ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնաբերվել է Զիկա վիրուսի «մահացու զենքը»

05.01.2017 17:35 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայտնաբերվել է Զիկա վիրուսի «մահացու զենքը»

Մինչեւ վերջին ժամանակները գիտնականները շատ քիչ բան գիտեին Զիկա վիրուսի կառուցվածքի եւ գործելու սկզբունքների մասին: Սակայն անցյալ տարվա ընթացքում պարզվել է, որ վիրուսը մեծաթիվ հիվանդությունների առաջացման պատճառն է՝ ներառյալ բնածին արատները, եւ միայն վերջերս է հայտնաբերվել, թե հատկապես վիրուսի արտադրած որ սպիտակուցներն են նրա «մահացու զենքը»:

Համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները Զիկա վիրուսի գենոմի անալիզի միջոցով նույնականացրել են 7 առանցքային վիրուսային սպիտակուցներ, որոնք պատասխանատու են կենդանի օրգանիզմներին վիրուսի պատճառած վնասների համար:

Զիկա վիրուսի գենոմը հետազոտելու համար գիտնականներն օգտագործել են Schizosaccharomyces pombe տեսակի հատուկ խմորիչներ: Հետազոտության ընթացքում նրանք առանձնացրել են սպիտակուցների 14 տեսակներից յուրաքանչյուրը եւ Զիկա վիրուսի արտադրած պեպտիդային կարճ շղթաները: Այնուհետեւ խմորիչների բջիջները առանձին-առանձին ենթարկվել են այդ սպիտակուցներից յուրաքանչյուրի ազդեցությանը, որից հետո հետազոտվել է սպիտակուցի ազդեցությանը բջիջների արձագանքը: Պարզվել է, որ 14 սպիտակուցներից յոթը կենդանի բջիջների վրա կործանարար ազդեցություն են ունեցել՝ արգելակելով դրանց զարգացումը, վնասելով եւ անգամ դրանք սպանելով:

Գիտնականներն այժմ սպիտակուցներից յուրաքանչյուրի, նաեւ դրանց համադրության «մահաբերությունը» պետք է ստուգեն հյուսվածքների կուլտուրաների վրա: Այնուհետեւ փորձեր կանցկացվեն կենդանիների վրա, եւ արդեն այդ փուլում կսկսվի Զիկա վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի որոնումը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Զիկա վիրուսով են վարակվել հարյուր հազարավոր մարդիկ, որոնք գլխավորապես բնակվել են Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում: Ներկայումս բժիշկները չունեն ո՛չ արդյունավետ պատվաստանյութ, ո՛չ դեղամիջոցներ, որոնք ընդունակ կլինեն կանխարգելել վարակումը կամ հաղթահարել այս վիրուսով վարակվելու հետեւանքները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА