ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.02.2017 16:37 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Աչքներս լույս, հռչակավոր ռոք երաժիշտ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ ԱՄՆ-ի բուռն ներքաղաքական իրադարձությունները թողած, զարմանալիորեն, այնուամենայնիվ, որոշել է կենտրոնանալ հայաստանյան ընտրությունների վրա: Ելույթ ունենալով Լոս Անջելեսում` նա մասնավորապես ասել է. «Մեր` արվեստագետներիս մոտեցումները ոգեշնչելու վրա են հիմնված, ոգեշնչելու, որ փոփոխությունը հնարավոր է: Հայաստանում թեեւ հետխորհրդային համակարգը էվոլյուցիա է ապրել, սակայն յուրատեսակ ձեւով ձգտում է իշխանության պահպանման: Մեր խնդիրն է աշխատել քաղաքացիական հասարակության հետ, փորձել բացել այդ դռները: Եթե մենք կարողանանք գոնե մի փոքր փոփոխության հասնել,- ասում եմ մենք` նկատի ունենալով քաղաքացիական հասարակությանը եւ Սփյուռքի քաղաքացիական հասարակությանը,- երկարաժամկետ հատվածում դա շատ կարեւոր կլինի»: Լավ, ի վերջո նույն ԱՄՆ-ում բնակվող Քիմ Քարդաշյանը միացել է Թրամփի քննադատություններին, որոշ ամերիկահայեր նաեւ հակաթրամփական ցույցերի են մասնակցում: Ավելի ճիշտ չէր լինի, որ պարոն Թանկյանը զբաղվեր ԱՄՆ-ի ներքին խնդիրներով, ուր ապրում է, եւ հանգիստ թողներ Հայաստանի ներքաղաքական կյանքը, ուր չի պատրաստվում բնակվել: Օրերս մենք անդրադարձել էինք, թե ինչպիսի այլասերվածություն է ընդունվել Կանադայի դպրոցական ծրագրում, եւ հարց էինք բարձրացրել` արդյո՞ք Կանադայի քաղաքացիներ Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը չեն ցանկանում պայքարել այդ այլանդակության դեմ, առավել եւս, որ դրանից տուժելու են եւ կանադահայ երեխաներ: Բայց զարմանալիորեն հայտնաբերեցինք, որ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ պատրաստվում է դուրս գալ փողոց, բայց ոչ թե Կանադայի որեւէ քաղաքում, այլ` Երեւանում. «Պետք չէ կարծել, որ ընտրության արդյունքներն են որոշելու մեր մասնակցության աստիճանը: Ո՛չ, դա կարճատեսություն է, մենք պետք է կառավարենք ակնկալիքները: Իրական ճգնաժամը հետեւյալն է` մենք գիտենք, թե ինչ է լինելու ընտրություններում, եւ մենք պետք է չհամակերպվենք արդյունքների հետ: Մենք պետք է դժգոհենք այն փաստից, որ քաղաքական պատճառներով բանտերում գտնվող մարդիկ կան, մենք պետք է դժգոհ լինենք, որ ճնշումների պատճառով չկա օրինական այլընտրանք»: Դե, ինչ ասես, դա գայլի եւ Ավետարանի դասական պատմություն է: Մնում է զարմանքով գալ եզրակացության, որ պարոն Էգոյանին մազաչափ իսկ չի հուզում երեխաների պղծումը Կանադայի դպրոցներում, այլ փոխարենը` նա սեւեռուն գաղափար ունի. անպայման քար նետել Հայաստանի ընտրությունների վրա: Չնայած, ինչո՞ւ ենք այդքան զարմանում, չէ՞ որ Էգոյանի ֆիլմերում նաեւ ինցեստի դրվագներ են հայտնաբերվում... Մեզ շատ զարմացրեց եւ զայրացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿՈՒ վարքագիծը: Գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ, նա ոչ ավել-ոչ պակաս բարձրացրեց մեկ առանձին ուսուցչի ֆեյսբուքյան գրառման հարց, քանզի այդտեղ պարոն դեսպանի (կամ նրա համար թարգմանողների) աչքին «ռասիզմ» էր երեւում: Ապշել կարելի է, ինչպես ինչ-որ եվրոպացի համարձակվում է քիթը խոթել առանձին նախարարության կադրային խնդիրների մեջ: Իսկ Լեւոն Մկրտչյանի կեցվածքը պարզապես գետինը մտնելու բան էր` փոխանակ սաստի օտարին, որ դա ամենեւին իր գործը չէ, դեռ մի բան էլ հայտնում է, թե այսինչ կամ այնինչ միջոցն է ձեռնարկում: Ամոթ է, պարոն (կամ միգուցե ընկե՞ր) նախարար, դեսպանի այդ վարքագծի առնչությամբ պետական մարմիններում ռեալ անելիք ուներ թերեւս ԱԳՆ-ն, որ այդ կոպիտ միջամտության համար պետք է դեսպանին առաջարկեր 24 ժամվա ընթացքում լքել մեր երկրի տարածքը: Մենք բազմիցս առիթներ ունեցել ենք քննադատելու տիկնիկային թատրոնի ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ կեցվածքը, սակայն այս անգամ նա զարմանալիորեն ճիշտ գնահատական տվեց այն երեւույթներին, որ տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ. «Անձամբ ինձ համար Գագիկ Ծառուկյանի տեղը իրական բարեգործությունն է, այլ ոչ թե քաղաքականը: Ես հասկանում եմ, որ մարդիկ, որոնք փորձում են զբաղվել քաղաքականությամբ, մեծ ուշադրությամբ նայում են Ծառուկյանի գրպանին: Ես կուզենայի, որ ունենանք նոր մանթաշովներ, որոնք միգուցե կունենային որոշակի քաղաքական նախընտրություններ, բայց անմիջականորեն չէին մտնի դրա մեջ»: Անշուշտ, պարոն Բաբայանը նաեւ ինչ-որ տեղ իդեալականացնում է Մանթաշովներին: Բայց չէ՞ որ, որպես արվեստի մարդ, նա պետք է որ իմանար, որ Ավետիք Իսահակյանի «Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով» տողերը ոգեշնչված են հենց մանթաշովների իրական, այլ ոչ թե առասպելացված վարքագծով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА