ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.02.2017 16:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Եթե չլիներ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, ապա մեր երկրում քաղաքական կյանքը բավականին անհետաքրքիր կլիներ: Սակայն օրերս անկախության սիմվոլը մի զարմանալի հայտարարություն արեց. «Գաղափարականը շատ կարեւոր է, բայց գաղափարական կողմնորոշում ունենալ նշանակում է քաղաքական դաշտում լինեն տարբեր գույների ներկայացուցիչներ: Իսկ խավարի մեջ կարո՞ղ են տարբեր գույներ երեւալ: Եթե ուզում ենք, որ այդ բոլոր գույները երեւան, պետք է խավարը փոխարինել լույսով»: Այ, այ, այ, պարոն Հայրիկյան, չսազեց... Ախր, ԿԳԲ-ի ագենտների դեմ պայքարելու մի քանի տասնամյակի փորձը նույն Հայրիկյանին պետք է, որ անվրեպ հմտությամբ օժտեր` նույնիսկ կատարյալ խավարում հոտառությամբ գտնել ԿԳԲ-ի ագենտներին: Իսկ այն, որ այժմ մեզանում խավար չէ, այլ Պարույր Հայրիկյանը պարզապես ձեռք է բերել քաղաքական դալտոնիզմ (միգուցե շահադիտական նպատակներով) ու այդ պատճառով չի զանազանում գույները, դա, կարծում ենք, ակնառու է:
Աչքներս լույս, ամենուրեք «սադանեք» հայտնաբերող եւ քշող Վարդան Ղուկասյանը լինելու է Ծառուկյան դաշինքի ցուցակում: Նույն ցուցակում` ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ: Մինչդեռ ընդամենը 4,5 տարի առաջ` 2012-ի սեպտեմբերի 10-ին տիկին Զոհրաբյանը նրա մասին, զարմանալիորեն, «ջերմ» խոսքեր է ասել. «Գյումրիում սարսափի ու վախի մթնոլորտ էր տիրում, այսպես ասած` Վարդան Ղուկասյանի չակերտավոր տիրապետության երկար ու ձիգ 14 տարիների ընթացքում: Գյումրեցի գրողներից մեկը շատ պատկերավոր ասել էր, որ կարծես Շվարցի եւ Յենի Շվարցի հրեշը լինի, որ նստել է ակունքում ու չի թողնում, որ քաղաքը շնչի, եւ սա իրական փոփոխության շանս էր գյումրեցիների համար»: Հետաքրքիր է, իսկ հիմա արդյո՞ք տիկին Զոհրաբյանը փոխել է իր կարծիքը պարոն Ղուկասյանի մասին: 
Մենք բազմիցս առիթներ ունեցել ենք քննադատելու տիկնիկային թատրոնի ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ կեցվածքը, սակայն այս անգամ նա զարմանալիորեն ճիշտ գնահատական տվեց այն երեւույթներին, որ տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ.  «Անձամբ ինձ համար Գագիկ Ծառուկյանի տեղը իրական բարեգործությունն է, այլ ոչ թե քաղաքականը: Ես հասկանում եմ, որ մարդիկ, որոնք փորձում են զբաղվել քաղաքականությամբ, մեծ ուշադրությամբ նայում են Ծառուկյանի գրպանին: Ես կուզենայի, որ ունենանք նոր մանթաշովներ, որոնք միգուցե կունենային որոշակի քաղաքական նախընտրություններ, բայց անմիջականորեն չէին մտնի դրա մեջ»: Անշուշտ, պարոն Բաբայանը նաեւ ինչ-որ տեղ իդեալականացնում է Մանթաշովներին: Բայց չէ՞ որ, որպես արվեստի մարդ, նա պետք է որ իմանար, որ Ավետիք Իսահակյանի «Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով» տողերը ոգեշնչված են հենց մանթաշովների իրական, այլ ոչ թե առասպելացված վարքագծով: 
Հին քյառթու ՀՀՇ-ական Վահագն Խաչատրյանը հաստատեց, որ ՀԱԿ-ը ընտրությունների է գնալու ԼՏՊ-ի պարտվողական, թրքամետ, հողատու ծրագրով.  «Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո մեր շեշտադրումները նույնն են մնացել` խաղաղություն հաստատելու, հաշտություն, բարիդրացիական հարաբերություններ, այս գաղափարախոսությունն է առաջնային մեզ համար»: Դե, հասկանալի է, ՀԱԿ-ը ցանկացած պարագայում մնում է ՀԱԿ: Բայց, օրինակ, ՀԱԿ վարչության անդամ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ հայտարարել է հետեւյալը. «Մեր գերխնդիրն է տապալել չարիքի, կեղծիքի ու խավարի այս իշխանությունը եւ ունենալ ազգընտիր իշխանություն»: Բայց, զարմանալի է, ազատամարտին մասնակցած մարդն ի՞նչ գործ ունի ՀԱԿ-ում առհասարակ եւ ինչպե՞ս կարող է ազգընտիր համարել բացահայտ դավաճանական ծրագրով հանդես եկողներին: Մի՞թե հանուն մի քանի պատգամավորական մանդատների, այն էլ` ուրիշի մանդատների, հնարավոր է ՀԱԿմեջ անել սեփական կենսագրությունը: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА