ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎԸ ՓԱԿՈՒՂՈՒՑ ՀԱՆՈՂ ԵԼՔԵՐ ՉԻ ԳՏՆԻ

17.02.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎԸ ՓԱԿՈՒՂՈՒՑ ՀԱՆՈՂ ԵԼՔԵՐ ՉԻ ԳՏՆԻ

Փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց կկատարի ՌԴ: Ի թիվս այլ հարցերի, ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում կլինի նաեւ «տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրները», այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված՝ «Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»:ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ 
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՍՊԱՍՎՈՂ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ
Նկատենք, որ թեեւ այդ այցին դեռ բավականին ժամանակ կա, սակայն դրան մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի միջոցով անդրադարձավ նաեւ ՌԴ ԱԳՆ: «Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած երկխոսության շարունակությունը՝ ուղղված քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը... Հատուկ ուշադրություն կդարձվի ընդհանուր ինտեգրացիոն միությունների եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խնդիրներին»,- ընդգծեց խոսնակը, ապա միայն հավելելով, որ օրակարգում կլինի նաեւ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման»:
Նման ընդգծված տոնայնությունը, երբ Զախարովայի ամեն բառի տակ դժվար չէ տեսնել այն իմաստը, թե ինչ բարձր մակարդակում է հայ-ռուսական գործակցությունը, հազիվ թե միայն սովորական սիրալիրություն լինի: Իհարկե, Լապշինի պատմությունն էլ որոշակիորեն սրեց Բաքվի նկատմամբ ռուսական դիրքորոշումը: Սակայն Զախարովայի խոսքը, ավելի շուտ, դա դիվանագիտական լեզվով արված ակնարկ է, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին նույն տոնայնությունը կվերաբերի նաեւ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային»: Հասկանալի է, ասվածը չի նշանակում, որ այդ Լավրով-Նալբանդյան հանդիպումից ղարաբաղյան բանակցություններում ինչ-որ տեղաշարժերի պետք է սպասել: Բայց նաեւ դժվար չէ կռահել, որ նման տոնայնությունը Բաքուն իրեն հասցեագրված մեսիջ է համարելու: Առավել եւս, որ Լավրովը դեռ հունվարի կեսերին միանգամայն բարձր երանգներով խոսեց, նույն «Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների» մասով չկա առաջընթաց, հիմա նույնը պատրաստվում է եւս մեկ անգամ Նալբանդյանի հետ քննարկել: Կարճ ասած, այն տպավորությունն է, որ բավականին ժամանակ է, որ Մոսկվան Բաքվին ինչ-որ բան է հասկացնում, ընդ որում, գնալով ավելի ընդգծված երանգներով:
Թե ինչ, դեռ դրան կհասնենք: Բայց նախ այս հանգամանքն էլ հաշվի առնենք: Որպես կանոն, ԱԳ նախարարների այցերի մասին, այն էլ՝ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ չի բարձրաձայնվում: Բայց այս անգամ այդ ստանդարտը խախտվեց, որը, թերեւս, պետք է կապել այն բանի հետ, որ մինչ մոսկովյան այցը, օրակարգում հայտնվեց նաեւ Մյունխենում երեկ մեկնարկած անվտանգության հարցերով գագաթաժողովում հանդիպում ունենալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ. համենայնդեպս, դժվար թե պատահական լիներ նաեւ այն փաստը, որ մոսկովյան այցի լուրը բարձրաձայնվեց հենց մյունխենյան կոնֆերանսի նախօրեին: Իհարկե` ասել, թե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ինչ-որ սպասելիքներ կան, էլի միամտություն կլիներ: Այսինքն` տպավորությունն այն է, որ Մյունխենից առաջ Մամեդյարովին, այսինքն՝ Բաքվին եւս մեկ անգամ հիշեցրին, թե ՌԴ-ն ¥այն էլ, գնալով կոշտացող տոնայնությամբ¤ եւ Հայաստանը ղարաբաղյան օրակարգում այս պահին որ հարցն են առաջին պլանում տեսնում՝ «Վիեննայում եւ ՍանկտՊետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների» իրականացումը: 

ԲԱՔՎԻ 
ԱՄԵՆԱՄԵԾ ԳԼԽԱՑԱՎԱՆՔԸ
Բայց հենց այդ պայմանավորվածությունների կատարումն է, որ այսօր դարձել է Բաքվի ամենամեծ գլխացավանքներից մեկը եւ համառորեն տորպեդահարում է այդ գործընթացը: Թե ինչու, դժվար չէ հասկանալ. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչպես հայտնի է, նախատեսում է հստակ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան սահմանային միջադեպերի պարագայում կոնկրետ մատնանշել, թե կողմերից որն է նախահարձակ եղել: Իսկ դա Բաքվի համար լուրջ խնդիր է՝ պետք եղած պահին սահմանը թեժացնելու միջոցով քաղաքական գործընթացներից խուսափելու արդեն մի քանի տարի կիրառվող քաղաքականությունը շարունակելու հարցում: Այսինքն, եթե մի քանի անգամ ֆիքսվի, որ ադրբեջանական բանակն է խախտել հրադադարի ռեժիմը, հաստատ Բաքուն արդեն ապացույցներով հանդերձ կընկալվի, որպես տարածաշրջանային մթնոլորտը թեժացնող կողմ: 
Եվ այստեղ խնդիրն ամենեւին էլ միայն արտաքին քննադատությունը չէ, որը հնարավոր է անտեսել: ՌԴ-ն, ասենք նաեւ՝ Իրանը, քանիցս բացահայտորեն ասել են, որ Հարավային Կովկասում ամեն մի նոր շիկացում ընկալում են, որպես հենց իրենց ուղղված հարված: Պատճառներն էլ դժվար չէ տեսնել. չկրկնենք: Այսինքն, եթե արդեն կոնկրետ ֆիքսվի, որ Բաքուն է գնում այդ թեժացմանը, Մոսկվայի եւ Թեհրանի հետ Բաքվի առանց այդ էլ բավականին նյարդային դարձած հարաբերությունները հաստատ անկանխատեսելիորեն կսրանան: Դա մեծ ռիսկ է Ալիեւի համար: Արդյունքում` սահմանային վերահսկման մեխանիզմների ներդրման դեպքում նա պետք է որոշի. կա՛մ ամեն ինչ մի կողմ թողնելով գնալ մասշտաբային պատերազմի, աչքի առաջ ունենելով այն հեռանկարը, որ հայկական ուժերի հակահարձակման դեպքում Մոսկվան անցած ապրիլի օրինակով հազիվ թե դա կանգնեցնի: Կա՛մ էլ կմնա ավելի հավանական տարբերակը՝ հրաժարվել սահմանային սրացումներից: Եվ այս դեպքում էլ նորից երկու տարբերակ կմնա. գնալ ռեալ բանակցությունների, որի վերջնագծում պարզորոշ երեւում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մյուս տարբերակով, կարող է հրաժարվել ինչ-որ բան ստորագրել եւ առկա ստատուս-քվոյի պահպանմամբ, սպասել իրավիճակն իր օգտին շրջելու հարմար առիթի:
Ընդ որում, այս երկրորդ տարբերակի դեպքում անգամ իր համար որոշակի ռիսկեր պետք է աչքի առաջ ունենա: Եվ ամենաէականը. կովկասյան տարածաշրջանը, գաղտնիք չէ, որ կարեւորագույն դեր ունի ինչպես «Մետաքսի ճանապարհի» համար, այնպես էլ՝ ՌԴ-Իրան առեւտրատնտեսական կապերի: Դա նշանակում է, որ ոչ միայն այդ ծրագրերի մեջ ներգրավված առանցքային ուժերի, այլ մինչեւ իսկ Ադրբեջանի «մեծ եղբոր»՝ Թուրքիայի համար արդեն մեկ-երկու տարում առաջնային հարց է դառնում հարավկովկասյան տարածաշրջանի կոմունիկացիոն թափանցիկության հարցը: Չնայած, երբ Թուրքիայի տրանսպորտի նախարարն օրերս հրապարակավ ափսոսանք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանը մնում է փակ, դա հուշում է, որ արդեն հիմա էլ այդ թափանցիկության խնդիրը կուլուարային քննարկումների փուլում է: Իսկ ղարաբաղյան խնդիրն այս տեսքով խանգարում է այդ գլոբալ շահերին: Արդյունքում` Ալիեւը կգնա ռեալ հաշտության պայմանագրի, լավ: Չի՞ գնա՝ նախընտրելով գոնե այս անորոշ կարգավիճակն ու ստատուս-քվոն պահպանել, իր գործն է, բայց դա չպետք է խանգարի կոմունիկացիոն թափանցելիությանը. մեխանիզմներ անգամ այս ստատուս-քվոյի պարագայում հնարավոր է գտնել: Իսկ այդ դեպքում, ով իմանա, թե քանի տասնամյակ Բաքուն պետք է սպասի, որ իրավիճակն իր օգտին շրջվի:
Արդյունքում` սահմանային միջադեպերի վերահսկողության մեխանիզմների ներդրման պարագայում հետագա զարգացումների ձեռնտու տարբերակներ Ալիեւին պարզապես չեն մնում: Մոսկվան էլ համառորեն այդ մեխանիզմների մասին է խոսում, եւ նկատենք, միանգամայն ծանր դիրքերից. ի վերջո, Ալիեւն անձամբ է երկու՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում այդ մեխանիզմների ներդրման պատասխանատվություն ստանձնել, եւ եթե հիմա պարզապես կանգնի եւ հրաժարվի դրանցից, ապա արդեն առանց այդ մեխանիզմների էլ՝ հրադադարի բոլոր խախտումներն ուղղակիորեն կկապվեն նրա հետ՝ դրանից բխող հիշատակված հետեւանքներով հանդերձ: Ժամանակ էլ գրեթե չի մնում. դժվար չէ ենթադրել, որ հայաստանյան ընտրություններից անմիջապես հետո այս թեման միանգամից կհայտնվի օրակարգային առաջին պլանում:
Չնայած, Ալիեւին կարող են որոշակի հույսեր տալ Իրանի շուրջ նորից տաքացող իրավիճակը: Բանը հասել է նրան, որ ըստ «Wall Street Journal»-ի` Թրամփի վարչակազմն արաբական երկրների հետ բանակցում է՝ Իրանին ուղղված եւ Իսրայելին հետախուզական տեղեկություններով ապահովող ռազմական դաշինք ստեղծելու շուրջ: Իհարկե, այս պնդումն ավելի շուտ նմանվում է հերթական տեղեկատվական կեղծիքի: Բայց եթե անգամ այդպես չէ, եւ Թրամփն իրականում էլ հակաիրանյան ռազմական դաշինք ստեղծի եւ կիրառման մեջ դնի, ապա դա կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմ:
Վերջապես, Ալիեւը փորձեց նաեւ ղարաբաղյան թեման իր ներքին գործ համարելու տարբերակով խուսափել իր համար այդքան վտանգավոր պայմանավորվածություններից: Բայց ասել, թե նա որեւէ շանս ունի ողջ բանակցային ձեւաչափն այդ կամ այլ տարբերակներով ձեւափոխել, միամտություն կլիներ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА