ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ  ՍՊԱՍԵՆՔ ԱԺ-ՈՒՄ

09.02.2017 15:10 ԶԱՐԿԵՐԱԿ
Ի՞ՆՉ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ  ՍՊԱՍԵՆՔ ԱԺ-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական պատկերը կամաց-կամաց սկսում է պարզվել: Գործնականում արդեն հայտնի են ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները, եւ մնում է միայն, որ վերջնականապես հստակեցվեն թեկնածուների ցուցակները: Արդյոք նախընտրական այս պատկերը արդեն թույլ տալի՞ս է որոշակի պատկերացում կազմել, թե առաջիկա ընտրություններից հետո խորհրդարանում ինչ վերադասավորումներ կլինեն: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆՆ այն կարծիքին է, որ խորհրդարանական վերադասավորումների վերաբերյալ հնարավոր է կանխատեսումներ անել` ելնելով ընտրարշավին մասնակցող ուժերի մարդկային, ֆինանսական,վարչական եւ այլ  ռեսուրսներից. «Թերեւս բոլոր վերլուծաբանները համաձայն կլինեն այն կարծիքի հետ, որ ընտրողների ձայների մեծամասնությունը կհավաքի ՀՀԿ-ն, քանի որ վարչական եւ այլ տիպի ռեսուրսները Հայաստանի պարագայում շատ ավելի մեծ դեր են կատարում, քան ասենք այլ գործոնները: Եթե Գագիկ Ծառուկյանը ընտրություններից առաջ չվերադառնար քաղաքական դաշտ, դժվար կլիներ ասել, թե երկրորդ տեղում ով կլիներ: Բայց այժմ նրա շուրջ անհատների, կառույցների ղեկավարների համախմբումը թույլ է տալիս եզրակացնել, որ Ծառուկյանի դաշինքը կլինի երկրորդը, սակայն դժվարանում եմ ասել, թե կոնկրետ քանի պատգամավոր կունենա խորհրդարանում: Մյուս կուսակցությունները, ընդդիմադիր դաշտը կպայքարի առավելագույնը 20-25 տեղի համար, եթե ոչ ավելի քիչ: Մոտ 5 պատգամավորներով խորհրդարանում կլինի եւս երեք խմբակցություն»:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ չբացառեց, որ մինչեւ ցուցակների վերջնական հրապարակումը, որոշ կուսակցություններ դեռ կմիավորվեն կամ կդադարեն այս պահին առկա համագործակցությունը. «Լուրջ պայքար կլինի ընդդիմադիր դաշտում, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը եւ Գագիկ Ծառուկյանի դաշինքը, որպես մրցակիցներ, իրենց ուժերը կփորձեն ընդդիմության դաշտում: Իսկ Օհանյան-Օսկանյան դաշինքն այդքան էլ բարենպաստ դիրքերում չէ, քանի որ նրանց համար դժվար կլինի պայքարել ընդդիմադիր դաշտում, որտեղ դասական քաղաքական ուժեր կան»:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ խոսքով` խորհրդարանական ընտրություններում առաջին տեղում կլինի իշխող Հանրապետական կուսակցությունը, իսկ երկրորդ տեղի համար կպայքարեն «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Հայկական վերածնունդ» եւ Ս. Օհանյան- Վ. Օսկանյան կոալիցիան. «ՀՅԴ կուսակցությունը կորցնում է իր ընդդիմադիր ընտրազանգվածին, Օհանյան-Օսկանյան դաշինքին եթե միանա Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա բավականին հետաքրքիր բան կստացվի, քանի որ ընտրողները ձայնը տալիս են ավելի շատ դեմքերին, քան թե կուսակցություններին ու նրանց գաղափարներին: Մեր հաշվարկներով, այն կուսակցությունները, որոնք ունեն սոցիալական լայն բազա եւ բավականին լավ են ներկայացված, ապահովել են ընտրազանգված: Չնայած, վերադասավորումների արդյունքում կարող է այնպես ստացվել, որ ՀԱԿ-ը եւս անցնի: Այս պահին վերադասավորումների հետ կապված մեր հարցումները դեռեւս շարունակվում են: Հաջորդ շաբաթ հարցում կիրականացնենք նաեւ հանրապետության բոլոր մարզերում, որից հետո ամեն ինչ պարզ կլինի, թե ելակետային արդյունքում ձայներն ինչպես կբաշխվեն: Բայց նաեւ հաշվի առնենք, որ քարոզարշավը դեռ նոր պետք է սկսվի, եւ ներկայումս բնակչության մեծ մասը տեղյակ չէ նոր դաշինքների, նրանց գաղափարների մասին»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА