ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թաթարահայ Ջամալան Ուկրաինայում հայ-ադրբեջանական կոնֆլիկտ է հրահրում

14.02.2017 19:20 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Թաթարահայ Ջամալան Ուկրաինայում հայ-ադրբեջանական կոնֆլիկտ է հրահրում

Ուկրաինական «Ձայնը» հայտնի երաժշտական նախագծում մի նոր հայ-ադրբեջանական կոնֆլիկտ է հրահրվում: Իսկ դրա հետեւում կանգնած է ո՛չ ավել, ո՛չ պակաս թաթարահայ երգչուհի ՋԱՄԱԼԱՆ, որը «Եվրատեսիլ 2016»-ում հաղթող ճանաչվեց: Հոր կողմից թաթար, մոր կողմից` հայուհի Սուսանա Ջամալադինովան, որը նախագծի ժյուրիի կազմում է, իր թիմում ընդգրկել է հայուհի ԵԿԱՏԵՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ եւ ադրբեջանցի ՋԱՎԻԴ ՄԱՄԵԴՈՎԻՆ: Իր սկսած վտանգավոր խաղի մասին, սակայն երգչուհին ինքնագոհ հայտարարում է. «Կփորձեմ երգի միջոցով հաշտեցնել երկու ժողովուրդներին»:Фото Sarafyan Hrant.
Ի դեպ, հիշեցնենք, որ Ջամալան մեծ փորձ ունի քաղաքական նման կեղտոտ խաղերի, քանի որ դեռեւս «Եվրատեսիլի» ժամանակ, ներկայացնելով Ուկրաինան, նա հանդես եկավ հակառուսական «1944» անվանումով մի երգով, որը նվիրված էր Ղրիմի թաթարների դեպորտացիային եւ, այսպես կոչված, նրանց «ցեղասպանությանը», ինչն իրականում հակասում էր «Եվրատեսիլի» կանոններին, բայց Եվրոպան աչք փակեց` առաջնորդվելով իր երկակի ստանդարտներով: Իսկ, օրինակ, 2015-ին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի երգի բովանդակության մեջ նույն «Եվրատեսիլի» պարտադրանքով «Մի՛ ժխտիրը» դարձավ «Առերեսվի՛ր ստվերներին», որպեսզի քաղաքական ենթատեքստ չունենա:
Ինչեւէ, թե ինչով կավարտվի Ջամալայի նախաձեռնությունը` հաշտեցնել հայերին եւ ադրբեջանցիներին, մեզ մնում է միայն քմծիծաղով վերաբերել: Իսկ երգչուհուն հրավիրել համերգային ծրագրով Արցախ, որպեսզի առերեսվի իրականության հետ, ինչու ոչ նաեւ ծանոթանա խաղաղ բնակչության ուղղությամբ ադրբեջանական ուժերի դրսեւորած ագրեսիային: Միգուցե այն ժամանակ երգչուհին կսթափվի եւ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում չի շարունակի ասել, որ մեծ սիրով ցանկանում է համերգ տալ Բաքվում: Այնպես որ, այս երգչուհուն հայուհի համարելուց առաջ, ոչ թե պետք է ԴՆԹ անալիզով ապացուցել, այլ նրան նախ ուղղարկել համերգային ծրագրով Արցախ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА