ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արհեստական թանկացումներն այդպես էլ «չեն տեսնում»

03.02.2017 19:19 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արհեստական թանկացումներն այդպես էլ «չեն տեսնում»

Որեւեէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի սպառողական շուկայում ապրանքների գները կարող են չտրամաբանված այնքան բարձրանալ, որ օրերով, թեկուզ շաբաթներով տվյալ ապրանքը չվաճառվի, քանի որ նման աստղաբաշխական գներով իրենց շռայլություններ կարող են թույլ տալ միայն մեծահարուստները: Չնայած վաճառողները վաղուց են սովորել, թե ինչը երբ կարելի է թանկացնել, որ փող չունեցողն էլ ստիպված լինի գնել:

«Արհեստական մեկ եղևնու պատրաստումը 2,5-4 անգամ ավելի մեծ վնաս է տալիս բնությանը»

Ամանորյա թանկացումների մասին խոսելու առիթներ շատ ենք ունեցել, թեեւ պատկան պետական կառույցներն այդպես էլ այն «չտեսան»: Եվ ահա Ամանորից մեկ ամիս անց թանկացումների օրինակներից մեկն այդ պատկերն ավելի է հստակեցնում: Այսպիսով` «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում արքայախնձորը Ամանորից մի երկու-երեք շաբաթ առաջ վաճառվում էր մոտ 900-950 դրամով ¥1կգ-ի հաշվով¤: Ամանորից արդեն մեկ-երկու շաբաթ առաջ գինը նախ դարձավ մոտ 1100 դրամի, մի քանի օրից` անցավ 1200-ից այն կողմ: Բուն ամանորյա գնումների օրերին արքայախնձորի գինը 1500-ի շրջակայքում էր: Եվ հետո կամաց-կամաց նույն ճանապարհով ետ նահանջեց, եւ հիմա էլի 900-1000 դրամ միջակայքում է:

Իհարկե, ամեն ապրանքի գին էլ մեկ-մեկուկես ամսվա կտրվածքով կարող է միանգամայն օբյեկտիվ պատճառներից ելնելով փոխվել: Բայց ասել, թե ամանորյա եռուն առեւտրին կազդի ինչ-ինչ գործոններ, որոնք կարող էին կոնկրետ ապրանքատեսակի գինը մոտ 50 տոկոսով բարձրացնել, ու հետո այդ գործոններն անսպասելիորեն չեզոքացան, եւ գինը նորից իջավ, առնվազն միամտություն կլիներ: Իհարկե, ներկայացրինք վաճառակետի տեսանելի գները, սակայն հարց է` խանո՞ւթն է գները բարձրացնում կամ իջեցնում, թե՞ դա տեղի է ունենում ներկրող-մատակարար շղթայում: Սակայն դա արդեն սպառողի համար բացարձակ էական չէ. նա գործ ունի հենց այդ վերջնական գների հետ:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով` նախորդ տարիների համեմատ, այս տարի Ամանորին եւ դրանից հետո գների արհեստական բարձրացման դեպքերը որոշ չափով նվազել էին, չնայած խնդիրը շարունակում է մնալ արդիական. «Ամեն դեպքում, նույնիսկ մեկ դեպքն արդեն օրենքի եւ սպառողի իրավունքների խախտում է»,- նշեց Կ. Չիլինգարյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ¥ՏՄՊՊՀ¤ մամլո խոսնակ Գայանե Սահակյանն, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում միայն գերիշխող ապրանքային շուկաներում, այսինքն` այն շուկաներում, որտեղ կան խոշոր տնտեսվարողներ. «Միրգ-բանջարեղենի շուկայում նման տնտեսվարողներ չկան, հետեւաբար չեմ կարող որեւէ պարզաբանում տալ: Մենք վերահսկողություն իրականացնում ենք միայն խոշոր շուկաներում, դրանց թիվը հասնում է տասնյակի: Օրինակ`կաթնամթերքի, ալյուրի, բենզինի, բրնձի եւ այլ սոցիալական անհրաժեշտության ապրանքների շուկաները, սակայն միրգ-բանջարեղեն-չարազեղենը սրանց մեջ չեն մտնում: Այստեղ կան հարյուրավոր տնտեսվարողներ, գյուղացիական տնտեսություններ, որոնք կանաչի ու միրգ են վաճառում, հետեւաբար այդ շուկան վերահսկելն օրենքով վերապահված չէ հանձնաժողովին»:

«Չեն դիմել իրավապահներին, նրանք փորձել են խնդիրը հանգիստ ձեւով լուծել»

Եվ, իհարկե, միանշանակ չէ, որ դա այդպես է: Օրինակ` Հայաստան քանի՞ առանձին մրգատեսակներ, ասենքª բանան կամ արքայախնձոր ներկրող կա: Գ. Սահակյանը փորձեց բացատրել, որ ներկրված ապրանքների գծով եւս գերիշխող տնտեսվարողներ չունենք, եւ, օրինակ. «Բանանը 900 դրամից իջել է 700, այնուհետեւ` 600 դրամ: Կարծում եմ` Ամանորին շատերն են զբաղվել բանանի ներկրմամբ, մրցակցության ուժեղացման արդյունքում բանանի գինը նվազել է»,- շեշտեց Գայանե Սահակյանը:

Շատե՞րը: Բայց չէ՞ որ նույն Ամանորի շեմին խոսվեց մեկ-երկու նոր ներկրողների մասին: Իսկ «կարծում եմ» տերմինը հուշում է, որ այդ փաստը չի ուսումնասիրվել. հակառակ դեպքում միանշանակ կներկայացվեր, թե, ասենք, 5 ընկերություն բանան են ներկրել, 7-ն էլ` արքայախնձոր, նրանք ունեն այսքան-այսքան մասնաբաժին, եւ մենաշնորհ չկա: Չէ, դա, կարծում ենք, չի ուսումնասիրվել: Իսկ այդ դեպքում համոզել, թե մոնոպոլիա չկա, առնվազն տարօրինակ է:

Լավ, եթե անգամ մանրածախ ցանցը ՏՄՊՊՀ-ի գործառույթների մեջ չի մտնում, ապա ո՞վ պետք է սպառողին ապահովի այդ ցանցում պարբերաբար նկատվող գնային անհասկանալի վայրիվերումներից: Չնայած, ազատ շուկա ենք, կարելի է հանգիստ մարդկանց դրա տակ թալանել:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА