ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԿՏԱ ՄԵՂՐԻԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՈՒՄԸ

27.01.2017 19:55 ԶԱՐԿԵՐԱԿ
ԻՆՉ ԿՏԱ ՄԵՂՐԻԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՈՒՄԸ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս Մոսկվա կատարած իր այցի ընթացքում ռուս գործընկերոջ հետ տնտեսական տարբեր հարցեր քննարկելուց զատ, պայմանավորվածություն է ձեռք բերել նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ կապված: Ռուսական կողմը պատրաստակամություն հայտնեց ներդրումներ անել տնտեսական գոտում: Եթե Մեղրիի ազատ տնտեսական գոտին սկսի աշխատել, այն գործնականում ի՞նչ օգուտ կտա Հայաստանի տնտեսությանը եւ երկրի բնակչությանը: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան տնտեսագետների հետ:
Երեւանի տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ.
- Ցանկացած, եւ հատկապես՝ մեր երկրի համար ներդրումները չափազանց կարեւոր են: Ֆինանսական ռեսուրսների եւ ներդրումների պակասը մեր տնտեսության համար դարձել է ահավոր մի երեւույթ, եւ հասկանալի է, որ այդ առումով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ռիսկային գոտում: Նույնիսկ ոչ մեծ ծավալի ներդրումները, ըստ էության, նշանակում է աշխատատեղերի ստեղծում, տարբեր ապրանքատեսակների ստեղծում, տեղաշարժ եւ աշխուժացում: Պարզ է, որ եթե Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը իրագործվի, դա Հայաստանի համար միանգամայն բարենպաստ կլինի: Հակված եմ մտածելու, որ ազատ գոտին, որը հանդիսանում է հայ-ռուսական, ինչպես նաեւ՝ Իրանի հետ գործընկերության օղակ, կիրագործվի: Դրանով, ուզենք, թե` ոչ, Հայաստանը դառնում է միջնորդ օղակ՝ ՌԴ-ի եւ Իրանի միջեւ: Այս նախագիծը հեռանկարային է այնքանով, որ բացի Հայաստանից, Ռուսաստանը եւս անհրաժեշտություն ունի գործընկերային կապեր հաստատել Իրանի հետ:
ՀՀ Գործատուների միության նախագահ, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ.
- Քանի որ ազատ գոտին ստեղծվելու է Հայաստանում, հետեւաբար այն համարվելու է մեր սեփականությունը: Բայց չի բացառվում, որ այն, բացի Իրանից եւ Ռուսաստանից, կարող է հետաքրքիր լինել նաեւ այլ երկրների համար: Այսինքն` ներդրումների առումով սահմանափակումներ չկան, Իրանի, Հայաստանի կամ Ռուսաստանի գործատուներից բացի, այնտեղ ներդրումներ կարող են անել նաեւ մյուսները: Ազատ տնտեսական գոտին իր ենթակառուցվածքներով կարող է լինել կայուն ձեռնարկություն, ինչը նշանակում է ստեղծել կայուն աշխատատեղեր: Քանի որ Իրանի դռները Հայաստանի առջեւ բացվում են, ապա տնտեսական գոտու ստեղծած ապրանքները կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել իսլամական աշխարհի համար, ինչը մեզ համար հավելյալ հնարավորություններ է ստեղծում: Վերջին հաշվով, երբ տնտեսական գոտի է ստեղծվում, այնտեղ սկսում են գործել բիզնեսներ: Բացի այդ, ազատ տնտեսական գոտիները կարող են գրավիչ լինել նաեւ տուրիզմի զարգացման համար: Սյունիքի մարզը պատմամշակութային տեսանկյունից հետաքրքիր է, իսկ ազատ տնտեսական գոտու ստեղծումը կբերի բիզնես-տուրիզմի զարգացման: Ամեն դեպքում, այդ ամենը կլուծի զբաղվածության խնդիրը:
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ.
- Դեռ 10 տարի առաջ եմ ասել, որ Իջեւանը, Մեղրին եւ Գյումրին պետք է լինեն ազատ տնտեսական գոտի: Ոչ թե Մեղրիի մի հատվածը, այլ ամբողջ Մեղրին է պետք համարել ազատ տնտեսական գոտի, ինչը նշանակում է, որ այդ գոտում, որը կունենա հատուկ կարգավիճակ, կզարգանա տնտեսությունը, աշխատատեղեր կստեղծվեն եւ այլն: Կարելի է Իրանի հետ ստեղծել համատեղ ձեռնարկություններ, ապրանքեր արտադրել եւ դրանք շահեկան ինքնարժեքով տեղափոխել Ռուսաստան: Նույնը ասում եմ նաեւ Իջեւանի եւ Գյումրու համար: Այդ հատվածները սահմանային են եւ կարող են մարդկանց համար աշխատատեղեր ստեղծել: Իհարկե, ցանկալի է, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին ձեւավորվի, այնտեղ ներդրումներ անեն եւ զարգացնեն տնտեսությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА