ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «ԿԱՐԾԵՍ ԹԵ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԵՄԵՐ»

15.02.2017 20:20 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
 «ԿԱՐԾԵՍ ԹԵ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԵՄԵՐ»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի ՀԱՍՄԻԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ օրերս վերադարձել էր Բելգիայի ֆլամադական թատրոնից: Երգչուհին ութ ներկայացումով հանդես է եկել Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում` գիշերային թագուհու դերերգով: «Իրավունքի» հետ զրույցում Հասմիկը, կարեւորելով այն, շեշտեց, որ սրանով նոր դերերգ է գրանցել իր երգացանկում:

«8 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ»
-Ութ ներկայացում ունեցա այնտեղ, այն բեմել էր ինձ համար, նոր դեր գրանցվեց իմ երգացանկում, որը շատ համապատասխան է իմ ձայնին: 
Բելգիայի թատրոնում արդեն սա իմ 3-րդ պայմանագիրն էր, բայց այդ երեք Image may contain: 1 person, textպայմանագրերից սա, երեւի թե, ինձ համար ամենասիրելի դերն էր, որը  աշխարհում քիչ երգչուհիներ են կատարում: Հուսով եմ, այն կդառնա ինձ համար այցեքարտի նման մի դեր, որովհետեւ ձայնային, երգչական, տեխնիկայի առումով եւ ընդհանուր տրամադրությամբ շատ եմ զգում այդ դերը:
- Բելգիայից ի՞նչ բերեցիք Հայաստան:
- Մեծ փորձառություն... Երբեք չեմ սովորել Եվրոպայում, ստացվել է այնպես, որ միանգամից անցել եմ աշխատանքի, որը շատ հազվադեպ է հանդիպում: Դա ինձ համար ուրախալի, բայց նաեւ պարտավորեցնող փաստ է, քանի որ այն խնդիրները, որ կկարողանայի լուծել Եվրոպայում ուսման ընթացքում` ե՛ւ լեզուն, ե՛ւ եվրոպական խոհանոցը, ստիպված եմ անել ամեն անգամ աշխատանքի մեջ: Այն շատ կարճ ժամանակ է, եւ պետք է հարյուր տոկոսով լինել ուշիմ,  կենտրոնացած, որպեսզի կարողանաս կարճ ժամանակում մտնել այդ ամենի մեջ եւ չտարբերվել: Քանի որ իմ խաղընկերները մեծամասնությամբ պրոֆեսիոնալ են, պետք է կարողանամ մեծ քայլերով քայլել նրանց հետ, հասնել ու հաճախ նաեւ անցնել նրանց, ինչը կրկնակի հաջողություն է:

«ԲԵՄԵԼՆԵՐԻ ՏԱՐԻ ԷՐ»
-Հասմիկ, տարին հյուրախաղերով եք սկսել, կրկին մեկնում եք: 
- Այո, նախորդ տարվանից սկսած, ինձ համար բեմելների տարի էր: Այժմ մեկնում եմ Իտալիա, որտեղ կրկին նոր բեմել կունենամ: Քանի որ նոր եմ սկսում երգչական կարիերան, ստացվում է, որ բոլոր դերերգերս նոր են, եւ պետք է պատրաստվել: Անկեղծ ասած, հիմա դժվար ու ծանր շրջան է, որովհետեւ արդեն հրավերները ստանում եմ հաճախակի, իսկ բոլորը նոր դերեր են, եւ պետք է պատրաստվել, ինչը տեխնիկապես արդեն բարդ է:
- Հրավերների շղթան որտեղի՞ց սկսվեց: 
- Ամեն ինչ սկսվեց Ռոսինիի ակադեմիայից, եւ շարունակական արդեն ստացվեցին հրավերները: Յուրաքանչյուր նոր դերի հետ կատարելագործվում ես, կարծես նոր ուսանող լիսնես, հաղթահարում ես մեկը, փակում, դնում մի կողմ, բայց նոր դերի հետ գալիս են նոր խնդիրներ, նոր կերպարի կերտում, նոր տրամադրություն, եւ պետք է զրոյից փորձել կարողանալ մտնել այդ ամենի մեջ: Իհարկե, անշուշտ, կերպարի կատարումից հետո նոր գիտելիքներ ես ձեռք բերում եւ էլ ավելի կատարելագործվում:

«ՈՐՔԱՆ ՇԱՏ ՀԱՅ ԼԻՆԻ ՀԱՅՏՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԲԵՄԵՐՈՒՄ, ԱՅՆՔԱՆ ՄԵՐ ՊԱՏԻՎՆ Է»
Image may contain: 1 person, standing-Օտար հանդիսատեսն ինչպե՞ս է արձագանքում, քարտեզի վրա փոքրիկ կետ հիշեցնող երկրից գնացած արտիստին:
- Դա իմ ցավալի կողմն է: Բարեբախտաբար, մենք այսօր դրսում գործող երգիչ-երգչուհիներ ունենք, որոնք բարձր են պահում հայի անունը: Հիմա կարծես մենք ներխուժել ենք եվրոպական բեմեր, ինչն ավելի ուրախալի է, եւ ինչ-որ տեղ  հեշտացնում է յուրաքանչյուրիս գործը: Որքան շատ հայ լինի հայտնի օպերային բեմերում, այնքան մեր պատիվն է եւ մեր օգուտը: Քանի որ օպերան միջազգային արվեստ է, հաճախ յուրաքանչյուր կազմի մեջ տաբեր երկրների ներկայացուցիչներ են հանդես գալիս, իսկ օտար հանդիսատեսն արդեն սովոր է դրան: Կարծում եմ` տվյալ պահին չեն առանձնացնում կատարողը հայ է, ռուս է, թե` իտալացի: Իհարկե, ավելի բարդ է մեզ համար, երբ պետք է կարողանանք արագ ինտեգրվել այդ ամենին, որովհետեւ լեզվական խնդիրներ կան, փոքրիկ նրբություններ, որոնց պետք է կարողանալ ժամանակի ընթացքում տիրապետել:
- Հայ հանդիսատեսը ե՞րբ կկարողանա Ձեզ լսել երեւանյան օպերային թատրոնի բեմում:
- Հայաստանում գտնվելիք ժամանակահատվածում փորձում եմ հնարավորինս մասնակցել խաղացանկին եւ անպայման ելույթներ ունենալ: Կարծում եմ` դժվար չէ ինձ այստեղ «բռնացնելը», հաճախ կարելի է ինձ լսել այստեղ` հիմնականում Անուշի եւ «Տրավիատայում»` Վիոլետայի կերպարում: Առայժմ այս երկու դերերգերն են, հուսամ շուտով կունենանք նոր բեմադրություններ, նոր օպերաներ մեր խաղացանկում եւ ավելի հաճախ հանդես կգամ հայ օպերային թատրոնում:

«ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ»
-Հասմիկ, հաճախ օտարերկրացի արտիստները բարձր են գնահատում Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի կրթությունը, Դուք ի՞նչ կասեք:
- Մենք իրոք ունենք լավ դպրոց, ես ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում` Թամարա Համբարձումյանը եւ Կոնսերվատորիայում` Գայանե Գեղամյանը: Իմ կյանքում իրենց հաջորդաբար աշխատանքը ճիշտ է դասավորվել, հերթականության առումով, եւ նրանց տված գիտելիքները բարձր եմ գնահատում: Այդ հիմքի վրա է, որ այսօր կարողանում եմ լավ ելույթներ ունենալ: Իհարկե` կախված է նաեւ տվյալ անձնավորությունից, թե որքանով կկարողանա դրանք օգտագործել եւ իր կողմից էլ լրացումներն անել: Պարզապես, մեր Կոնսերվատորիայում համար մեկ խնդիրն այն է, որ չունենք լեզուների մասնագետներ: Իսկ լավ տիրապետել տվյալ լեզվին եւ լավ երգել տվյալ լեզվով` բոլորովին տարբեր հասկացողություններ են: Լեզվական խնդիրը մեզ շատ է խանգարում, բայց բարեբախտաբար, մեր լեզվի առավելություններից` տառերի քանակից, բաղաձայններից եւ հնչյուններից ելնելով, հայ երգիչները կարողանում են շատ արագ հաղթահարել յուրաքանչյուր լեզվի բարդույթ:

«ԲԵՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՏԱՐԲԵՐ ԵՆ»Image may contain: 7 people, people on stage, people playing musical instruments, people standing and indoor
-Վերջին տարիներին ինչո՞ւ չեք մասնակցում մրցույթների:
- Կար ժամանակ, որ շատ սիրում էի մրցույթները: Ինքս իմ տեսակով պայքարող եմ եւ շատ ուժեղ, իսկ մրցույթները ուժ էին տալիս ամեն անգամ: Նույնիսկ, հաճախ չընտրվելուց, հաջորդ փուլ չանցնելուց ուրիշ տեսանկյունից եմ նայել, չեմ կոտրվել երբեք, որովհետեւ հաճախ մրցույթները լինում են նաեւ անարդար: Դրա համար ինքս ինձ համար ստեղծել եմ զբաղվածություն եւ իմ առաջ դրել նպատակ` տվյալ մրցույթը, որին պետք է մասնակցել, դա ինձ ուժ է տվել որպեսզի աշխատեմ եւ չդոփեմ տեղում: Այդ շրջանն անցավ, էլ չեմ մասնակցում, աշխատում եմ, բայց աշխատանքի մեջ էլ կան ուրիշ բարդույթներ: Ամեն դեպքում` բեմը եւ մրցույթ հասկացությունը շատ տարբեր են, եւ երբ սկսում ես բեմի համը տեսնել`  մրցույթները դատարկ են ու չոր:
- Դրսում շփվելով համաշխարհային օպերային արտիստների հետ` վերադառնալիս շա՞տ բաներ կան, որ այստեղ դադար են տալիս Ձեզ:
- Վերադառնալուց հետո մի պահ կարծես կյանքս ընդհանրապես դադար է առնում, ինձ թվում է, որ այդ ամենն ինձ հետ չի եղել, որ դա երազ էր: Բայց հետո հասկանում ես, որ դու Հայաստանում ես, քո հայրենիքում, երկիր, որն ապրում է շատ դժվար տնտեսական մի շրջան, իսկ այդ պայմաններում հասկանալի է, որ օպերային արվեստը չի կարող լինել ամենաբարձր մակարդակի վրա: Դրա համար փորձում եմ ինքս ինձ համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու: Քանի որ ունենք նոր գեղարվեստական ղեկավար, որը շփվում է նաեւ եվրոպական դաշտի հետ, հուսանք մոտ ապագայում կկարողանա որոշակի փոփոխություններ ու նորություններ բերել մեր թատրոն:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА