ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարզային դահլիճը, բեմը միայն ընտրությունների ժամանակ այդտեղից խոսելու համար չեն»

04.01.2017 22:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ
«Մարզային դահլիճը, բեմը միայն ընտրությունների ժամանակ այդտեղից խոսելու համար չեն»

ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի ներքո ամփոփեց մշակութային տարին եւ խոսեց 2017-ի անելիքների մասին` պատասխանելով մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի տարաբնույթ հարցերին, որը ներկայացնում ենք ստորեւ:

«2017-ԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՇՈՒՐՋ 400 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ»Фото Sarafyan Hrant.

Фото Sarafyan Hrant.– Կառավարության կամ մշակույթի նախարարության կողմից ֆինանսավորվող բազմաբնույթ փառատոներից մի քանիսը մարզերում անցկացնելը չե՞ք կարծում, որ կարող է լուրջ խթան հանդիսանալ մարզերի հավասարաչափ զարգացման պետական ծրագրին... Խնդրում եմ հարցս դիտարկել նաեւ որպես առաջարկ: (ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)

– Հարցը հղողը հավանաբար ծանոթ չէ  2017 թվականին վարվելիք մեր մշակութային քաղաքականությանը: Մենք կառավարության ծրագրով արդեն ֆիկսված արձանագրել ենք, որ մարզերում, գյուղերում ու շրջաններում ունենալու ենք շուրջ 400 մշակութային այցելություններ, եւ սա չեմ ամաչում ասել, որ իմ հպարտությունն է: Թատերահամերգային կոլեկտիվների այցելություններ են լինելու, ինչպես նաեւ ցուցահանդեսներ, եւ նման կերպ փորձելու ենք աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում: Ընդորում՝ ներգրավելու ենք ոչ միայն մշակույթի նախարարությանը պատկանող կոլեկտիվներին: Գործելու է երեք ուղղություն` Երեւանից դեպի հյուսիս-արեւելք, Երեւանից դեպի հյուսիս-արեւմուտք եւ Երեւանից դեպի հարավ` ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 400 մշակութային այցելությունները կարծում եմ` բավականին լուրջ ազդակ են հանդիսանալու մարզերում մշակութային կյանքը առողջացնելուն: Մենք ունենք հրաշալի դահլիճներ, մշակույթի տներ, դպրոցների դահլիճներ, որոնք այսօր թերեւս այդքան էլ պատրաստ չեն ընդունելու մեր կոլեկտիվներին, բայց համայնքի ղեկավարները պետք է հասկանան, որ մարզային դահլիճը, բեմը միայն ընտրությունների ժամանակ այդտեղից խոսելու համար չեն: Այդ բեմը պետք է տրամադրել երաժշտին եւ դերասանին: Այդ դեպքում բեմն էլ կնորոգվի, դահլիճն էլ կջեռուցվի եւ մշակութային կյանքն էլ կլինի այնպիսին, ինչպիսին ուզում ենք ունենալ:

«ՄԱՐԶԵՐՈՒՄ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ՈՐ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՀԱԳԵՑԱԾ»

Фото Sarafyan Hrant.Фото Sarafyan Hrant.– Մարզերում բարեկամներ ունեմ, որոնք կարոտ են կինոդիտումների: Իսկ միայն դրա համար Երեւան գալու հնարավորություն չունեն: Ինչ-որ բան նախատեսո՞ւմ եք այս ուղղությամբ: (ԿԱՐԻՆԵ, ք. Երեւան)

- Մենք հիմա փորձում ենք ձեռք բերել երկու շարժական կինոթատրոն` մեկ շարժական մեքենա կինոթատրոն եւ մեկ շարժական կինոթատրոն, որոնք տարվա 365 օրը շրջելու են ամբողջ մարզերում: Ընդորում՝ այդ շրջիկ կինոթատրոնի մեքենայի մեջ լինելու են նաեւ գրքեր, որպեսզի գրադարանի սկզբունքով գրքերը հանձնվեն համայնքի բնակիչներին՝  հաջորդ անգամ հետ վերցնելու կամ փոխանակելու պայմանով: Այնպես որ, մշակութային կյանքը մարզերում 2017-ին վստահեցնում եմ Ձեզ, որ լինելու է առավել քան հագեցած եւ աշխույժ:

«ՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՏՆՕՐԵՆԸ»

Фото Sarafyan Hrant.– Արդեն տասը տարի է աշխատում եմ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում: Ունեմ լավ կենսագրություն, բայց դեռ պայմանագրով  օժանդակ կազմի դերասանուհի եմ: Արդարացի կլինի, որ փոխվի իմ պայմանագիրը` օժանդակ կազմի դերասանուհուց անցնելով դերասանի... (Հարցն ուղղված էր լատինատառ, - հեղինակ) (ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ)

– Դեկտեմբերի 24-ից մշակույթի նախարարությունը հայտարարել էր հատկապես վիրտուալ տարածքում հայատառ գրելու եւ շնորհակալության շաբաթ: Դրա համար թույլ տվեք սիրելի Աննային նախ ասել, որ վաղուց ժամանակն է ներբեռնելու հայկական տառատեսակներ եւ վիրտուալ տիրույթում գրել հայերեն: Անդրադառնալով հարցին` նշեմ, որ լավ ճանաչում եմ Աննա Հակոբյանին, շատ սիրում եմ իրեն եւ գնահատում, բայց նման հարցերը որոշում են թատրոնի գեղարվեստական ղեկավարը եւ տնօրենը: Մենք այնտեղ վերջերս նոր նշանակում ունեցանք, եւ Տիգրան Վիրաբյանը նշանակվեց թատրոնի տնօրեն: Թատրոնի գլխավոր ռեժիսորն էլ երիտասարդ, շատ խոստումնալից մարդ է: Կարծում եմ՝ նման հարցերը ժամանակի ընթացքում իրենց լուծումները կստանան, առավել եւս խորապես համոզված եմ, եւ նաեւ հանրությունը կարող է փաստել, որ Տիգրան Վիրաբյանի նշանակումը լավագույն նշանակումներից մեկն էր:

«ԵԹԵ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՎՍ ՆԵՐԳՐԱՎԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲՈՒՄ, ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԻ»Фото Sarafyan Hrant.

Фото Sarafyan Hrant.– Նախ ներկայանամ՝ ես ծառայում եմ Գլխավոր շտաբի նվագախմբում եւ շատ հետաքրքիր առաջարկ ունեմ. տեղեկանալով Համահայկական նվագախմբի մասին՝ շատ կցանկանայի ինքս էլ հանդես գալ նվագախմբում: Կարծում եմ՝ շատ ներկայանալի կլինի, եթե նվագախմբում ընդգրկեք մի քանի զինվորների: Ասեմ, որ մինչ ծառայությունս սովորել եմ Կոնսերվատորիայում: Զբաղվում եմ մշակութային գործունեությամբ (Tonica Production), մասնակցել էլ եմ տարբեր միջազգային մրցույթ-փառատոների: (ԳԱՐԵԳԻՆ ՔԵՎՆԱՔՍԶՅԱՆ)

– Հրաշալի գաղափար է, շնորհակալություն առաջարկի համար: Սա, պարզապես, միջգերատեսչական հարց է, որը պետք է քննարկվի պաշտպանության նախարարության հետ: Եվ եթե հնարավոր լինի, ես շատ ուրախ կլինեմ: Իսկապես, եթե զինծառայողներ եւս ներգրավեն Համահայկական նվագախմբում, հրաշալի կլինի:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՅՍՕՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է 24 ԺԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՊԱՀԵԼ»

Фото Sarafyan Hrant.Фото Sarafyan Hrant.– Ես Արթուրն եմ 15 տարեկան եւ ունեմ իմ անձնական հեռուստաընկերությունը, որը Մշակութային ալիք է կոչվում: 24 ժամ եթերում ներկայացվում են մշակութային, զարգացնող հեղինակային հաղորդումներ, որոնք տարբեր ընկերությունների հետ համագործակցության արդյունք են: Ալիքի շրջանակներում աշխատում եմ ՀՀ ժող.արտիստ` Սասուն Պասկեւիչյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի, Կարեն Քոչարյանի, Արտավազդ Եղոյանի, Տիգրան Ներսիսյանի, Դավիթ Սահակյանցի եւ ուրիշների հետ: Ունեմ բազմաթիվ հաղորդումների գաղափարներ, մշակույթի նախարարությունը կարո՞ղ է ինձ օգնել առաջ տանել ու ներկայացնել մեր մշակույթը յուրովի: Հավելեմ, որ ոչ մի շահույթ այսքան ժամանակ չեմ ունեցել: (ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ)

– Շատ հետաքրքիր է, ինձ համար նորություն է, որ այսօր հնարավոր է 24 ժամ մշակութային հեռուստաալիք պահել եթերում: Մենք փորձելու ենք 2017-ն այնքան մշակութային դարձնել, որպեսզի ոչ թե մեկ, այլ երկու-երեք հեռուստաալիք հնարավոր լինի պահել՝ մշակութային իրադարձություններով: Ես կհետեւեմ այս հեռուստաալիքի աշխատանքին, եւ եթե իրապես այն արժեք ներկայացնում է, կփորձենք ինչ-ինչ ծրագրերի աջակցել: Թեպետ արդեն արժեք է ներկայացնում այն փաստը, որ 15 տարեկան Արթուրը զբաղվում է մշակութային հեռուստաալիք ստեղծելով: Շնորհակալություն Արթուրին:

«ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ ՄԵՐ ԱՐՎԵՍՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

Фото Sarafyan Hrant.– Ես Ձեզ, իսկապես հարգում եմ որպես մարդ, որպես դասախոս` իմ դասախոս, բայց այնուամենայնիվ, վերջերս կատարած Ձեր գործողություններն ինձ անհասկանալի են թվում: Ռուզաննա Սիրունյանի կազմակերպչական ձիրքը, նրա համախմբվածությունն ինչո՞ւմ կարող եք ներկայացնել, օրինակ բերել, որ հասարակությունը հասկանա, որ հասարակությունն էլ ճիշտ համարի այն, որ Սերգեյ Սմբատյանին չվստահեցիք համահայկական նվագախմբի ղեկավարումն ու տվեցին նրան: (ՎԻԳԵՆ ՄԻՐԻՄԱՆՅԱՆ)

– Նախ շատ շնորհակալ եմ, որ Վիգենն ինձ հիշում է որպես դասախոս: Իսկ ինչ վերաբերում է նախագծին` պետք է ասեմ, որ Ռուզաննա Սիրունյանը մեր արվեստի լավագույն կառավարիչներից մեկն է, որը շատ երկար տարիներ ղեկավարում է մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը: Եվ վստահաբար պետք է ասեմ, որ այն աշխատանքը, որը հիմա վստահել ենք տիկին Ռուզաննա Սիրունյանին, նա անելու է լավագույնս: Անդրադառնալով Սերգեյ Սմբատյանին՝ պետք է ընդգծեմ, որ չի´ կարելի Ռուզաննա Սիրունյանին եւ Սերգեյ Սմբատյանին նույն հարթության վրա դնել: Մենք խոսում ենք արվեստի կառավարչի եւ դիրիժորի մասին, ինչպե՞ս կարելի է համեմատել: Սերգեյ Սմբատյանը դիրիժոր է, եւ եթե խոսքը վերաբերում է ամբողջությամբ համերգը մի դիրիժորի վստահելուն, ես դա սխալ եմ համարում, որովհետեւ այս դեպքում հարցը վերաբերում է համահայկական գաղափարին: Սա նշանակում է, որ այս ծրագրով նվագախմբում պետք է ներգրաված լինեն ամբողջ աշխարհում հանդես եկող մեր հայերը: Եվ համերգը ես արդեն հայտարարել եմ, որ ղեկավարելու են մեր երեք դիրիժորները` Էդվարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը եւ Սերգեյ Սմբատյանը: Սա եւս համախմբման, միավորվելու մի մեթոդ է: Ավելին՝ ասեմ, որ ապագայում նախատեսված համերգները, որոնք լինելու են Բուենոս Այրեսում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Թեհրանում, տեղի են ունենալու դիրիժորների փոփոխությամբ: Դիրիժորներ, որոնք փայլուն հանդես են գալիս Ֆրանսիայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում: Այսինքն` չի կարելի սեւեռվել մի հոգու վրա եւ ասել՝ ինչո՞ւ սրան, ինչո՞ւ նրան… Սա համահայկական նախագիծ է, որը մեկ ընդհանուր մշակութային հարթակի մեջ միավորելու է մեր արտիստներին ու երաժիշտներին:

Фото Sarafyan Hrant.– Ինչպե՞ս եք վերաբերվում Անկախության սերունդ համահայկական ծրագրին, որը սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգ կազմակերպեց: (ԼԻԼԻԹ ԱՐՍԵՆՅԱՆ)

– Նորմալ, շատ լավ համերգ էր, ես վայելեցի այն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը կարդացե´ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА