ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ. ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԸՆՏՐՈՂԻՆ

17.02.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ. ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԸՆՏՐՈՂԻՆ

Եվ այսպես, 9 քաղաքական ուժեր` 5 կուսակցություն եւ 4 դաշինք, ներկայացրել են իրենց փաստաթղթերը ԿԸՀ: Խոշոր հաշվով, այս անգամվա ընտրապայքարի մասնակիցները այնքան էլ շատ չեն` նախորդ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացնողներն ավելի շատ էին: Ու նաեւ որոշակի բաներ ստույգ հայտնի են` որ խորհրդարանում չի լինելու ճղճղան Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ մի շարք մականունավոր դեմքեր: Այժմ դիտարկենք մասնակիցներին: ԴԱՇԻՆՔՆԵՐ` 
ԿԵՂԾ ԵՎ ԻՐԱԿԱՆ
Թեեւ 4 քաղաքական ուժ կոչվում են դաշինք, իսկ «Հայկական վերածնունդը» նոմինալ համարվում է մեկ կուսակցության մեջ միաձուլված բազում կուսակցությունների եւ ՀԿ-ների դաշինք, սակայն իրական դաշինքներ մենք գրեթե չենք տեսնում: 
Ամենախոշոր եւ հավակնոտ դաշինքը` Ծառուկյան դաշինքը, նոմինալ համարվում է ԲՀԿ-ի, «Ալյանսի» եւ «Առաքելության» դաշինք: Սակայն «Ալյանսը» ներկայացնող Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ-ի «հին, բարի» թիմից է, ու երբ դիտարկում ենք ցուցակը, տեսնում ենք, որ այն գործնականում ԲՀԿ-ի ցուցակ է: «Առաքելությունը» ներկայացված է այն մարդկանցով, ովքեր 2008-ի նախագահական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի թիմից էին, իսկ ՀՀՇ-ն` որպես կուսակցություն, դաշինք կազմելու հուշագրում էլ չկա, եւ ընդամենը Արարատ Զուրաբյանը, որպես անհատ, ընդգրկված է:
Ծառուկյան դաշինքում գաղափարախոսությունը` որպես այդպիսին, բացակայում է, ու նաեւ նկատվում է, որ, ըստ էության, այդ ուժի հիմնական նպատակն է պահպանել օլիգարխիայի դիրքերը: Ի դեպ, այնտեղ նաեւ ապաստան են գտել ՀՀԿ-ի կողմից խոտանված որոշ օլիգարխիկ դեմքեր: Այնպես որ, չնայած պատկառելի ռեսուրսի, որպես գաղափար` այդ դաշինքը ընտրողներին ներկայացնելու բան չունի: 
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն էլ թեեւ դաշինք է կոչվում, բայց երբ դիտարկում ես այդ դաշինքի ցուցակը, ապա տեսնում ես, որ նույն ՀԱԿ-ի դեմքերն են` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: 
Եթե այդ դաշինքը հատի 7 տոկոսի շեմը, ապա միակ ՀԺԿ-ականը, ով կհայտնվի խորհրդարանում, նույն Ստեփան Դեմիրճմյանն է, ում ծպտունը տարիներով չէինք լսում:  Այդտեղ էլ գաղափարախոսություն չկա, եթե, իհարկե, գաղափարախոսություն չհամարենք ԼՏՊ-ի առաջ քաշած արգահատելի թրքասիրությունը, պարտվողականությունը եւ հող հանձնելու մարմաջը: 
«Հայկական վերածնունդն» էլ, որպես նոր բրենդով նախագիծ, ուր ներառել էին կուսակցությունների եւ ՀԿ-ների երկար ցուցակ, չհաջողվեց: Թեկնածուների ցուցակում էլի, բացի նույն վաղուց հայտնի ՕԵԿ-ականներից, մարդ չենք տեսնում, նոր դեմքեր չկան: Գաղափարախոսություն էլ չկա, ինչպես միշտ Արթուր Բաղդասարյանի թիմը ընտրողներին ներկայացնում է մաքուր պոպուլիզմ: 
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, խոշոր հաշվով, մնացել է նույն Օհանյան-Օսկանյան (ՕՕ) դաշինքը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ում անունը պաշտոնապես խցկել են դաշինքի անվան մեջ, 11-րդ տեղում է, եւ միակ «ժառանգականը», ում հասել է անցողիկ (2-րդ) տեղ, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է: Տպավորությունն այնպիսին է, որ ցուցակը կազմողը Ռոբերտ Քոչարյանն էր, կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը, քանզի այն հիմնականում բաղկացած է Օսկանյանի կուսակցության ներկայացուցիչներից: Գաղափարական ոչինչ չկա եւ չի էլ կարող լինել, քանզի այնտեղ տեսնում ենք «աբիժնիկական» կեցվածքով 3 նախկին նախարար, Տիգրան Կարապետիչի պես կոլորիտային ֆիգուրը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, ու գումարած դրան լեցուն են Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի տիպի ագրեսիվ քարոզիչները: 
Թերեւս միակ իրական դաշինքը «Ելք»-ն է, ուր առկա են նաեւ նոր դեմքեր, կա մոտեցումների թարմություն եւ քչից-շատից գաղափարական մոտեցում, քանզի «Ելք»-ը հանդես է գալիս որպես արեւմտյան եվրաարժեքներ դավանող ուժ: 

ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐ 
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ
ՕՕ դաշինքը, չնայած խայտաբղետությունը, այնուամենայնիվ, պետք է դասել արեւմտամետ ուժերի կարգին, քանզի այդտեղ ամենախոշոր բաղադրիչը ամերիկացի Վարդան Օսկանյանի կուսակցության կադրերն են, իսկ թվաքանակով հաջորդը` «Ժառանգության» մնացորդները: Սույն դաշինքն իրեն դրսեւորում է որպես ծայրահեղական, ինչ-որ տեղ հակապետական, «նարնջագույն» ուժ, քանզի նրանց հիմնական ձգտումը գործող իշխանությանը գցելն է: Այն, որ Րաֆֆին հայտնվել է ոչ անցողիկ տեղում, գալիս է թերեւս նրանից, որ ստվերային տիկնիկավարները այդ ոչ ադեկվատ եւ ցանկացած հաջողություն ձախորդության վերածող կերպարի, չեն ուզում տեսնել խորհրդարանում, եթե, իհարկե, դաշինքը հաղթահարի 7 տոկոսանոց շեմը, ինչը քիչ հավանական է: Ամենայն հավանականությամբ, ՕՕ դաշինքի հիմնական ֆունկցիան հետընտրական աղմուկն է, ու խորհրդարանում չհայտնվելը, կամ մի կերպ 7 տոկոսանոց շեմը հաղթահարելը հռչակվելու է ստույգ վկայություն, իբի տեղի են ունեցել համատարած կեղծիքներ: Հենց դրա համար էլ կազմ ու պատրաստ սպասում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը եւ այլ հայտնի սփյուռքահայեր, որպեսզի ընտրություններից հետո Երեւանի փողոցներում աղմուկ սարքեն: Ի դեպ, ՕՕ դաշինքի «նարնջագույն» բնույթի վկայությունն է եւ, այսպես կոչված, «քաղբանտարկյալների» ընդգրկումը ցուցակում... 
Իսկ «Ելք» դաշինքը որոշ շրջանակների կողմից որակվում է նույնիսկ որպես իշխանամետ: Այն, կարծես թե, հիմնականում զերծ է ծայրահեղություններից, բայց իհարկե, այնտեղ առկա է պոպուլիզմի մեծ չափաբաժին, ինչը բնական է, քանզի այդտեղ կա Նիկոլ Փաշինյանը: Ամենայն հավանականությամբ, «Ելք» դաշինքը, լինելով ընդդիմադիր դաշտում թարմություն բերող ուժ, կկարողանա հաղթահարել 7 տոկոսանոց շեմը եւ գալ խորհրդարան:
«Ազատ դեմոկրատները» նույնպես հստակորեն արեւմտամետ ուժ են եւ առայժմ հեռու են կտրուկ քայլերից եւ հայտարարություններից: Այն գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, իսկ 2-րդ տեղում առոք-փառոք թառել է որձ կովերի մեծն մասնագետ Հրանտ Բագրատյանը: Այդտեղ պատվավոր տեղերում ընդգրկված են եւ նախկին «ժառանգականներ» Անահիտ Բախշյանն ու Ստյոպիկ Սաֆարյանը: Սակայն ցածր է հավանականությունը, որ «Ազատ դեմոկրատներին» հաջողվի հաղթահարել 5 տոկոսանոց շեմը եւ գալ խորհրդարան: Ի դեպ, նույնքան ցածր շանսեր ունեն եւ հակաարեւմտականության մարմնացում կոմունիստները, թեեւ Տաճատ Սարգսյանի եւ Վազգեն Սաֆարյանի կոմկուսները հանդես են գալիս լրիվ միասնաբար: 

ՀՀԿ-Ն ՄԵԾ 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՄՏՑՐԵԼ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Եթե ընդդիմադիրների բացարձակ մեծամասնությունը գրեթե ամեն ինչ անփոփոխ են թողել իրենց ցուցակներում, եւ նույն թերությամբ տառապում են նաեւ զառամյալ կուսակցության` ՀՅԴ-ի ներկայացուցիչները, ապա իշխող կուսակցությունը շահեկանորեն տարբերվում է: 
ՀՀԿ-ի ցուցակի անցողիկ մասը զգալիորեն թարմացվել է, ավելացել են նոր դեմքեր, այդ թվում` եւ երիտասարդ: Առաջին եռյակը` Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան, բավականին թարմ իմիջ է հաղորդելու ՀՀԿ-ին ընտրարշավի ընթացքում: Գումարած դրան, ցուցակի անցողիկ մասում` առաջին 64 տեղերում, չենք տեսնում օլիգարխիկ, մականունավոր դեմքեր: Դե, իսկ ռեյտինգային ընտրակարգում, թերեւս այդ կատեգորիայից քչերի բախտը կբանա, քանզի, եթե մի քիչ պարզունակ ասենք` ռեյտինգային համակարգը բերում է նրան, որ ջանքեր ներդնող «մականունավորները» քվե են վաստակում «գալստուկավորների» համար: 
Այնպես որ, ՀՀԿ-ն իր ցուցակով կարող է փոփոխությունների առաջամարտիկ համարվել: Եթե «Ելքը» փոփոխությունների մարմնացում է ընդդիմադիր դաշտում, ապա ՀՀԿ-ն` իշխանական դաշտում: Նաեւ հետաքրքիր քայլ էր այն, որ երկրի նախագահն ու վարչապետը ընդհանրապես չեն ընդգրկվել ընտրացուցակում: 
Ինչեւէ, սպասվում է բավականին հետաքրքիր ընտրարշավ: Իսկ այն, որ մասնակիցները ընդամենը 9 ուժեր են, ինչ-որ տեղ գալիս է նաեւ մեր ընտրողներից: Հայ ընտրողը բավականին փորձառու է, նրան գեղեցիկ խոսքերով խայծ չես տա, ու նաեւ շատ լավ գիտի, թե հատկապես որ` ոսկե սարեր խոստացող ուժերին չի կարելի անշահախնդիր սիրել: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА