ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2016-Ի «ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԴԵՊԻ 2017-Ի «ԱՔԼՈՐԱԿԱՆՉ»

28.12.2016 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2016-Ի «ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԴԵՊԻ 2017-Ի «ԱՔԼՈՐԱԿԱՆՉ»

Ավարտին մոտեցավ բուռն, նահանջ, արեւելյան աստղացույցով` Կապիկի տարին: Եվ հարկ է նշել, որ այն լեցուն էր ինչպես դրամատիկ եւ ողբերգական իրադարձություններով, այնպես էլ տարատեսակ քաղաքական «մեյմունություններով»: ՊԱՏԵՐԱԶՄ 
ԵՎ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ 
ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁ
Գործնականում ամբողջ տարին մեր երկիրը, լինելով կարեւորագույն աշխարհաքաղաքական խաչմերուկ, մեծ խաղացողների կատաղի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ էր: Նախորդ տարիներին գունավոր հեղաշրջումների բոլոր փորձերը ձախողվել էին, եւ այս անգամ աշխարհաքաղաքական բալանսը փոխելու համար կիրառվել էր ռազմական ավանտյուրայի տեխնոլոգիան: Խոսքը Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի մասին է: 
Նախ` պարզվեց, որ մեր երիտասարդ սերնդի մարտունակությունը ոչնչով չի զիջում հայրերի եւ պապերի մարտական որակներին, իսկ որոշ առումով` նաեւ գերազանցում է: Թեեւ Արցախի պաշտպանության հարցում կային որոշակի թերություններ եւ խոցելի տեղեր, սակայն մեր զինծառայողների մասսայական հերոսության շնորհիվ թշնամին չկարողացավ օգտվել դրանից, ու ի վերջո, հարկադրված եղավ աղաչական հայացքը շուռ տալ դեպի հյուսիսային գերտերությունը եւ զինադադար հաստատելու միջնորդություն մուրալ: 
Երկրորդը` հայությունը, ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում, շատ արագ մոբիլիզացվեց, ու մեր ժողովրդի բոլոր կարողությունները ի սպաս դրվեցին կռվող բանակին: Ինչպես մատնանշում է քաղաքագետ, անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը, հաշվարկները ցույց էին տալիս, որ հայությունը` որպես ցանց, պետք է կարողանար մոբիլիզացվել մեկ-երկու շաբաթում, սակայն իրականում հայկական ցանցը մոբիլիզացվեց եւ համարժեք արձագանք տվեց ընդամենը 8-10 ժամում: Այսինքն` մեր ինքնակազմակերպման ներուժը էապես ավելին է, քան ենթադրում էինք ինքներս: 
Տարեվերջին ընդունելով լրագրողներին` նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ շեշտեց, որ լրատվական դաշտի պատասխանատու աշխատանքը թույլ է տալիս խուսափել այնպիսի ինստիտուտից, ինչպիսին ռազմական գրաքննությունն է` անգամ ռեալ պատերազմական իրավիճակում: Սակայն լրատվական դաշտն այժմ բաղկացած է ոչ միայն լրագրողներից եւ լրատվամիջոցներից, այլեւ համացանցում ու, մասնավորապես, սոցիալական ցանցերում գրող, առավել քան մեկ միլիոն քաղաքացիներից: Եվ ուշագրավ է, որ մեր հայրենակիցները կարողացան ինքնակազմակերպման մեխանիզմով հաջողությամբ հետ մղել թշնամու տեղեկատվական-հոգեբանական բոլոր հարձակումները: Շարքային օգտատերերը շատ արագ սովորեցին զանազանել իրականությունը թշնամու կեղծիքից, փոխադարձ օգնությամբ այդ հմտություններին չտիրապետողներին դա սովորեցնել, ինչպես նաեւ շատ արագ չեզոքացնել խուճապարարներին: 
Իսկ հաջորդ փորձությունը հուլիս ամսին էր` ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործողությունների տեսքով: Չնայած ահաբեկչական այդ գործողությանը` սկզբիցեւեթ մոբիլիզացվել էին բոլոր 5-րդ շարասյուները, սակայն հաջողվեց խուսափել զոհերով ուղեկցվող խոշոր փողոցային անկարգություններից եւ փողոցային հեղաշրջման իրավիճակի գոյացումից: ՀՀ նախագահը իրավացիորեն մատնանշել էր, որ այդ իրադարձությունները դարձել էին մեր պետականության հասունության քննություն, եւ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ հանձնեց այդ քննությունը:ԱՆՑՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ 
ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Նոր սահմանադրության ընդունումից հետո պահանջվեց բավականին էականորեն փոխել քաղաքական ամբողջ համակարգը: Դրա դրսեւորումներից մեկը, ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ իշխող կուսակցության` ՀՀԿ-ի բարեփոխումն էր, ու այդ գործընթացներում կարեւոր դերակատարում է տրվել վարչապետ Կարեն Կարապետյանին, ով ի սկզբանե դաշտ ներմուծեց դրական սպասումների բավականին մեծ պաշար: Իսկ ՀՀԿ վերջին համագումարը նաեւ մատնանշեց այնպիսի կարեւոր գործընթացները, ինչպիսիք են քաղաքական դաշտի ապաօլիգարխացումը եւ մյուս կողմից` երաշխիքները, որ կուլակաթափություններ չեն լինելու: 
Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա ընդդիմությունն անցավ իսկական ճգնաժամով: Պարզ իշխանափոխության եւ իշխանության հանդեպ ատելության քարոզչական սխեմաները այլեւս չեն աշխատում, եւ միաժամանակ դեռեւս ամբողջովին ձեւավորված չէ ընդդիմադիր գործունեության նոր տեսակը` կառուցողականությունը եւ իրագործելի խնդիրներ դնելը: 
Ինչ վերաբերում է կառուցողական ձեւաչափերի ընդդիմադիր փնտրտուքներին, ապա ընդդիմության միայն մի մասն է այդ ուղու վրա: Մասնավորապես, ծայրահեղական մոտեցումներից հեռու է ԲՀԿ-ն, սակայն այդ կուսակցությունը դեռեւս չի հաղթահարել անձնակենտրոնության սինդրոմը, ինչի վկայությունն են մեր սպասելիքները Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձից: Կառուցողական ձեւաչափ կարելի է համարել «Ելք» դաշինքը, ուր միավորված են «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Հանրապետությունը»: Այդ դաշինքը հռչակվել է եվրոպամետության աշխարհաքաղաքական պլատֆորմի վրա, սակայն առայժմ ռեսուրսային տեսակետից բավականին թույլ է ու դեռեւս հեռու է լիարժեք ազգային-ազատական ուժ լինելուց: 
Իներցիայով որոշակի նախընտրական ներուժ ունի եւ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը: Բայց այդ միավորումը դեռեւս հիմնականում ապավինում է պոպուլիզմին:  
Սակայն գոյացել են եւ միավորումներ, որոնք ոչ թե կառուցողական, այլ` հակակառուցողական հենքի վրա են: Զորօրինակ, տիպիկ հակակառուցողական է ՀԱԿ-ը: Այդ կուսակցության վերջին համագումարին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կանխորոշեց այդ կուսակցության առաջիկա ընթացքը: Սոցիալ-տնտեսական հայեցակարգ որպես այդպիսին չկա, բայց փոխարենը ԼՏՊ-ն կրկին առաջ քաշեց  մարտնչող հակահայրենասիրությունը, պարտվողականությունը, ապազգայնությունը: Այդ մոտեցումը հարուցել է գործնականում բոլորի նողկանքը, եւ ակնհայտ է, որ դա կողմնորոշված է դեպի թափոնային, գենախեղված ընտրազանգված: Այսինքն` ընտրազանգվածի այն հատվածը, որից եւ ոչ մի այլ կուսակցություն չի օգտվում: Նպատակն էլ, կարծես թե, թափանցիկ է, թե ինչու ԼՏՊ-ն իր քաղաքական «Կարապի երգը» վերածել է մաքուր «մեյմունի երգի» ու օր ծերության ինքն իրեն կրկին ներկայացրել ամենատհաճ գույներով: Ըստ որոշ տեղեկությունների` նա ընդամենը լուծում է ցանկացած գնով իր որդուն` Դավիթ Տեր-Պետրոսյանին խորհրդարան անցկացնելու հարցը, իսկ թե ամբողջ ՀԱԿ-ը, այդ թվում եւ ՀԱԿ ներկայիս պատգամավորներն ինչպես են ապրելու դավաճանական կուսակցության խարանով, նրան ամենեւին չի հետաքրքրում: 
Ցավոք, հակակառուցողական մոտեցումներով է, կարծես թե, առաջնորդվում եւ նոր-նոր քաղաքական դաշտ մտնող Սեյրան Օհանյանը: Գաղափարապես եւ աշխարհաքաղաքական դիրքորոշման տեսակետից անհամատեղելի եւ տրամագծորեն հակառակ գործիչներին եւ ուժերին մեկ կաթսա բերելը` «Ժառանգություն», օսկանյանականներ, Վիկտոր Դալլաքյան, ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյան, ավելի շուտ վկայում է ցանկացած ձեւով «ընդդեմ» դաշինք սարքելու միտումների մասին, որից ստացվում է անմարսելի բորշչ կամ աջաբսանդալ: Ու պարադոքսն այն է, որ առաջին հայացքից երկու հակակառուցողական թիմերի ղեկավարները` Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սեյրան Օհանյանը գործնականում ոչնչով չեն հակադրվում գործող իշխանությանը: Բայց երկուսն էլ նեգատիվ լիցքեր կրող են. առաջին նախագահը` ցինիկ ապազգայնության, պաշտպանության նախկին նախարարը` անհամատեղելին համատեղելով:

ՈՉ ԹԵ ԱՔԼՈՐԻ, 
ԱՅԼ` ԱՂԵՂՆԱՎՈՐԻ ՏԱՐԻ
2017-ը Աքլորի տարի է, ըստ արեւելյան աստղացույցի, իսկ ըստ բուն հայկական աստղացույցի` Աղեղնավորի տարի է: Եվ քանզի քաղաքականապես այն գլխանց ընտրարշավային մեկնարկով է, շատ արագ կերեւա, թե ովքեր են աքլորացողները, իսկ ովքեր` Հայկի նետի պես նպատակասլաց դեպի թիրախ գնացողները: Պարզ է, որ քաղաքական ուժը ինչքան ավելի լուսանցքային եւ անլուրջ լինի, այնքան ավելի կհամապատասխանի Աքլորի բնույթին: Իսկ ովքեր ծանրակշիռ ու լուրջ են, նրանք ավելի կհամապատասխանեն Աղեղնավորի բնույթին: Այդ երկրորդ կատեգորիային, անշուշտ, պատկանում է իշխող ՀՀԿ-ն եւ մյուս ազգային-պահպանողական ուժերը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА