ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նոր աշխատատեղերի ստեղծումը մնում է հիմնական խնդիրը»

13.01.2017 16:04 ԶԱՐԿԵՐԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր աշխատատեղերի ստեղծումը մնում է հիմնական խնդիրը»

2017 թվականի մեկնարկն արդեն տրված է: Հասարակության շրջանում այս տարվանից ակնկալիքներն ու սպասելիքները, թե ինչ-որ դրական փոփոխություն կտեսնեն, ավելի շատ են, քան նախորդ տարեսկզբին: Ոմանք կարծում են, որ 2017 թվականն առանձնահատուկ տարի է լինելու Հայաստանի համար, քանի որ այս տարվա ապրիլին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, որը կարող է շրջադարձային լինել` թե՛ քաղաքան, թե՛ տնտեսական առումներով: Հասարակության մի ստվար շերտն էլ չունի ակնկալիքներ, ասելով, որ նոր տարում Հայաստանում ոչինչ էլ չի փոխվի: Իսկ ի՞նչ են մտածում մասնագետներն այս մասին, 2017 թվականին ի՞նչ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեն:

Երեւանի տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ խոսքով` 2017 թվականին եւ ընդհանրապես Հայաստանում այլեւս այլընտրանք չկա` պետք է լինել նպատակասլաց եւ գնալ հաջողության հետեւից. «Այս տարում ձեռքբերումների եւ տնտեսական աճի նախանշաներն արդեն կան: ՀՀ կառավարության նիստի ժամանակ նախանշվել է, որ 2017 թվականի բյուջեն, ամենայն հավանականությամբ, կմեծացվի: Այսինքն` ռեզերվները փնտրվում եւ գտնվում են: Եթե այս ամենը շարունակական բնույթ ունենա, ապա մեծ կամ փոքր հաջողությունների կհասնենք: Ընթացքում ամեն ինչ ավելի ակնհայտ կդառնա»:

«Սոցիոմետեր» սոցոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐԱՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ փաստեց, որ արդեն քսան տարի է, որ Հայաստանում տարեսկզբին առաջ են գալիս սոցիալ-տնտեսական սպասելիքները, որոնք սակայն այդպես էլ չեն արդարանում. «Առաջին հերթին` հայ հասարակությունը ակնկալում է աշխատատեղերի ստեղծում եւ գործազրկության կրճատում, աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում: Առաջինը սոցիալական խնդիրներն են, որ հասարակությունն ակնկալիքներ ունի, թե նոր տարում պետք է ստանան լուծումներ: Քսան տարի շարունակ եւ այսօր էլ պահանջները նույն են: Ավելին, ներկայումս այդ պահանջներն ավելի սուր բնույթ են ստացել: Նախկինում ամեն 6-րդ ընտանիք ապրում էր արտասահմանից ստացած գումարով, այժմ այլ է: Փոքր բիզնեսի 1/3-ը չի աշխատում կամ փակման եզրին է: Այնպես որ, նոր տարում ակնկալում ենք նոր աշխատատեղերի ստեղծում. սա մնում է օրակարգային հիմնական խնդիրը: Շատերն այս տարում հույսերը կապում են նոր վարչապետի ու կառավարության հետ, տեսնենք` ինչ կստացվի»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆՆ ունի հստակ ակնկալիքներ, բայց խոսքն ավելի շատ ամանորյա բարեմաղթանքի տեսքով հնչեց. «Խաղաղություն եմ ակնկալում, որպեսզի զոհեր չունենանք զինվորների շրջանում: Ակնկալում եմ, որ մեր երկրի սահմանները լինեն ամուր, եւ ունենանք տնտեսական աճ, հատկապեսª գյուղատնտեսության ոլորտում»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА