ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քննիչների ու դատավորների ազդեցության տակ չեմ». Ի՞նչ է կատարվում հանրային պաշտպանի գրասենյակում

31.12.2016 14:22 ԻՐԱՎՈՒՆՔ
«Քննիչների ու դատավորների ազդեցության տակ չեմ». Ի՞նչ է կատարվում   հանրային պաշտպանի գրասենյակում

«Իրավունք»-ն անդրադարձել է հարեւաններ Երվանդ Գալստյանի  եւ Ազնիվ Սիմոնյանի խնդրին: Հարեւանների վեճը կենցաղային է: Քանի որ  չեն կարողացել լեզու գտնել, դիմել են դատարան: Գործը քննում են Արտաշատի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Երվանդ Գալստյանի  շահերը պաշտպանում է հանրային պաշտպան Անահիտ Սաղաթելյանը: Սակայն «Իրավունք»-ին տեղեկություններ են հասել, որ տիկին Սաղաթելյանն այլեւս ի զորու չէ պաշտպանել Երվանդ Գալստյանի շահերը, քանի որ հանրային պաշտպանի գրասենյակը չի ցանկանում աշխատել Անահիտ Սաղաթելյանի հետ: տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց հանրային պաշտպանը: «Իմ գործունեությունից դժգոհ են, քանի որ լավ արդյունքներ չեմ տվել: Հանրային պաշտպանի ղեկավար Մելանյա Առուստամյանն պատճառաբանում է` կիսատ մնացած գործերը շատ են,  ընկնում եմ իմ վստահորդների  խելքին` դատերն եմ հետաձգում: Ես էլ ասում եմ`հանրային պաշտպանն ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի հետաձգել դատական գործերը: Հանրային   պաշտպանի ղեկավարը նաեւ ինձ ասաց, որ  եթե   հանրային պաշտպանի  ծառայությունից օգտվողները ցանկանում են իրենց դատական գործը մանրամասն քննվի, թող  մասնավոր փաստաբանի ծառայություններից օգտվեն»,- մանրամասնեց հանրային պաշտպանը:

Անահիտ Սաղաթելյանի  խոսքով` հանրային պաշտպանի գրասենյակին իրենից բողոքել են դատավորները եւ քննիչները անհիմն միջնորդություններ ներկայացնելու համար: «Բայց եթե միջնորդություններն անհրաժեշտ են իմ վստահորդին, ո՞նց կարող են դրանք անհիմն լինել: Կամ եթե անհիմն են  միջնորդությունները, թող դատարանն իր վճիռը կայացնի, ոչ թե հետաձգի  դատական նիստերը»,- ասաց Անահիտ Սաղաթելյանը:

Մյուս խնդիրը, որի մասին  տեղեկացանք հանրային պաշտպանից,հանրային պաշտպանին հատկացվող փոխադրամիջոցն ու  գրասենյակն են: «Արդեն երկու տարի է` բարձրաձայնում եմ  գրասենյակ չունենալու, իմ հաշվին երթեւեկելու մասին, սակայն սայլը տեղից չի շարժվում»,- ասաց տիկին Սաղաթելյանը:

«Իրավունք»-ը կապ հաստատեց    հանրային պաշտպանի գրասենյակ ղեկավար  Մելանյա Ռուստամյանի հետ: Վերջինս հերքեց Անահիտ Սաղաթելյանի   խոսքերը:  «Ես նման բան չեմ ասել:  Անհարկի ձգձգումների մասին եմ խոսել, որը ծանրաբեռնում է հանրային պաշտպանի աշխատանքը»,- ասաց  գրասենյակի ղեկավարը:

-Տիկին Առուստամյան, հանրային պաշտպանը ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի ձգել դատական գործերը: Եթե  վստահորդի գործի համար անհրաժեշտ է միջնորդություն ներկայացնել, ինչո՞ւ նա դա չպետք  է անի:

- Եթե հանրային պաշտպանի միջնորդությունը պաշտպանյալի շահերից է ելնում,  ապա  հանրային պաշտպանը դա պետք էանի: Հանրային բոլոր պաշտպանները հանձնարարական ունեն, որ բոլոր գործողությունները պետք է անեն, որոնք բխում են իրենց վստահորդների շահերից:  Հանրային պաշտպանը պետք է կատարի իր  պարտականությունները բարեխիղճ, բոլոր քննչական  գործողություններին եւ դատական գործերին ներկայանա: Ես տիկին Սաղաթելյանին չեմ ասել, որ նրա պատճառով են ձգձգվում  գործերը: Ասել եմ, որ  կիսատ գործեր կան, արդյունքներ չունեք:

-Տիկին Սաղաթելյանն ասում է, որ դատական անավարտ  գործերի պատճառն  իր  բարեխղճությունն  ու մանրակրկիտ վերաբերմունքն է յուրաքանչյուր գործի հանդեպ:

-Եթե մանրակրկտորեն է վերաբերվում, դա գովելի է: Դա չէ պատճառը, որ տիկին Սաղաթելյանի գործերն անավարտ են: Կա գնահատման հանձնաժողովի որոշում:

- Վստա՞հ եք, որ այդ հանձնաժողովի որոշումն օբյեկտիվ է:

-Որոշումը կայացրել են նահիտ Սաղաթելյանի ու մյուս պաշտպանների հաշվետվությունների հիման վրա: Մենք ունենք գնահատման համակարգ, որով երեւում է բողոքների,  միջնորդությունների  արդյունքները եւ դրանց  հիման գնահատման հանձնաժողովը որոշում է` երկարացնե՞լ  այս կամ այն հանրային պաշտպանի հետ պայմանագիրը, թե՞ ոչ:  Տիկին Սաղաթելյանը Արարատի մարզի հանրային պաշտպաններից ունեցել  է գնահատման ամենացածր վարկանիշը: 

 -Իսկ ի՞նչ կասեք  Անահիտ Սաղաթելյանի այն  հայտարարության մասին, որ հանրային պաշտպանի գրասենյակը նրա հանդեպ որոշում ընդունելիս դատավորների եւ քննիչների դժգոհությունները եւս հաշվի է առել: Այսինքն` կարող ենք ենթադրել` հանրային պաշտպանի գրասենյակը, ի դեմս Ձեզ, այդ դժգոհությունների ազդեցության տակ է:

-Ես քննիչների ու դատավորների ազդեցության տակ չեմ, նման որոշում չեմ կայացրել: Անահիտ Սաղաթելյանի աշխատանքը գնահատվել է իր ներկայացրած հաշվետվության հիման վրա: Հանձնաժողովն էլ գնահատել է, եւ ամենացածր վարկանիշն ունեցել է Անահիտ Սաղաթելյանը: Բացի այդ `մենք պետք է թարմացնենք հանրային պաշտպանների կազմը:

-Թարմացնել ասելով` նկատի ունե՞ք` երիտասարդացնել հանրային պաշտպանների կազմը:

-Ոչ: Նկատի ունեմ ռոտացիոն սկզբունքով հանրային պաշտպանների ընտրություն:

-  Հանրային պաշտպանին գրասենյակ,ինտերնետային կապի միջոց չունենալու, փոխադրամիջոց  չտրամադրելու մասին  մեզ հետ զրույցում եւս խոսել է տիկին Սաղաթելյանը:

-Անահիտ Սաղաթելյանին առաջարել ենք Արտաշատում  եւ փաստաբանների պալատում աշխատել: Նա անցյալ տարի եղել է Վարդենիսում եւ չի օգտվել այնտեղի գրասենյակից: Անահիտ Սաղաթելյանը  երբեք չի ասել` գրասենյակ չկա:  Թող բերի գրավոր փաստաթուղթ, որ ասել է` չեմ կարողանում Արտաշատում աշխատել: Կամ իրեն առաջարկել  ենք Երեւանում աշխատել, քանի որ հեշտ է Երեւանում աշխատել, հետո  տրանսպորտով գնալ Մասիս ու Արտաշատ: Ինչ վերաբերում է տրանսպորտի համար տրվելիք փոխհատուցմանը, ապա դա կատարվում է   փաստաթղթերի հիման վրա: Տիկին Սաղաթելյանը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել սահմանված ժամկետում:

-Այնուամենայնիվ, համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ  հանրային պաշտպանի գրասենյակի հանդեպ ցածր է հանրության վստահությունը:

-Եթե  դժգհությունը ցածր է, ինչո՞ւ են  հանրային պաշտպաններին դիմողներն  ավելանում տարեցտարի:

-Հնարավորություն չունեն մասնավոր փաստաբանի  ծառայություններից օգտվելու, դրա համար էլ դիմում են հանրային պաշտպանի գրասենյակին:

-Մեր հանրային պաշտպաններն ունեն բավական արդարացումներ ու կարճումներ: Այսքան գործերի աճը վկայում  է հանրային պաշտպանի գրասենյակի որակյալ աշխատանքի մասին:

Անահիտ Սաղաթելյանը մեզ հետ զրույցում հերքեց Մելանյա Առուստամյանի խոսքերը, թե գրասենյակի մասին հարց չի բարձրաձայնել: Իսկ  տրանսպորտից օգտվելու համար ներկայացվելիք փաստաթղթի մասին էլ ասաց. «Եթե ես հանրային տրանսպորտով եմ  երթեւեկում, ինչպե՞ս ներկայացնեմ փաստաթուղթ: Իրենք այդ մասին գիտեին: Տիկին Առուստամյանն ասում էր` հարցում են արել  երթուղային գիծը սպասարկող կազմակերպությունից, որից ես օգտվում եմ դատական նիստերին գնալիս: Հանրային պաշտպանի գրասենյակը պետք է ստանա միջին գնացուցակը եւ ըստ այդմ էլ` վարձատրեն»:

 Հանրային պաշտպանի համար անհասկանալի է`  ի՞նչ չափորոշիչներով են որոշում իր աշխատանքի արդյունավետությունը, այդ ի՞նչ գնահատման հանձնաժողով է, որի մասին առաջին անգամ է լսում:

 

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА