ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.02.2017 19:25 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ լրիվ իր տարերքի մեջ էր ընկել, երբ շփվում էր սեփական կուսակցության երիտասարդների հետ. «Ճիշտ ժամանակն է, որովհետեւ մենք խորհրդարանական ընտրությունների առաջ ենք. շուտով տեղի կունենան դրանք: Ինչպես այստեղ նշվեց, այս ընտրությունները ճակատագրական են լինելու, այս ընտրություններում որոշվելու է մեր երկրի, ձեր երկրի ապագան հաջորդ տասնամյակների համար: Դուք չեք կարող անտարբեր լինել ձեր ապագայի նկատմամբ, ներգրավվե՛ք, իսկապես համարձակվե՛ք ներգրավվել, դա ձեր իրավունքն է, դա ձեր պարտականությունն է, դա ձեր սահմանադրական իրավունքն է: Մի՛ թողեք, որ ձեր փոխարեն որոշում կայացնեն: Դուք զգացեք ձեզ որպես երկրի տերեր, նույնիսկ մի՛ թույլ տվեք, որ ձեր ծնողները ձեզ պարտադրեն: Հաջորդ տասնամյակը ձեր ծնողներինը չի լինելու, իմը չի լինելու, ձերն է լինելու, եւ դուք եք ձեր տերերը»: Պահո, Վարդան Սիվիլիթասիչն արդեն զարմանալիորեն կոչ է անում երիտասարդներին նույնիսկ սեփական ծնողների դեմ դուրս գալ: Բայց հանուն ինչի՞, գրողը տանի, հանուն մի քանի հոգու պատգամավորական մանդատի՞: Դուք գաղափար կամ գաղափարախոսություն տեսա՞ք: Միանգամայն իրավացի է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` ասելով. «Ո՛չ միտք ունեն, ո՛չ գաղափար, բայց մեկ ցանկություն ունեն` լցվել խորհրդարան»:
Ինչ կարծիքի եք, ո՞վ է մեր երկրի ամենահաստակող քաղաքական գործիչը: Ապարանցի, արցախցի, մշեցի, սասունցի գործիչներից մե՞կը... Ահա եւ սխալվեցիք` ամենահաստակողը ճղճղան, կռվարար ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ է: Անգամ նրան տեղ առաջարկող կա տարբեր դաշինքներում, բայց տիկինը, զարմանալիորեն, դեմ է ցանկացած դաշինքի. «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության 25-ամյա պատմության ընթացքում իր սխալներով եւ ձախողումներով, հաջողություններով եւ հաղթանակներով մտել է նոր փուլ: Հուսով եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր մեջ ուժ եւ իմաստնություն կգտնի` իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվան տակ: Հակառակ դեպքում ես չեմ պատրաստվում միանալ որեւէ միավորի»: Լավ, ի՞նչ է մնացել «Ժառանգությունից», որ միայնակ մասնակցի` մի մասը գնացել է Քոքոբելյանի մոտ, մյուսը ուզում է Սեյրան Օհանյանի մոտ գնալ... Երեւում է վերջում իր զարմանալի հաստակողությունից ելնելով` Զարուհին ֆուկ է անելու նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին ու միայնակ առաջադրվի` որպես «Ժառանգություն» կուսակցություն: 
Գագիկ Ծառուկյանը չուզեց ռամկավարների հետ գործ ունենալ, եւ ահա մարդիկ որոշել են միայնակ առաջադրվել: Երեւում է ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԻՆ Զարուհի Փոստանջյանի դափնիները հանգիստ չեն տալիս, առավել եւս` ծառուկյանական մերժումից հետո, ու հիմա նրանք որոշում են. «Փետրվարի 9-ին կայացած նիստում, որը կշարունակվի վաղը, հաշվի առնելով տեղական կառույցներից ստացվող տվյալները, ՌԱԿ Կենտրոնական վարչությունը մասնավորաբար քննարկել է ընտրություններին առանձին ձեւաչափով մասնակցելու հարցը»: Եվ հիմա հաշվարկում են ռեսուրսները, բայց արդյո՞ք այդ հաշվարկի արդյունքը ողբաձայն չի լինի: Հարգելի ընթերցող, ասացեք խնդրեմ, ձեր շենքում, թաղում կամ գյուղում կա՞ արդյոք մի ռամկավար, ում անձամբ ճանաչում եք: 
Ընտրությունների մասին ինչեր ասես որ չի խոսվում, հիմա էլ զարմանալի գեղագիտական-կիսաէրոտիկ բան է հայտարարել հայտնի ֆեմինիստուհի, «Ընտանեկան բռնության մասին» հակաընտանեկան օրենքի մոլի ջատագով ԶԱՐՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. «Որքան չքնաղ է Արսինեի մերկ մարմինը, այնքան նողկալի են ձեր ընտրական գործընթացները, որոնք ամբողջովին մերկացնում ու ցուցադրում են ձեր բուն էությունը»: Թե մարմինը չքնաղ է կամ ոչ այնքան, դա ճաշակի հարց է, բայց գրողը տանի, ի՞նչ կապ ունի մարմնի գեղեցկության կամ տգեղության հետ ընտրական գործընթացը: Ի վերջո, խորհրդարան ենք չէ՞ ընտրում, եւ եթե ապագա ԱԺ-ն «մերկ մարմնի պես չքնաղ» ստացվի, ապա արդյո՞ք այդ խորհրդարանի ընդունած օրենքները չեն նմանվի էրոտիկ ֆիլմի: Բայց, անշուշտ, ընտրությունների մասին դեռ այնքան զարմանալի եւ անպատկերացնելի բաներ կլսենք, չէ՞ որ մարդկանց երեւակայությունն անսահման է:Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА