ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր տոնական սեղանը հաստատ կոկորդիլոսով չի առանձնանա»

30.12.2016 20:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Մեր տոնական սեղանը հաստատ կոկորդիլոսով չի առանձնանա»

Ի տարբերություն մի շարք պաշտոնյաների, որոնք նախընտրում են Ամանորն անցկացնել եվրոպական երկրներում կամ կազմակերպել «փախուստ» հայաստանյան ցուրտ ձմռանից դեպի տաք երկրներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԸ պատրաստվում է Նոր տարին դիմավորել Ապարանում` իր հայրական տանը` ընտանիքի եւ ընկերների հետ:

Պարոն փոխնախարար, մանկության տարիներին սովորաբար նամակ գրե՞լ եք Ձմեռ պապին եւ ի՞նչ հիշարժան նվերներ եք ստացել:

 – Իհարկե, գրել եմ նամակներ եւ հիմնականում ստացել եմ նվեր ատրճանակներ ու ավտոմեքենաներ:

Իսկ այսօր ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձմեռ պապից:

– Խաղաղություն եմ խնդրում, որպեսզի զոհեր չունենանք զինվորների շրջանում: Ուզում եմ մեր երկրի սահմանները լինեն ամուր եւ ունենանք տնտեսական աճ` հատկապես գյուղատնտեսության ոլորտում:

Ի դեպ, անկախ տնտեսական վիճակից, այս օրերին խանութներում §ասեղ գցելու տեղ չկա¦, եւ ճոխ տոնական սեղան ունենալու «մրցույթը» մեկնարկել է: Ինչո՞վ կառանձնանա փոխնախարարի տոնական սեղանը:

– Մեր տոնական սեղանը հաստատ կոկորդիլոսով չի առանձնանա, այլ կլինեն հայկական, ավանդական, տոնական ուտեստներ:

Նախատոնական առեւտրի եռուզեռին մասնակցո՞ւմ եք...

– Ընդհանրապես չեմ խառնվում, դրանով կինս, հայրս ու մայրս են զբաղվում, որովհետեւ ժամանակս չի ներում:

Գոնե երեխաների նամակները փոխանցե՞լ եք Ձմեռ պապին:

– Միանշանակ, արդեն փոխանցել եմ (ծիծաղում է,- հեղինակ):

 – Ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել տոնական օրերը:

 – Ցանկանում եմ հանգստանալ, բայց չի ստացվում, որովհետեւ թե՛ մեր տանն են լինում այցելություններ, թե՛ ես եմ բազմաթիվ տեղեր գնում ու ընկերների, հարազատների այցելում: Այնպես որ, հանգստանալը միշտ չի ստացվում:

Ո՞րը կլինի 2017-ի Ձեր առաջին կենացը:

– Շնորհավոր Ամանոր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА