ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերային թատրոնի տարեվերջյան ներկայացումը դիտեցին նաև քառօրյա պատերազմի մերօրյա հերոսները

29.12.2016 23:23 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Օպերային թատրոնի տարեվերջյան ներկայացումը դիտեցին նաև քառօրյա պատերազմի մերօրյա հերոսները

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ տարեվերջյան ներկայացումը՝ Ջ. Պուչինիի «ՏՈՍԿԱ» օպերան, որը նվիրված էր թատրոնի երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ տենոր ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին: Երեկոն խորհրդանշական էր քանի որ թատրոնում 2016 թվականը նվիրված էր Գեղամ Գրիգորյանի հիշատակին, իսկ «Տոսկան» էլ դարձավ այն բարձրակետը, որով թատրոնը եզրափակեց 2016 թվականը՝ ի փառս Գեղամ Գրիգորյան մեծանուն հայի և աշխարհահռչակ երգչի:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինության հրավերով ներկայացմանը ներկա էին նաև 2016-ի քառօրյա պատերազմի քաջարի տղաները, ովքեր անսասան պահեցին մեր հայրենիքի սահմանները՝ արժանի հարված հասցնելով թշնամուն: Հայաստանի օպերային թատրոնի դահլիճում էին առաջին իսկ կրակոցից հակառակորդի ուղղաթիռը խոցած, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մարտական խաչ երկրորդ աստիճան շքանշանի արժանացած ՆԱՐԵԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, հակառակորդի երեք տանկ խոցած, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մարտական խաչ երկրորդ աստիճան շքանշանի արժանացած ՇՈՒԼԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ և հակառակորդի 3 տանկ խոցած, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից Մարտական խաչ երկրորդ աստիճան շքանշանի արժանացած ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Ի դեպ, անցնող տարվա ընթացքում մեծ հանդիսությամբ գլխավոր թատրոնում նշվեցին օպերային թատրոնի երախտավորների ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ, ՄԻՀՐԱՆ ԵՐԿԱԹԻ, ՏԱԹեվԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ, ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՎԱԼԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ և ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ հոբելյանները:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА