ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխեն Կոստանդյան . «2017-ին առավել ակտուալ կլինի առանց դիմահարդարման ներկայանալը»

09.01.2017 18:17 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Աշխեն Կոստանդյան . «2017-ին առավել ակտուալ կլինի առանց դիմահարդարման ներկայանալը»

Իհարկե, հաճելի է, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ունենում են գեղեցիկ տեսք, սակայն այն ապահովելու համար հարկավոր է տիրապետել դիմահարդարման ճիշտ գաղտնիքներին: Բայց, համաձայնեք, որ կարելի է գեղեցիկ դիմահարդարված տեսքով ներկայանալ ողջ տարվա ընթացքում: Դիմահարդար ԱՇԽԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ հետ «Իրավունքն» իր ընթերցողների համար պարզեց, թե 2017-ն իր հետ դիմահարդարման ի՞նչ տենդենցներ է բերում եւ ի՞նչ ոճ է թելադրում:

- Դիմահարդարման մեջ, ինչպես նաեւ նորաձեւության բոլոր ճյուղերում, յուրաքանչյուր տարի առաջարկվում են առնվազն չորս ուղղության տենդենցներ, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց ընտրել առավել հոգեհարազատը: Սակայն 2017-ին, իմ կարծիքով` առավել ակտուալ կլինի հիմնականում առանց դիմահարդարման ներկայանալը, քանի որ 2016-ին կոսմետիկայի բոլոր տեսակները մեկ դիմահարդարման մեջ ներկայացնելու մեծ բում եղավ: Նյութերի նման առատ օգտագործումը հասավ գագաթնակետին եւ, բնականաբար, պետք է ունենար կտրուկ անկում: Անկախ տարվա համար առաջարկվող տենդենցներից, նուրբ դիմահարդարումը (nude make up) չի կորցնի իր ակտուալությունը, որին կարող են ավելանալ միայն սեւաներկով` տուշով ներկված արտահայտիչ թարթիչները:

- 2017-ի խորհրդանիշ համարվող Աքաղաղն ի՞նչ ոճ է նախընտրում եւ հիմնականում ո՞ր գույներն է թելադրում դիմահարդարման մեջ, եւ արդյո՞ք աքաղաղը փայլեր ու պսպղուն կոսմետիկ հնարքներ սիրում է:

- Աքաղաղն ասոցացվում է վառ գույների հետ, իսկ այս տարի առավելապես կրակի տարերքի գույների ներքո գտնվող կարմիրի, նարնջագույնի, կապույտի, մանուշակագույնի, դեղինի եւ նման մաքուր, վառ գույների: Այդ գույներին կարելի է ավելացնել գրաֆիկական պատկերներ` փայլուն (մետալիկ) ստվերաներկեր, դեկորատիվ դետալներ եւ այլն: Տոնական դիմահարդարում անելիս եւս պետք չէ հիասթափեցնել Աքաղաղին, քանի որ նա շատ վառ է, գունեղ եւ ամբիցիոզ: Այդ իսկ պատճառով կարելի է մնալ նախըտրելի ոճի մեջ` այն զարգացնելով վառ գույներով: Երբեւիցե կողմ չեմ եղել սուր-նորաձեւ տենդենցներից օգտվելու փաստին, քանզի այդ ծայրահեղությունը կարող է մարդուն անհարմար վիճակի մեջ դնել: Ի վերջո, տենդենցներն անցողիկ են: Միշտ կարելի է օգտվել դասականներից, որոնք մշտապես կրողին կպահեն ե՛ւ տարիքին հարմար վիճակում, ե՛ւ նա երբեւէ ծիծաղելի վիճակում չի հայտնվի ոչ միայն իր, այլ նոր սերնդի համար: Երբեմն մարդու մոտ պարելու ցանկության նման կարող է առաջանալ շատ ծանր կամ արտահայտիչ դիմահարդարում ունենալու ցանկություն, որի դեպքում ոչ մի սահմանափակում գոյություն չունի: Ուղղակի պետք է պահպանել դիմագծերի համաչափությունը եւ տարվա նորաձեւ գույների համադրությունը:

- Այս տարի էլ, այսպես կոչված, smoky eyes ոճը տարածված ու ակտուալ կլինի դիմահարդարման մեջ:

- Smokey eyes-ը, ինչպես վերջին տարիներին, այնպես էլ այս տարի կլինի ակտուալ, բայց նկատի ունեմ ոչ թե սեւ աչքը, այլ կառուցվածքը, որն այս տարի, կապված Աքաղաղի հետ, կարող է արտահայտվել տարբեր վառ գույներով` ընդհուպ մինչեւ կարմիր: Ցանկալի է կարմիրն օգտագործելիս ցուցաբերել զգուշություն, որպեսզի աչքի արտահայտությունը տոնականից չվերածվի անառողջի:

- Ձեր խորհուրդը հայ կանանց եւ աղջիկներին, ինչպիսի՞ դիմահարդարմամբ դիմավորեն Աքաղաղի տարին եւ Ամանորի տոնական օրերին ինչպիսի՞ տեսք ունենան:

- Խորհուրդ կտամ, անկախ հորոսկոպի նշանից, միշտ լինել ինքնատիպ եւ ժամանակ հատկացնել առողջությանն ու խնամքին, որոնք էլ գեղեցիկ դիմահարդարման գրավականն են, լինել գունեղ եւ համարձակ:

ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ «ԿԱՐԵԼԻՆԵՐՆ» ՈՒ «ՉԻ ԿԱՐԵԼԻՆԵՐԸ»

Կփորձեմ նշել ոչ միայն 2017-ի, այլ, առհասարակ, դիմահարդարման մեջ, ըստ իս` առավել կարեւոր «չի կարելիներն» ու «կարելիները»:

ՉԻ ԿԱՐԵԼԻ

1. Կարծում եմ, որ երբեւէ թույլատրելի չի լինելու չափից շատ հաստ ներկած հոնքեր ունենալը:

2. Չի կարելի հավասարաչափ, նույն ուժգնությամբ ներկել հոնքերը, աչքերը եւ շուրթերը:

3. Չի կարելի առանց խնամված մաշկ ունենալու օգտվել ծանր դիմահարդարումից:

4. Չի կարելի պահանջել nude make up, եթե դեմքի վրա առկա են էսթետիկ խնդիրներ, քանզի այս տեսակ դիմահարդարման դեպքում թերությունն առավել կընդգծվի:

5. Չի կարելի խորը տեղադրված աչքերի դեպքում օգտվել smokey eyes-ից եւ շատ բարակ շուրթերի դեպքում` շրթներկի շատ մուգ երանգներից:

ԿԱՐԵԼԻ Է

1. Առօրյայում պետք է մշտապես ունենալ խնամված տեսք, որպես հարգանք դիմացինի նկատմամբ:

2. Դիմահարդարման մեջ պետք է պահպանել գունային հարմոնիա:

3. Պետք է ուշադրություն դարձնել դեմքի մազահեռացմանը, որը ցավոտ խնդիր է Հայաստանում: Պետք է ընտրել իսպառ վերացնող, այլ ոչ թե կարճաժամկետ ազդեցություն ունեցող միջոցներ, որոնք վաղը կհանգեցնեն ավելի մեծ խնդիրների:

4. Շրթներկը դիմահարդարման կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, ուստի դրա ընտրությունը պետք է լինի ճիշտ: Չոր շրթներկ կարելի է օգտագործել առավելապես երկար նկարահանումների ժամանակ կամ այնպիսի հանգամանքներում, որտեղ նվազագույնի է հասնում թարմացնելու հավանականությունը: Թաց կամ փայլուն շրթներկը առօրյա եւ տոնական դիմահարդարմանը տալիս է կրկնակի գեղեցկություն` ընդգծելով շուրթերի իսկական ծավալը: Իսկ մշտապես կարելի է օգտագործել ուղղակի անգույն փայլ կամ հիգիենիկ քսուկ:

5. Մշտապես պետք է օգտվել պատմություն ունեցող կոսմետիկայի բրենդներից, քանզի նրանց երկարամյա փորձը թույլ է տալիս առավել վստահ լինել, որ նրանք պատասխանատու են ձեր մաշկի առողջության համար:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА