ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՂՀ ԱԺ նախագահ. «Մենք ապացուցեցինք աշխարհում մեր լինելիության արդարացի իրավունքը»

30.12.2016 23:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՐՑԱԽ
ԼՂՀ ԱԺ նախագահ. «Մենք ապացուցեցինք աշխարհում մեր լինելիության արդարացի իրավունքը»

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ իր շնորհավորանքն է հղել ժողովրդին, որում մասնավորապես ասված է.

Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը

«Տարեմուտի նախաշեմին, ինչպես մեզանից յուրաքանչյուրն անհատապես, այնպես էլ խորհրդարանը՝ որպես ժողովրդի ներկայացուցչական մարմին, ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումները, վերարժեւորում ունեցածն ու նախանշում ապագայի անելիքները:

Անցնող 2016-ը բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայության համար: Ապրիլին հակառակորդի կողմից հրահրված պատերազմն այն փորձությունն էր, որին արժանապատվորեն դիմակայելով, մենք ապացուցեցինք հայի միասնականության անպարտելիությունն ու աշխարհում մեր լինելիության արդարացի իրավունքը: Անշուշտ, այս փորձությունը հաղթահարեցինք հայոց փառավոր բանակի եւ նրա քաջարի զինվորների շնորհիվ: Ցավոք, ունեցանք անդառնալի կորուստեր, ովքեր համալրեցին հերոս հայորդիների շարքերը:

Անցնող տարում հանդիսավոր նշելով Արցախի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը՝ ի լուր աշխարհի վերստին փաստեցինք, որ ամուր ենք կանգնած ազատ ու անկախ հայրենիք ունենալու եւ այն շենացնելու անբեկանելի ճանապարհին: Այս ուղղությամբ կատարեցինք եւս մեկ խորհրդանշական քայլ՝ նախաձեռնելով հանրապետության հետագա զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

Բոլորովին վերջերս մենք նշեցինք նաեւ առաջին խորհրդարանական ընտրությունների քառորդդարյա հոբելյանը՝ հանրագումարի բերելով պառլամենտարիզմի զարգացման  մակարդակը: Օրինաստեղծ աշխատանքի հետ միասին խորհրդարանը քայլեր է ձեռնարկում արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ խարսխելով այն Արցախի միջազգային ճանաչման առաջնահերթությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թեւակոխելով նոր 2017 թվական՝ վստահ եմ, որ գալիք տարին եւս Արցախի նորանկախ պատմության մեջ արժեւորվելու է նոր հաղթանակներով ու ձեռքբերումներով: Ուստի մաղթում եմ բոլորիս ամուր առողջություն, անսահման եռանդ ու անխաթար հավատ՝ ազատության մեր ապագա ճանապարհին»:

Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Արցախը, Մայր Հայրենիքը եւ համայն հայությանը:

Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА