ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդու և կենդանու արանքում

09.01.2017 20:25 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Մարդու և կենդանու արանքում

Մուսուլմանական երկրներից Սաուդյան Արաբիան, որտեղ իշխում են շարիաթի օրենքները, ամենախտրական վերաբերմունքն ունի կանանց հանդեպ: Այդ երկրում կին-արարածը պարտավոր է ունենալ իր տղամարդ խնամակալը՝ ամուսին, եղբայր կամ հայր, և իր բոլոր գործողությունները նրա թույլտվությամբ իրականացնել: Սաուդյան Արաբիայի տների մեծ մասի մուտքն ու ելքը առանձին են կանանց և տղամարդկանց համար:  Երկրի որոշ նահանգներում կնոջ մինչև իսկ աչքերը պիտի ծածկված լինեն, որովհետև դրանցով նա կարող է գայթակղիչ հայացքներ նետել աջ ու ձախ: Անծանոթ տղամարդու հետ բառ փոխանակած կնոջը բանտարկություն է սպառնում, մինչև իսկ մահ: Կանայք իրավունք չունեն օգտվելու հասարակական տրանսպորտից, որտեղ մեծ է հավանականությունն անծանոթ տղամարդկանց հետ շփվելու: Աղջիկներին այստեղ կնության են տալիս 9 տարեկանից սկսած: Եվ ահա իրավազուրկ կանանց այս երկրի գիտնականների կոլեգիան եկել է մի եզրահանգման, որը ոչ թե կնոջը ապահովում է մարդկային իրավունքով, այլ կենդանական: Արաբ գիտնականները պարզել են, որ կինը պատկանում է  կաթնասուն կենդանիների դասին, հետևաբար նրանք էլ պիտի օգտվեն նույն այն իրավունքներից, որոնցից օգտվում են այդ դասին պատկանող կենդանիները, ինչպիսիք են՝ միասապատանի ուղտը, այծը և այլ չորքոտանիներ՝ tr.shafaqna.com:

Ընդհանրապես հետաքրիր է իսլամում կանանց հանդեպ վերաբերմունքը: Օրինակ՝ մեկ տղամարդու տված վկայությունը հավասար է դիտվում երկու կնոջ տված վկայության՝ այն հիմնավորմամբ, որ տղամարդիկ ավելի լավ հիշողություն ունեն և ավելի սառնասիրտ են դատում: Դրա հետ մեկտեղ Ղուրանում ասվում է. «Եթե ինչ-որ մեկը բարի գործ կատարի, լինի դա տղամարդ կամ կին և լինի հավատացյալ , ապա նրանք կգնան դրախտ և չեն նեղացվի նույնիսկ արմավի կորիզի ակոսի չափով» (Ղուրան4:124):

Իսլամում կանայք ազատ են տնօրինել իրենց բաժինքը կամ եկամուտը և պարտավոր չեն այն ծախսել ընտանիքի վրա: Տղամարդիկ, ընդհակառակը, պարտավոր են իրենց եկամուտը ընտանիքի բարօրրության համար ծախսել: Կինն առանց ամուսնու թույլտվության իրավունք չունի տանից դուրս գալու, աշխատելու կամ սովորելու:

Չնայած իսլամում տղամարդու և կնոջ ամուսնությունը կրոնական, հոգևոր խորհրդի մաս չէ, այլ ընդամենը պայմանագիր երկուսի, իսկ ավելի ճիշտ, նրանց ընտանիքների միջև, մահմեդական կնոջն արգելվում է ամուսնանալ ոչ մահմեդական տղամարդու հետ, մինչդեռ մահմեդական տղամարդը կարող է ամուսնանալ հրեա կամ  քրիստոնյա կնոջ հետ:

Քրիստոնեության մեջ կնոջ դերը՝ հանձինս Մարիամ Աստվածածնի, բարձրացավ, երբ նրան տրվեց <<Երանելին կանանց մեջ>> տիտղոսը:  Այդուհետ յուրաքանչյուր քրիստոնյա կին պիտի փորձեր նմանվել Տիրամորը, որ եկեղեցու խորհուրդն ուներ, իսկ յուրաքանչյուր տղամարդ՝ Քրիստոսին: Նոր Կտակարանում Քրիստոսը և եկեղեցին հանդես են գալիս որպես փեսա և հարս, ինչից հետևում է, որ այր և կնոջ միությունը նախ և առաջ հոգևոր միություն է՝ մեկանգամյա և անքակտելի: Եվ եթե կա դերերի բաժանում ընտանիքում, ինչի մասին խոսում է Պողոս առաքյալը, ապա դրանք պարտավորությունների և ծառայությունների բաժանում են՝ յուրաքանչյուրին իր բաժնեմասով: Քրիստոսով այր և կին մեկ դարձան, ինչպես դրախտում էր, և վերացավ խտրական վերաբերմունքը կնոջ հանդեպ, որ առկա էր Հին Ուխտում. «27. Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. 28. ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս» /Գաղատ3;27-28/։ 

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որին միացել են քրիստոնեական քաղաքակրթությանը պատկանող երկրները, հենց քրիստոնեության վրա է խարսխված: Մարդու հիմնարար ազատությունների և ազատ կամքի գաղափարը վերցված է քրիստոնեությունից: Եվ կնոջ ու տղամարդու հավասար իրավունքները ազատության քրիստոնեական եզրաբանության իրավական դրսևորումներն են: Այսպես թե այնպես, որևէ հիմնարար, գոյաբանական խնդրից եթե խոսելու լինենք, պիտի անպայման ելնենք դրա կրոնական նախահիմքից, որովհետև բոլոր նախահիմքերը կրոնական են, իսկ «կուլտուրա» բառն էլ «կուլտ», այսինքն՝ «պաշտամունք» բառից է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ մշակույթը, ի սկզբանե, եղել է հոգևոր-կրոնական ակտ, ծիսական կյանքի բաղկացուցիչ: Իսկ մշակույթ ասելով էլ պիտի հասկանանք դրա դրսևորման բոլոր կողմերը՝ կենցաղային, կիրառական, ծիսական, իրավական:

21-րդ դարում կենդանիների պաշտպանության հարցում առաջընթաց է գրանցվել մինչև իսկ Սաուդյան Արաբիայում՝ կնոջը, որպես կաթնասունի, իրավունքներ տալով:

Բայց պիտի ընդունել նաև, որ քրիստոնեական քաղաքակրթական հիմքով երկրներից շատերում այսօր մարդու իրավունքների ոլորտում ամրագրվող, խմբագրվող և լրամշակվող շատ իրավունքներ կորցնում են իրենց քրիստոնեական բնութագիրը և մարդուն մարդկային կարգավիճակից իջեցնում կենդանականի: Միասեռականությունը, որ քրիստոնեության մեջ ոչ միայն մեծ, այլև անբնական  մեղք է համարվում, այսօր իրավական ստատուս է ստացել և իր շուրջն իրավունքներ ամրագրել: Այն այսօր հանդես է գալիս որպես մշակութային բազմազանություն և սեռական կողմնորոշում՝ արժանի նույնքան հարգանքի և պաշտպանվածության, որքան ավանդական կողմնորոշումը: Ու եթե կողմնորոշում, բնական է նաև՝ ըստ այդ կողմնորոշման ամուսնության իրավունքը պիտի պաշտպանվեր, ինչին այսօր միանում են եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները՝ մեկը մյուսի ետևից:

Իսկապես նմանը չունեցող 21-րդ դարի ականատեսն ենք և մասնակիցը, երբ մի թևում ունենք մարդու իրավունքների իսպառ բացակայություն, իսկ մյուսում՝ դրանց չարաշահում և բնազանցում: Արդյունքում՝ մի թևում մարդը դեռևս իր կոչման  լրիվ գիտակցումը չունի, մյուսում, ամեն կենդանական և բնազդական գրգիռներին տուրք տալով, մարդուն այլևս հետաքրքիր չէ իր կոչումը:

Արաքս Պողոսյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА