ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.02.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ե՛վ մոտալուտ ընտրարշավը, ե՛ւ մոտալուտ գարունը, զարմանալիորեն ուժգին են ազդում որոշ քաղաքական գործիչների ուղեղի վրա: Դրա անհերքելի ապացույցը ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հայտարարությունն է. «Այսօրվանից Հայաստանում սկսվում է մեծ արշավ, մեծ պատերազմ, մի կողմից` փողի, մյուս կողմից` քաղաքական մտքի եւ արդարության միջեւ: Սա է լինելու ԱԺ գալիք ընտրությունների ինտրիգը. փողն ու արդարությունը պատերազմելու են: Ավելի կոշտ ասած` սա լինելու է ընտրություն մամոնայի ու Աստծո միջեւ»: Զարմանալի է, թե ո՞ւմ է Աստծո դերում տեսնում Լեւոն Զուրաբյանը: Դե, եթե մի կերպ կարելի է պատկերացնել, որ ընդդիմադիրը Մամոնայի դերում տեսնում է իշխանությանը, ապա, գրողը տանի, ինչպե՞ս է հնարավոր Աստծո դերում  տեսնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդպիսի բան չէի կարող պատկերացնել նույնիսկ ամենավատ երազում: 

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ նախկինում կարկառուն ՀՀՇ-ական ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, զարմանալիորեն, ամենավատ երազում չէր կարող պատկերացնել միանգամայն այլ բան. «Ամենավատ երազում անգամ չէի պատկերացնի, որ ՀՀՇ-ն երբեւէ կհայտնվի Ծառուկյանի գրկում: Արարատ Զուրաբյանը եւ ՀՀՇ-ում նրա անձնական շահերը սպասարկողները, ովքեր, ցավոք, այժմ կուսակցությունում բացարձակ մեծամասնություն են, բոլոր հիմքերն ունեն ՀՀՇ գերեզմանափորի տիտղոսը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ վիճարկելու»: Դե, ինչ անենք, «ՀՀՇ գերեզմանափորի» մրցո՞ւյթ հայտարարենք, չէ՞ որ դեռ Վանոն էր երազում մի կողմ նետել «ՀՀՇ գարշելի հապավումը», որը միանգամից արթնացնում է հուշեր` մութ ու ցուրտ տարիների մասին: Սկզբունքորեն կարելի է, առավել եւս, որ «ՀՀՇ-ի պոլի փետերի» դարակազմիկ գյուտն արած Արշակ Սադոյանը, կարծես թե, ոչ մի դաշինքի ցուցակում չկա:

Մի քանի ամիս առաջ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ժխտում էր Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը որպես այդպիսին, եւ այն ժամանակ նաեւ երազում դժվար էր պատկերացնել, որ պարոն Օհանյանը կհայտարարի. «Քաղբանտարկյալներ, իհարկե, կան, բայց այսօր ես չեմ ուզում այդ ուղղությամբ խոսել»: Ահա թե ինչ է անում ամենազոր պատգամավորական մանդատի ակնկալիքը` մարդ կարող է շատ արագ դրսեւորել մտքի զարմանալի ճկունություն եւ այն, ինչ կտրականապես հերքում էր երեկ, հայտարարել այսօր: Թերեւս չենք զարմանա, եթե առաջիկայում էլ նույն Սեյրան Օհանյանը հանկարծ սկսի գովաբանել եւ արդարացնել ամռանը ՊՊԾ գունդը զավթած զինյալներին, առավել եւս, որ իր եւ Վարդան Սիվիլիթասիչի դաշինքում արդեն իր տեղն է գտնում ՊՊԾ գնդի գործի առնչությամբ կալանավորված Անդրեաս Ղուկասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ էլ, զարմանալիորեն որոշել է խլել պոետ Վլադիմիր Մայակովսկու դափնիները: Ուրախացնելով հանրությանն այն լուրով, որ Զարուհի Փոստանջյանը կարող է «Ելք» դաշինքում հայտնվել, նա «քըխ» բաներ ասաց «Ժառանգության» մասին. «Բանակցային գործընթացը հաջողություն չունեցավ, քանի որ մենք պատրաստ էինք համագործակցել հավասար պայմաններով: Նրանք ցանկանում էին առավելություն ունենալ` կապված նախընտրական ցուցակի տեղերի հետ, իսկ մենք հայտարարեցինք, որ ղեկավարվելու ենք հավասարության սկզբունքով: Ըստ էության, այդ տարբերակը չբավարարեց «Ժառանգությանը»: Եվ երեկվա որոշումից հետո «Ժառանգությունն» ինձ համար միայն Զարուհի Փոստանջյանն է»: Ահա այդպես, եթե Մայակովսկին ասում էր, թե ասելով կուսակցություն` հասկանում ենք Լենին, եւ ասելով Լենին` հասկանում ենք կուսակցություն, հիմա էլ Ալեն Սիմոնյանն ասելով Զարուհի` հասկանում է «Ժառանգություն», եւ ասելով` «Ժառանգություն» հասկանում է Զարուհի: 

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА