ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.02.2017 19:25 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Դոնալդ Թրամփի քաղաքական հարցերով ավագ խորհրդական ՍԹԻՎԵՆ ՄԻԼԼԵՐԸ սենսացիոն հայտարարություն է արել, որ Սպիտակ տունն ունի նախագահական ընտրություններում տեղի ունեցած աննախադեպ կեղծիքների մասին ապացույցներ. «Ընտրությունների կեղծումը լուրջ խնդիր է: Կան միլիոնավոր մարդիկ, ովքեր գրանցված են երկու նահանգներում, կամ արդեն մեռածներ, սակայն ովքեր գրանցվել էին քվեարկելու համար: Եվ, ըստ հետազոտությունների` առկա են առնվազն 14 տոկոս ոչ քաղաքացի, ովքեր գրանցվել էին քվեարկության համար: Դա ապշեցուցիչ է»: Այն, ինչ հայտարարել է Միլլերը, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների կեղծիքների համեմատ` մեր ընտրակեղծիքները մանկական խաղ են: Ուստի, զարմանալի է, ինչո՞ւ որոշ ամերիկահայ գործիչներ, փոխանակ զբաղվեն ԱՄՆ-ի խայտառակ ընտրություններով, անպայման ուզում են մեր ընտրություններին միջամտել: Երեւի թե, նրանց կարելի է այստեղ վերապատրաստել, թե ինչպիսին է համեմատաբար քաղաքակիրթ ընտրությունը, որպեսզի հետո այդ գիտելիքները ԱՄՆ-ում կիրառեն:

ԶԱՐՄԱՆՔ

Եթե ժամանակին երեխաներին վախեցնում էին բոբոյով կամ Մեշոկ պապիով, իսկ դպրոցականների վատ երազը Րաֆֆու «Տեր Թոդիկի դպրոցը» պատմվածքն էր, ապա այժմ այդ իրական կամ առասպելական սարսափ կերպարներին, զարմանալիորեն, գերազանցել է ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ, ով հայտարարել է. «Ես թույլ չեմ տա, կոչնչացնեմ, իմ մատներով կհանեմ նրանց աչքերը, ովքեր կփորձեն իրենց գարշահոտությամբ վարկաբեկել ՀՎԿ-ն»: Դե, ինչ ասես, այդ «մանկավարժի» համեմատությամբ` Մեշոկ պապին բարի ծերուկ է, բոբոն` փափուկ խաղալիքի պես մի բան, իսկ Տեր Թոդիկը` բարի եւ համակրելի ուսուցիչ: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հուսանք, որ գոնե այս արտահերթ նստաշրջանին մեր պատգամավորներից ոչ ոք ակնաբույժի կարիք չի ունենա:

Իսկ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ այնքան է ոգեւորվել Օհանյանի եւ Օսկանյանի հետ դաշինքի հուշագիր ստորագրելով, որ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը, քանի որ «Հայաստանի համար այսօր պատմական օր է, որովհետեւ ռազմական գործիչ, գեներալ, մեծ ավանդույթ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը, «Ժառանգությունը», ինչպես նաեւ այլ կազմակերպություններ եւ կուսակցություններ որոշել են, որ Հայաստանի առջեւ մարտահրավերը այնքան բարձր է, որ պետք  է իրար միանանք: Այսօր մենք մեկնարկ ենք տալիս նոր որակի, նոր խարիզմայի, նոր ղեկավարության շարժման»: Բայց մի բան ակնհայտ է, ինչը զարմանալիորեն ապացուցվել է վաղուց` որտեղ Րաֆֆին է, այնտեղ պարտություն է, եւ իշխանափոխություն չի կարող լինել, անգամ եթե Սեյրան Օհանյանը լիներ երկրագնդի հզորագույն գեներալը, իսկ Վարդան Օսկանյանը` երկրագնդի հզորագույն մոգը: Այս ամբողջում հետաքրքիրը ընդամենը հետեւյալն է` ո՞ւմ հետ է այս անգամ Րաֆֆին գնալու աղոթելու, ի վերջո, գեներալ Վովա Գասպարյանը հո այդքան պարապ չէ, որ երկրորդ անգամ աղոթքի տանի: Չնայած, երեւի այս անգամ ինքը կվազի աղոթելու, հենց որ հրապարակվեն ընտրությունների արդյունքները, որպեսզի կարողանա գլուխն ազատել զայրացած գործընկերներից...

Այն, որ երկու գեներալի գլուխ մի դաշինքում չի եփվի, ապացուցեց ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ: Հիշեցնենք` Վիկտոր Դալլաքյանը պնդում էր, թե Սամվել Բաբայանը ընտրացուցակում առաջ է գցել օսկանյանականներին, ինչին ինքը` գեներալը, արձագանքեց «լավ եմ արել» արտահայտությամբ, բայց Սեյրան Օհանյանը լրիվ ուրիշ բան ասաց. «Ես ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից, եւ իմ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, չնայած նրան, որ գիտեք` ես որտեղից եմ եղել, իմ գործունեության մեջ ես էլ չեմ ազդել որեւէ կուսակցության ու որեւէ անհատի վրա: Բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ քննարկումների, առաջարկությունների շրջանակում: Այն, որ ասվում է` Սամվել Բաբայանը մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե Սամվել Բաբայանն ինչքան է զայրանալու այդ պնդումից: Զարմացած է 

ԶԱՐՄԱՆՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА