ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔՄ

09.02.2017 15:01 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔՄ

ինչեւ գարուն մնացել է 20 օր, սակայն գարնան շունչն արդեն, զարմանալիորեն, ազդում է քաղաքական այրերի վրա: Այսպես, ԱՄՆ դեսպան ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍԸ որոշեց, չսպասելով Սուրբ Վալենտինի օրվան, սեր խոստովանել առ Հայաստան. «Այս երկուշաբթի ես հետադարձ հայացք նետեցի ու հավատս չի գալիս, որ ուղիղ երկու տարի առաջ հենց այս օրը ես երդմամբ ստանձնեցի Հայաստանում 8-րդ ԱՄՆ դեսպանի պաշտոնը: 2015թ. այդ օրն առանձնահատուկ էր նրանով, որ ես նորովի սկսեցի արժեւորել իմ հիացմուքն ու սերը ամենայն հայկականի հանդեպ, ու նաեւ որպես դեսպան, ինձ չտեսնված մի հնարավորություն տրվեց, որ ես ի ցույց դնեմ այն ամենը, ինչ կապում է մեր երկու երկրներին` սկսած տնտեսական կապերից մինչեւ ռազմական համագործակցություն, մաեստրո Մալխասից մինչեւ պուլիցերյան մրցանակակիր բանաստեղծ Բալաքյան եւ նույնիսկ մինչեւ Քարդաշյանների ձեռներեց ընտանիք: Ես եւ Լին մեծ սիրով ծանոթացել ենք բազմաթիվ բարեհաճ ու հյուրընկալ մարդկանց հետ` այս գեղեցիկ երկրի բոլոր վայրերից»: 
Իսկ ընդդիմադիր պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ մոտ էլ, պարզվում է, «սիրած յարի» դերում ժողովրդավարությունն է, եւ զարմանալիորեն, նա տագնապում է, որ կկորցնի այդ «յարին». «Սա SOS ազդանշան է, տիկնայք եւ պարոնայք, առ այն, որ մեր հավաքական ընկալումը կարծես չի էլ ֆիքսում ամենօրյա նահանջը, ու լրջորեն չի էլ կենտրոնանում, թե ինչ մահացու վտանգ ենք կախում մեր զարգացման ճանապարհին: SOS` մենք չտեսնելու ենք տալիս բոլոր միջազգային ժողովրդավարական ռեյտինգներում մեր հետընթացը: SOS` մեր երկրի քաղաքական լիդերները այլեւս շատ զուսպ են ժողովրդավարություն բառն անգամ օգտագործելուց: SOS` «քաղաքական տղայությունը» նորից տիրապետող է դառնում: SOS` մենք մոռացել ենք, թե մեր ինչին է պետք ժողովրդավարությունը, մենք մոռացել ենք, թե ինչ վտանգ ենք հասունացնում անգամ ազգային անվտանգության հարթությունում»: Դե ինչ, մնում է պատգամավորին հորդորել, որ թեթեւ տանի...
Իսկ գեներալ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ էլ գարնան բույրից ընկավ էյֆորիայի մեջ` հայտարարելով. «Չի կարելի այլեւս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական վիճակը, որում ապրում է երկրի կրթագիտական սոցիալական շերտը: Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմներ: Բեւեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի: Մեզ այսօր օդի պես ազատություն, ջրի պես մաքրություն, հացի պես արդարություն է պետք»: Զարմանալի է, ինչու հարգարժան պարոնը անարդարությունը, բեւեռացումը, ազատության պակասն ու մնացած ամեն ինչը չէր նկատում, երբ նախարար էր ու հաջողությամբ զբաղված էր դղյակաշինությամբ: Թե՞ հիմա դղյակի շինանյութն է պակաս տվել ու այդ պատճառով սկսել է զգալ, թե ժողովրդին ինչ է պակասում:
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՇԵՆԿՈՆ, զարմանալի տեղեկատվություն տարածեց, որից իմանում ենք, որ հոգեկան հիվանդ կարող են լինել ոչ միայն մարդիկ, այլեւ պետությունները: Պարզվում է, որ Ուկրաինան ու Ադրբեջանը փոխադարձ պայմանավորվածության են եկել, այն էլ` նախագահների մակարդակով, որ Արցախում եւ Դոնբասում արտադրված ապրանքները կարող են ներկրվել «եթե դրանք կրում են Բաքվի եւ Կիեւի կենտրոնական իշխանությունից տրամադրված արտոնագիր»: Հետաքրքիր է, օրինակ, ինչպես պետք է Ուկրաինայի մաքսավորները դա ի կատար ածեն, եթե Արցախի ապրանքը ցանկացած տեղ արտահանվում է «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ: Ինչ է, պետք է հոտ քաշելո՞վ կողմնորոշվեն` ասենք, ծիրանի ջեմը կամ թթի օղին Արցախո՞ւմ է արտադրված, թե` Սյունիքում: Չնայած կա հին անեկդոտ ուկրաինացու մասին, ուր վերջինս հայտարարում է, որ եթե ունենա մեկ խնձոր` կուտի, ունենա մեկ արկղ խնձոր` կուտի, իսկ մեկ վագոն ունենալու դեպքում ուտելը չի ուտի, բայց բոլ-բոլ կկծի...Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА