ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.02.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

«Քաղաքական պայքարում, ինչպես եւ մարտում, շատ կարեւոր են ոգին, վստահությունն ու հավատը սեփական ուժերի եւ հաղթանակի նկատմամբ: Միասնությունը ուժ է: Եվ ինչպես միասին կերտել ենք հաղթանակը Արցախյան գոյամարտում, այնպես էլ միասնական բարեկեցիկ, արժանապատիվ ապագա ենք կառուցելու մեր ժողովրդի համար: Շնորհակալ եմ, տղե՛րք»: Ի՞նչ եք կարծում, ով է այդ գեղեցիկ խոսքի հեղինակը: Դա պաշտպանության նախկին նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ է, բայց հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է հարգարժան պարոնը բարեկեցիկ եւ արժանապատիվ ապագա կառուցելու ժողովրդի համար: Չլինի՞ բարեկեցության մասով շատ պիտանի է լինելու Վահագնի թաղամասում նրա դղյակաշինության փորձը: Իսկ ինչ վերաբերում է արժանապատիվ ապագային, ապա զարմանալի է, ինչպե՞ս է ազատամարտի մասնակից գեներալը դաշինք կազմում Վարդան Օսկանյանի հետ, ով քիչ էր մնում իրականացներ տխրահռչակ «Մեղրիի տարբերակը», իսկ 2001-ին ամեն կերպ գովաբանում էր ոչ միայն տարածքների հանձնումը, այլեւ Ադրբեջանի հետ Արցախի «ընդհանուր պետության» տարբերակը...
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերը բերել էին կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը, մամուլի քարտուղար Սոնա Մինասյանը, ցուցակում ընդգրկված «Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի Վաղինակ Շուշանյանը: Այդտեղ զարմանալին այն է, որ ՎԱՂԻՆԱԿ ՇՈՒՇԱՆՅԱՆԸ ներկայացել էր մեծ ծաղկեփնջով: Երեում է, շատ ազատ է ու շատ դեմոկրատ է, որ որոշել էր ԿԸՀ նախագահին ծաղկեփունջ նվիրել, ու զարմանալի չէ, որ միանգամից լրագրողների եւ Ֆեյսբուքի օգտատերերի միջավայրում ծավալվեցին կատակները: Որ եթե ծաղկեփունջ կա` տորթ էլ է պետք, եթե տորթ` ապա խմիչք, եւ, երեւի թե, Ծառուկյանի գործարանն  ապահովի կոնյակով, եթե խմիչք կա` խորոված էլ է պետք, դե, Սեյրան Օհանյանն էլ կապահովի խորովածով, որը պատրաստված է իր պաշտոնավարման օրոք բանակին մատակարարվող գոմշի մսից: Դե ինչ, կարծես թե, ընտրարշավը ուրախ է մեկնարկում:
Իակ կաշի քերթող ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ էլ ֆանտաստիկ բաներ է խոսում: Ֆանտաստիկայի ժանրից չէ արդյո՞ք ՀՀ-ում նավթի ու գազի պաշարներ լինելու մասին տեղեկությունը. հետաքրքրվեց մեկ այլ լրագրող: «Ոչ, ֆանտաստիկայի ժանրից չէ: Դրանք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն` արդյունահանման տեսանկյունից: Եվ, առհասարակ, մեր երկրում հարուստ պաշարներ ունենք»: Դե, իսկ Արկադի Փելեշյանի` ՕԵԿ-ին դավաճանելու լուրերի մասին հարցից էլ, հարգարժան պարոնը փրփրեց.  «Դավաճաններ մեր մեջ մի փնտրեք, կրկնում ենք 1500-րդ անգամ: Եվ, առհասարակ, Աստված թող նզովի նրան, ով դավաճանել է»: Դե, կարելի է հասկանալ, մարդը երեւի հիշեց, թե ինչպես իր եւ բրիտանացի դիվանագետների զրույցի գաղտնաձայնագրումից հետո Ռոբերտ Քոչարյանն իրեն հրապարակավ դավաճան էր անվանել:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` բոլոր մրցակից քաղաքական ուժերին անվանելով «շան տղերք»: Թե արդյոք ընկեր Աղվանը առյուծի սիրտ էր կերել այդպիաի բան հնչեցնելու համար, դա չգիտենք: Բայց եթե բոլորին է անվանում, ուրեմն անվանում է նաեւ կոալիցիոն գործընկերո՞ջը: Այնուամենայնիվ, հնչեցնենք այդ հռետորական հարցադրումը, չէ՞ որ ինչպես ասում է ժողովուրդը` դուզ հարցը հո շանտղություն չի՞: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА