ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի խումբ մշակույթի գործիչներ հյուրընկալվեցին Պերճ Զեյթունցյանին

29.12.2016 23:33 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մի խումբ մշակույթի գործիչներ հյուրընկալվեցին Պերճ Զեյթունցյանին

Ամանորի նախօրեին մի խումբ մշակույթի գործիչներ օրերս հյուրընկալվեցին գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանին՝ հաճելի անակնկալ մատուցելով նրան:

Նրանց թվում էին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Մշակութային Հայաստան» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար Վահագն Զաքարյանը, օպերային արտիստներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը, Անդրանիկ Մալխասյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը:

 Ջերմ ու հաճելի միջավայրում հյուրերը գրողին ներկայացրին իրենց վերջին շրջանի գործունեությունը, խոսեցին մշակույթին, գրականությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև կատարեցին Նիկոլ Գալանտերյանի և Կոմիտասի ստեղծագործություններից:

Պ. Զեյթունցյանը ցանկություն հայտնեց, որպեսզի այսօրինակ մշակութային հանդիպումներն այսուհետ շարունակական լինեն՝ ինչն անչափ կարևոր է մշակույթի գործչի, մտավորականի համար՝ տարբեր հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու և ինչու չէ նաև գործնական առաջարկներ ներկայացնելու համար:

Ամանորին ընդառաջ գրողը, ներկա մշակույթի գործիչներին և առհասարակ մեր ժողովրդին շնորհավորելով, ցանկացավ. «Բոլորին երջանկություն եմ մաղթում, քանի որ միայն այդ դեպքում է մարդ առողջ, հաջողակ իր գործում և ընտանիքում»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА