ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն է բացելու

10.01.2017 19:53 ԹԵՄԱ
Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն է բացելու

Հայաստանը նախատեսում է Դուբայ քաղաքում ստեղծել ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այդ մասին ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի միջոցով:

«Ներկայումս Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների, ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ:

Նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները»,- նշված է հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА