՂ խնդիրը կարեւոր է, բայց այն ամենեւին էլ առաջնահերթությունների մեջ չի մտնում: Ինչպե՞ս թողնել ամեն ինչ եւ զբաղվել ԼՂ հիմնախնդրով, եթե կոնֆլիկտի երկու կողմերն էլ դրան պատրաստ չեն ու չեն էլ պատրաստվում, էլ չասեմ, որ հանրային դիրքորոշումներն այս հարցում ավելի ռադիկալ են, քան իշխանություններինը: Դուք լավ հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ Երեւանում նախորդ տարվա հուլիսին, հանրության արձագանքը ԼՂ հիմնախնդրի հարցում կրիտիկական էր, եւ նրանք մեղադրում էին երկրի պաշտպանության նախարարությանը, նախագահական ապարատին: Ինձ համար այս ամենն իհարկե հասկանալի է, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացիական հանրություն, այդ թվում` բլոգերները, լրագրողները, ակտիվիստներն ու իրավապաշտպանները համարվում են կոնֆլիկտի կողմ, եւ նույնիսկ տարօրինակ կլիներ, որ իրենց արձագանքն ավելի ադեկվատ լիներ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, այն չի պատրաստվում ԼՂ հիմնախնդրի հարցում լինել դեակտիվ կամ պրոակտիվ: Հենց դրանով է պայմանավորված, որ երբ ստատսուս քվոն որեւէ մեկը խախտում է, Ռուսաստանի արձագանքը չի լինում բավական խիստ: Այլ հարց է, որ սառը պատերազմը հալչի, եւ ՌԴ-ն ստիպված լինի քայլեր ձեռնարկել: Ռուսաստանի ղեկավարությունը չի ցանկանում, որ իրեն, ուղղակի, շպրտեն այդ գործընթացի մեջ: 

– Ամեն դեպքում, ապրիլյան պատերազմի ժամանակ հանրության մի զգալի հատված ավելի կոշտ քայլեր էին ակնկալում ռազմավարական գործընկեր Ռուսաստանից:

– Պետք է կարողանանք առանց զգացմունքայնության գնահատել իրավիճակը: Հասկանում եմ, որ Բաքվում ու Երեւանում ուզում են, որ Ռուսաստանը վերջնական ընտրություն կատարի, թե ում կողմից է, բայց դա չի անի: Ու սա ձեռնտու չէ նաեւ Հայաստանին, որովհետեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի պատերազմական հարաբերությունները կբերեն ավելի մեծ ագրեսիայի հենց հայերի նկատմամբ: Հիշեք, թե ինչ իրավիճակ էր ապրիլյան պատերազմի ժամանակ. Թուրքիան դեռ չէր հաշտվել Ռուսաստանի հետ, եւ Էրդողանը դեռ քայլ չէր կատարել այդ ուղղությամբ: Եվ Թուրքիան, որի շրջափակման մեջ է գտնվում Հայաստանի մի մասը, հայտարարում էր, որ լիովին աջակցում է Ադրբեջանին, թեպետ նա Մինսկի խմբի անդամ է եւ կարող էր առավել կառուցողական դիրքորոշում հայտնել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կստացվեր, եթե ՆԱՏՕ-ն էլ խառնվեր: Ռիսկերը բազմաթիվ էին, եւ հենց դրանով էլ թելադրված էր Ռուսաստանի զուսպ քաղաքականությունը: Այդուհանդերձ, ՌԴ-ն կշարունակի փնտրել լուծումներ, որը կբխի նաեւ իր հետաքրքրություններից:

«ՄԻՆՉ ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԼՂ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ, ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՆ ԷԼ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ ԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ»

–Անդրադառնանք նաեւ Ձեր դիտարկումներին` ՀԱՊԿ անդամ, ԵՏՄ գործընկեր Բելառուսի վերաբերյալ, որը ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Ադրբեջանին, որի «մեղքն», ըստ էության, այն էր, որ եղել էր Լեռնային Ղարաբաղում:

– Լապշինի պատմությունը մի քանի մասից է բաղկացած. մեկը վերաբերում է ռուս-բելառուսական երկկողմ հարաբերություններին, երբ ցինիկաբար մարդու կյանքն օգտագործվում է որպես գործիք իրենց դժգոհությունն արտահայտելու համար, երկրորդը վերաբերում է հետխորհրդային ինտեգրացիոն խնդիրներին: Այսօր ինտեգրացիոն օրակարգը ձեւավորվում է խորհրդային հիշողության հիման վրա, ոչ թե` այսօրվա խնդիրների: Երբ անդրադառնում ենք այսօրվա խնդիրներին եւ մարտահրավերներին, ապա պետք է հասկանանք, որ Հայաստանի, Բելառուսի ու Տաջիկստանի տեսակետներն ընդհանուր առմամբ ոչ միշտ կարող են համընկնել: Վերադառնալով Լապշինի խնդրին` պետք է մի կարեւոր պահ առանձնացնել. երբ ասում ենք` Արցախում մարդիկ ապրում են, սովորում, ամուսնանում, բաժանվում, ու իրենք պատրաստ չեն Ադրբեջանը համարել իրենց հայրենիքը, իսկ ինչպե՞ս մարդիկ իմանան այդ մասին, եթե չեն եղել այնտեղ: Դրա համար լրագրողը, փորձագետը ինչ-որ կերպ պետք է լինի այնտեղ: Ես Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվել եմ 2014 թվականին, չնայած անկեղծորեն ասեմ, որ երբեք կոչեր չեմ հնչեցրել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, որովհետեւ չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, անգամ Աբխազիայի դեպքում նման կոչեր չեմ հնչեցրել: Ի վերջո, պետք է կարողանալ կոնֆլիկտը լուծել, իսկ մնացած հարցերը կլուծվեն եւ հետո: Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ինչպես, օրինակ, աստղագետը պիտի զբաղվի աստղագիտությամբ` առանց աստղերին աստղադիտակով հետեւելու: Եթե ինձ համարում եմ կովկասագետ, ուրեմն` պետք է լինեմ կովկասյան երկրներում: Ասեմ, որ Ադրբեջանում էլ եմ եղել եւ դեռ մեծ հաճույքով կլինեի: Եթե իրենք էլ են ուզում, թող ինձ հրավիրեն Բաքու, դեմ չեմ, կգնամ ու ելույթ կունենամ եւ կասեմ այն, ինչ ասում եմ այստեղ: Մի՞թե Մարկոդոնովի այցը Ղարաբաղ այն հարցն է, որը խանգարում է ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը: Եթե ամբողջ վտանգը իմ այցն է եղել, բարի, կարող եմ եւս մի քանի տարի չմեկնել Բաքու, թեպետ այդ քաղաքն ինձ շատ դուր է գալիս, այնտեղ շատ ընկերներ ունեմ եւ բազմաթիվ հարցազրույցներ եմ տալիս ադրբեջանական ԶԼՄ-ներին ու միշտ բաց եմ աշխատել: Խնդիրն այն է, որ ԼՂ հիմնախնդիրը  պետք է լուծվի բանակցությունների, փոխադարձ զիջումների ճանապարհով, եւ Ադրբեջանը պետք է հասկանա,որ Մոնսերատ Կաբալիեին կամ Մարկեդովոնին «սեւ ցուցակ» գցելով` ԼՂ կոնֆլիկտը չի լուծվում: Այնպես որ, այն, ինչ տեղի ունեցավ Ա. Լապշինի հետ, մեղմ ասած,  տարօրինակ էր: Եվս մեկ անգամ կրկնում եմ` պատրաստ եմ գնալ Բաքու եւ պատասխանել նրանց բոլոր հարցերին, ավելին` եթե քննադատեն Ռուսաստանին, խոստանում եմ ուշաթափ չլինել, շատ բան եմ լսել եւ պատրաստ եմ տարբերակներ քննարկել: Վերջիվերջո, մինչ մենք այստեղ ԼՂ կոնֆլիկտն ենք քննարկում, սահմանում երկու կողմերն էլ հարազատներ են կորցնում, ու պետք է դրան վերջ դնել:

«Ո՞Վ ՊԵՏՔ Է ԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԶԻՋՈՒՄԸ»

– Դուք նշեցիք, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով: Ձեր պատկերացմամբ` մինչեւ ի՞նչ կարգի փոխզիջումն է իրատեսական:

– Հնարավորինս անկեղծ կպատասխանեմ, Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մասին խոսելիս` պետք է նկատի ունենանք, որ սեղանին դրված է երկու հարց` ստատուս քվոն եւ, ինչպես ուզում եք անվանեք, այն տարածքները, որոնք Լեռնային Ղարաբաղի շուրջ են: Այդ տարածքներն Ադրբեջանը համարում է օկուպացված, Հայաստանը` անվտանգության գոտի, իսկ Լեռնային Ղարաբաղում այն համարվում է ազատագրված տարածքներ: Ահա եւ ողջ բանավեճը: Հարցն այն է, թե ո՞վ պետք է առաջինն անի այդ զիջումը, եւ ինչպես գտնել այդ մեխանիզմը, որը թույլ կտա գնալ նման փոխզիջման: Կարող եք ինձ ծեծել մեր զրույցից հետո, բայց պետք է ընդունեք, որ ո՛չ այս, ո՛չ մյուս կողմը չի կարող չգնալ փոխզիջման: Սակայն, խնդիրն այն է, որ վաղը եթե այնտեղ մտնի ադրբեջանական զորքը եւ այն օգտագործի` որպես նոր մարտավարական դիրքեր, հետագա ներթափանցման համար, ի՞նչ պետք է ասենք հետո: Պետք է ասենք` կներեք, մենք շտապել էինք, չպետք է զիջեին, եկեք դուք հե՞տ գնացեք: Այս հարցը պետք է այսօր քննարկել եւ միեւնույն ժամանակ հստակեցնել, թե ինչ է նշանակում ժամանակավոր ստատուս քվո, ինչ է հանրաքվեն: Կներեք, պեսիմիզմի համար, բայց ինչպես ասում են` ավելի լավ է բժիշկն ասի իրականությունն ու բուժում առաջարկի, քան ջերմ խոսքեր շռայլի ու չբուժի:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՆԵՐՔԻՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՐԵՄԼԻ ԹԻՎ ՄԵԿ ՀԱՐՑՆ Է»

– Խոսենք նաեւ հայաստանյան առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին. շատ է խոսվում մեր իրականության մեջ Ռուսաստանի ազդեցության մասին: Ի՞նչ սպասումներ ունի ՌԴ-ն այս ընտրություններից: 

– Հաճախ է քննարկվում, թե կովկասյան երկրները որքանով են սուվերեն ու անկախ, բայց չգիտեմ` լիարժեք անկախություն որտե՞ղ է լինում: Չէ որ անգամ Ռուսաստանը լիովին անկախ պետություն չէ, քանի որ նրա տնտեսության վրա էլ իրենց ազդեցությունն ունեն արեւմտյան սանկցիաները, ինչպես նաեւ կան որոշումներ, որոնք կայացվում են Արեւմուտքի հետ միասին: Հետեւաբար, իհարկե, հայաստանյան քաղաքականության մեջ կա  Ռուսաստանի ազդեցությունը: Խնդիրն այն չէ, որ լավ է, թե` վատ, պարզապես, փաստ է: Բայց չեմ կարծում, որ հայաստանյան ներքին օրակարգային խնդիրները Կրեմլի թիվ մեկ հարցն է, կամ, օրինակ, Կրեմլը ուզում է այս կամ այն կուսակցությունը հաղթի ընտրությունների ժամանակ: Խնդիրն այն է, թե որքանով ՌԴ-ի հետ հարաբերությունները կլինեն դրական: Առավել մտահոգիչ է այն, որ ՀՀ-ում կան փողոցային քաղաքականության ավանդույթներ, եւ դրանք  եղել են ավելի վաղ, քան գունավոր հեղափոխություններն են ներթափանցել մեր քաղաքականություն: Հիշենք Ղարաբաղյան շարժման ֆենոմենը, երբ Մոսկվայում երկմտում էին հարցի շուրջ, այստեղ մասսայական ցույցեր էին տեղի ունենում: Այնպես որ, այսօր ուղղակի կա մտավախություն` քաոսային իրավիճակների, ինչ-որ անհասկանալի գործընթացների սկսման` հրահրված ամբոխի կողմից, իսկ մնացած առումներով որեւէ անհանգստություն չունենք: Երբեմն ինձ ասում են` հասկանում եք, որ խորհրդարան կգա մի նոր սերունդ, որոնք Ռուսաստանին լավ չեն ճանաչում: Ես էլ պատասխանում եմ` կգա մեկը, որը Գլենդելում է սովորել, ապա Հարվարդում դոկտորական է պաշտպանել ու անգամ ռուսերեն չգիտի, բայց երբ երկու-երեք օր աշխատի նախագահի կամ վարչապետի աշխատակազմում, կհասկանա, որ առանց Ռուսաստանի չի լինի: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը համարվում էր այլախոհ, Խորհրդային Միության փլուզման հիմքերում է կանգնած, Հայաստանին դարձրեց Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Սա ունիկալ երեւույթ է, եւ եթե մյուսներն էլ կարողանային Ռուսաստանին տարբերակել Խորհրդային Միությունից, լավ կլիներ: Ինչ վերաբերում է նոր խորհրդարան եկող «կրեատիվ» հայերին, որոնք վատ գիտեն ռուսերեն, համենայնդեպս, գոնե լավ գիտեն իրենց երկրի պատմությունն ու դիրքը, եւ հուսով եմ, որ կկարողանան ռացիոնալ որոշումներ կայացնել: Այս իմաստով ՌԴ-ի հետաքրքությունները ՀՀ-ում կայանալիք ԱԺ ընտրությունների վերաբերյալ կրում են առավել համակարգային բնույթ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА