ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սրբազան հայր, ների´ր նրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում»

10.01.2017 00:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Սրբազան հայր, ների´ր նրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում»

«Հունվարի 6-ից ի վեր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների ու նրանց որոշ ջատագովների կողմից սոցիալական ցանցերում ու համացանցի տարբեր կայքերով քննարկման նյութ է դարձել Սուրբ ծննդյան օրը, Վանաձորում, պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը, որում Սրբազանը հորդորում էր հանրությանը, մարզային եւ քաղաքային իշխանություններին` առաջնորդվել համախմբված եւ միաբան սիրով գործել», - գրել Է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, արձակագիր ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆՆ ու ընդգծել, որ ավելորդ է համարում մանրամասնել այդ շահարկության հեղինակների բուն նպատակը, որն է քաղաքական դիվիդենտներ շահել ապրիլին կայանալիք ընտրություններին ընդառաջ. «Ասեմ միայն, որ Սրբազանին թիրախավորելու գործում նրանց խոփը քարին առավ, քանզի Լոռու մարզում հանրությունը մեծապես հարգում եւ պատվում է Սրբազանին, եւ մի քանիսի վայրախոսությունները չեն կարող սասանել նրա մեծ հեղինակությունը: Սրբազանը, որպես հոգեւոր առաջնորդ, պարտավոր է իր քարոզներում համերաշխության, սիրո, համախմբվածության հորդոր հղել հանրությանը, ինչը եւ արել է, եւ դա, ի դեպ առաջին անգամը չէ, բազմիցս է այդ վեհ բարոյականությունը քարոզել մեզ եւ`շատ ավելի վաղուցվանից, քան գոյություն ունեին «Լուսավոր Հայաստանն» ու նրա «լուսատտիկները»»:Фото Sarafyan Hrant.

Մտավորականի կարծիքով՝ Սրբազանի հասցեին զազրախոսում են մարդիկ, որոնք իրենց ողջ խմբով ու ողջ կյանքում` միասին վերցրած, հայրենիքի, մարզի, Վանաձորի համար Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հայրենանվեր գործերի մեկ հարյուրերորդն էլ չեն արել. «1996 թվականից ի վեր, Սրբազանի ջանքերով թեմի տարածքում կառուցվել է 10 նոր եկեղեցի, նորակառույց 10 մատուռ , վերականգնվել է 19 եկեղեցի: Առաջնորդի նախաձեռնությամբ ու նրա ջանքերով, հայաստանաբնակ եւ սփյուռքահայերի նյութական ու բարոյական աջակցությամբ Վանաձորում վերակառուցվեցին Թաիրովների պատմական շենքը, որտեղ այժմ թեմի առաջնորդարանն է` բարեկարգ ծաղկաստանով, «Ծիծեռնակ» եւ «Կռունկ» ճամբարները: Տասնվեց տարի շարունակ «Ծիծեռնակ» ճամբարում ամռան ամիսներին անվճար հանգստանում են հազարավոր դպրոցականներ, նրանց թվում`արցախցի եւ սփյուռքահայ, նաեւ` կարիքավոր ընտանիքների երեխաներ»: 
Ս. Խալաթյանը նաեւ հիշեցնում է, որ Սեպուհ Սրբազանն էր նախաձեռնել «Ձեռք մեկնիր եղբորդ» մարդասիրական ակցիան` գործընկեր ունենալով Լոռու մարզպետարանին. «Եվ հավաքագրած միջոցներով տնատեր դարձան տնանկ ընտանիքներ, օգնություններ հասցվեցին կարիքավորներին եւ, ցայսօր էլ, շարունակվում է այդ Աստվածահաճո գործը: Անհարկի եմ համարում շարունակել այն բոլոր բազմաթիվ ազգանպաստ գործերը, որոնք նախաձեռնել կամ որոնց մասնակցել ու մասնակցում է Սրբազան հայրը: Այդ ինքնահռչակներն ինչու՞ թեմի առաջնորդին չմեղադրեցին քաղաքական կամ աշխարհիկ հարցերում միջամտելու, մարզպետարանի, քաղաքապետարանի հետ համագործակցելու մեջ, երբ ապրիլյան պատերազմի օրերին Սրբազանը ռազմաճակատում մարտնչող զինվորների համար հավաքագրվող պարենի ու պիտույքների պահեստի էր վերածել Սուրբ Նարեկ եկեղեցին… Մեզ` բոլորիս, պարզ ու հասկանալի է իշխանություն ունենալու այն անհագուրդ տենչը, որով տառապում են «լուսավորյալները»: Սակայն, գոնե իրենք իրենց հարց տալի՞ս են, թե ինչո՞ւ հենց միայն իրենք «հայտնաբերեցին» ու աղմուկ բարձրացրեցին հոգեւոր հոր «քաղաքականացված» լինելու մասին, իսկ նրանց հետ քաղաքապետի ընտրության ժամանակ «դաշինք կազմած» ԲՀԿ եւ ՎՀԿ , կամ այլ ընդդիմադիր կուսակցությունները լռեցին: Լռեցին , որովհետեւ Սրբազանի ելույթում քաղաքական ոչ մի բովանդակություն չկար եւ չէր էլ կարող լինել: Նա սիրո, համերաշխության, միասնական լինելու հորդոր է ասում` միշտ եւ ամեն առիթով: Եվ պետք չէր սին ցուցանքներ ստեղծել` փորձելով սեպ խրել հավատացյալ հանրության եւ եկեղեցու միջեւ` նման ցածրոգի շահարկումով»:

Եզրափակելով խոսքը՝ վերջում դրամատուրգը դիմել է Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին. «Սրբազան հայր, ընդունիր քո հավատավոր եղբայրների ու քույրերի ներողությունը` կատարվածի առթիվ: Դրանում մեղք ունենք նաեւ մենք, որ թույլ ենք տվել մեր մեջ աճեն սրբություններ չճանաչողները: Եվ մեղք չհամարես, որ դիմելու եմ Ձեզ Փրկչի խոսքերի հանգույն` ներիր նրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում: Վարձքդ ի կատար, Սրբազան հայր»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը դիտե´ք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА