ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատերազմի հավանականությունն ու նախընտրական Հայաստանը 2017թ.-ին

28.12.2016 19:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Պատերազմի հավանականությունն ու նախընտրական Հայաստանը 2017թ.-ին

Ամփոփելով 2016 թվականի ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձությունները եւ, միեւնույն ժամանակ, անդրադառնալով գալիք տարվա սպասումներին` «Իրավունքը» զրուցեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԻՆՏՐԻԳԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ»

–Այս տարի նախընտրական ինտրիգը, կարծես, պտտվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անվան շուրջ: Ըստ Ձեզ` որքանո՞վ նրան կհաջողվի դառնալ գլխավոր ընդդիմադիրը, եւ ի՞նչ հեռանկար կարող է ունենալ Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան համագործակցությունը:

– Չեմ կարծում, որ նախընտրական գլխավոր ինտրիգը լինելու է Սեյրան Օհանյանը: Ավելի ճիշտ` չեմ կարծում, որ ընտրությունների ընթացքում միայն մեկ ինտրիգ է լինելու, ինչն ինձ համար ակնհայտ է: Դեռ քաղաքական դաշտի նախընտրական վերջնական պատկերը չունենք, եւ այսօր դժվար է ինչ-որ լուրջ կանխատեսումներ անել, թե ինտրիգներ լինելու են Դալլաքյան-Օհանյան շրջանակներո՞ւմ, նախկին պաշտոնյաներից ե՞ւս կմիանան նրանց կամ, այսպես կոչված, քաղաքական մեծ ուժեր կփորձե՞ն դաշինքի մեջ մտնել կամ ներառվել այդ շարքերում: Այս ամենը ժամանակը ցույց կտա, երեւի թե, հունվարի կեսերին կամ մինչեւ հունվարի վերջ կունենանք այն պատկերը, որի շուրջ կարելի է կանխատեսումներ անել: 

– Համենայնդեպս, որոշ ընդդիմադիր ուժերի կայացած համագումարներն ու իրենց լիդերների ելույթները, արդեն իսկ որոշակի փակագծեր բացում են: Ի՞նչ եք կարծում ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթից հետո կկարողանա՞ որոշակի ընդդիմադիր էլեկտորատ հավաքել: 

– Իրականում Լեւոն Տեր-Պետրոսյանը նման հայտարարություններ է անում, որպեսզի դառնա միակ կամ գլխավոր ընդդիմադիր ուժը, որը հույս կտա ընդդիմադիր էլեկտորատին, թե գալու են, փոփոխելու են մեր քաղաքական իրականությունը: Սակայն, այլեւս 2007-2008 թվականները չեն եւ, դժվար թե, նույնը կրկնվի:

– Լ. Տեր-Պետրոսյանին «խաղաղասերի» նոր իմիջն է՞լ չի օգնի:

– Պետք է ընդունենք, որ ՀՀ առաջին նախագահի նույնիսկ ամենառադիկալ մոտեցումը  ընդունելի չէ ադրբեջանական կողմի համար: Բայց Լ. Տեր-Պետրոսյանի նպատակը շատ ավելի պարզ էր եւ պրակտիկ` ստեղծել ինչ-որ ալիք, որը հասարակության մեջ կստեղծի հավատ կամ սպասումներ` խաղաղության երազանքի կամ ուրվականի առումով: Եվ արդյունքում կարելի է այս ճանապարհով ավելի շատ ձայներ ստանալ ընտրությունների ժամանակ: Եթե ուշադրություն եք դարձրել, ոչ մի կոնկրետ զիջումների մասին իր ելույթում ասված չէ, այլ ասված է միայն, որ մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք, որ չզոհվեն մեր զինվորները, չլինի շրջափակում, եւ ունենանք լավ հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Դրանից այն կողմ ոչինչ ասված չէր: Հասկանալի է, որ քաղաքագետները, քաղաքական գործիչներն ու լրագրողները հասկանում են, որ սա իրատեսական չէ, բայց սովորական ընտրողի ընկալման հարցում, միգուցե, Լ. Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները մտածում են, որ  կարող են ինչ-որ բան փոխել: Արդյոք կհաջողվի, թե` ոչ, այլ հարց է, սակայն չեմ կարծում, որ Հայաստանի հասարակության մեջ ընդհանրապես կան լուրջ տարբերություններ այս մոտեցումներում: Բոլորին էլ հասկանալի է, որ անգամ այն մաքսիմալ զիջումները, որ կարելի է պատկերացնել Հայաստանի կամ Արցախի քաղաքական դաշտի կողմից, անընդունելի են ադրբեջանական կողմի համար:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԼՂ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ՊԱՀՊԱՆԵԼՆ Է

–Համամի՞տ եք Լ. Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է:

– Հասկանում եմ, որ հայաստանյան հասարակության ներսում կան տարբեր մոտեցումներ այս հարցում, բայց այն լուրջ ճգնաժամը, որը կա ե՛ւ եվրոպական երկրների քաղաքականության մեջ, ե՛ւ հետխորհրդային տարածաշրջանում, ե՛ւ Մերձավոր Արեւեքում, ակնհայտ է, որ եթե ոչ բանալին, ապա որոշակի քաղաքական եւ դիվանագիտական լծակներ կան ՌԴ-ի ձեռքում: Եվ այս մասին նույնիսկ մեր արեւմտյան գործընկերներն են փաստում: Իհարկե, չեմ կարծում, որ  Ռուսաստանը ուզում է լուրջ փոփոխությունների անցնել այս հարցում կամ իրականացնել, այսպես կոչված, Լավրովի պլանը: Ռուսաստանը շարունակելու է անել այն, ինչը փորձել է անել նախորդ տարիների կամ տասնամյակների ընթացքում, այսինքն` պահպանել ստատուս քվոն: Բայց դրա հետ մեկտեղ, պետք է գիտակցենք, որ Ռուսաստանը ոչ միայն  ունի ռազմատեխնիկական, դիվանագիտական, տնտեսական եւ այլ լծակների հնարավորություն, այլեւ ցանկություն` այն կիրառելու, անկախ նրանից` մեզ դուր է գալիս, թե` ոչ: Եվ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը որոշ չափով հանկարծակիի եկավ, որից հետո փորձեց այս կամ այն ձեւով` իր ավանդական քայլերի միջոցով վերականգնել ստատուս քվոն: Որքանո՞վ է այն կայուն, այն կտեւի ամիսնե՞ր, թե՞ տարիներ, չեմ կարող ասել, բայց այն, որ դիվանագիտական ինչ-որ փոխզիջումների հիման վրա խնդրի լուծման ճանապարհ կբացվի, ապագայում չեմ տեսնում:

– Մինսկի խմբի համանախագահների 2016-ին կատարված աշխատանքներն ամբողջովին միտված էին Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցությունների սեղանին վերադարձնելուն, ինչը չիրականացավ` անգամ Վիեննաում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Որքանո՞վ եք տեսնում հավանականություն, որ 2017-ին կսկսվեն որոշակի բանակցություններ` կլոր սեղանի շուրջ:

– Համաձայն եմ, որ ապրիլյան իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամբողջ գործունեությունն իրականում միտված էր բանակցությունները վերսկսելուն: Չնայած բոլոր այն տեղեկատվական ալիքների, որոնք մեծամասամբ իրականությանը չէին համապատասպանում, վստահության մեխանիզմների վերականգնումը կամ ստեղծումը, կարելի է ասել, 10 տոկոսով հաջողվեցին: Կողմերն առանց վերցնելու ինչ-որ լրացուցիչ պարտավորություններ, այսօր համեմատաբար, կարելի է ասել, հանգիստ է իրավիճակը սահմանում, կամ հրադադարի ռեժիմի խախտումներն այդքան էլ լուրջ չեն: Միեւնույն ժամանակ, տեղի չունեցավ երաշխիքների ավելացում Կասպերշիկի գրասենյակի ընդլայնման, մոնիթորինգների քանակի ավելացման առումով եւ չի էլ լինելու մոտակա ամիսների ընթացքում: Հետեւաբար, եթե մենք խոսում ենք 2017 թվականի սպասելիքների մասին, ապա կցանկանայի, որ այս հարցում որոշակի հաջողություն ձեռք բերենք, որովհետեւ իրականում Արցախյան հակամարտության բանակցային, դիվանագիտական գործընթացում այս պահին հնարավոր է միայն դա: Իսկ Լավրովի, Քերիի կամ մյուսների, այսպես կոչված, փաստաթղթեր գոյություն չունեն: Դրանք իրավիճակային լուծումների վրա հիմնված ինչ-որ առաջարկներ են, որոնց գլխավոր իմաստը ոչ թե խնդիրը լուծելն է, այլ փորձել որոշ չափով նվազեցնել լարվածությունը:

– Ի վերջո, հրաժեշտ ենք տալիս 2016-ին եւ դիմավորում Նոր տարին` պատերազմի վտանգը հաղթահարա՞ծ, թե` ոչ: 

– Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունն այդքան էլ բարձր չէ, որովհետեւ պատերազմի գինը նաեւ ադրբեջանական կողմն է զգացել: Բայց մյուս կողմից` անբավարարվածությունը ստատուս քվոյից, լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներից եւ բազմաթիվ այլ հարցերից, չեն նվազեցնում ռիսկերը Ադրբեջանի կողմից էսկալացիայի, եւ կարծում եմ` այսօր պատերազմի վտանգը նույնն է, ինչպիսին ապրիլյան իրադարձություններից հետո էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА