ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՊԱՍԵԼԻ Է, ՈՐ 2017Թ.-ԻՑ ԿՍԿՍՎԻ  ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԻՍԿԱԿԱՆ ՇՔԵՐԹ

28.12.2016 19:14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՊԱՍԵԼԻ Է, ՈՐ 2017Թ.-ԻՑ ԿՍԿՍՎԻ  ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԻՍԿԱԿԱՆ ՇՔԵՐԹ


Շարունակում են ամենատարբեր կանխատեսումներն ի հայտ գալ, թե Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մտնելուց հետո ինչ հողի վրա կարող է կառուցվել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ընդ որում, որ առնվազն կարգավորման փորձեր լինելու են, դա արդեն որեւէ մեկը չի կասկածում: ՔԻՍԻՆՋԵՐԸ ԹՐԱՄՓԻՆ ՀՈՒՇԵԼ Է ՌԴ-ԻՆ ԶԻՋԵԼ ՆԱԽԿԻՆ 
ԽՍՀՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ
Ավելին, կարգավորման մասին է վկայում նաեւ Թրամփի շրջապատից հնչեցված վերջին հայտարարություններից մեկը  կապված այն բանի հետ, որ Օբաման հատկապես վերջին ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնող որոշումներ աջ ու ձախ է կայացնում, ներկայացվեց Թրամփի գնահատականը: Այն է. Օբամայի վերջին որոշումների առնվազն 70 տոկոսը ինչքան արագ որ ընդունվել է, նույնքան արագ էլ չեղյալ կհամարվեն նոր նախագահի օրոք:
Այլ հարց է, թե ինչ հիմքի վրա կարող է կառուցվել ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Եվ ահա, այս առումով գերմանական հեղինակավոր «Bild»-ի տեսակետը առավել քան ուշագրավ է: Այսպես, լրատվամիջոցը հղում կատարելով հատուկ ծառայություններին, նշում է, որ ամերիկյան արտաքին քաղաքականության հռչակավոր դեմքերից մեկը՝ Հենրի Քիսինջերը Դոնալդ Թրամփի համար մշակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր: Այն, որ հենց Քիսինջերն էր Թրամփի եւ Պուտինի միջեւ միջնորդական առաքելությունն իրականացնելու, նոր բան չէ, եւ մենք դրան անդրադառնալու առիթ ունեցել ենք: Մասնավորապես, որ իրականություն է դառնում Չինաստանի հետ ԱՄՆ-ի սուր հակամարտության մեջ մտնելու Քիսինջերի վաղեմի կանխատեսումները: Ըստ այդմ էլ, Քիսինջերը դեռ տարիներ առաջ էր խոսում այն մասին, որ այդ պայքարում ԱՄՆ-ը պետք է կարողանա հասնել ՌԴ-ի հետ, եթե ոչ դաշինքի, ապա գոնե չեզոքության: Բայց մյուս կողմից էլ` ռուս-չինական հարաբերությունները դինամիկ զարգացման փուլում են: Ավելին, երբ Օբամայի օրոք ԱՄՆ-ն փորձում էր միաժամանակ այդ երկու ուղղություններով հարձակումներ գործել, Մոսկվան եւ Պեկինը հստակ գիտակցեցին, որ ընթացքի մեջ է դեռ հին Հռոմից եկող եւ վերջին 2-3 հարյուրամյակներում էլ անգլոսաքսոնական սիրված քաղաքական ոճը՝ «բաժանիր, որ տիրես»: Ուստիեւ, միավորվեցին՝ չբաժանվելու եւ չտիրանալու համար: Ու հիմա, եթե Թրամփը որոշի ռուսներին առաջարկել՝ գոնե չեզոքություն պահպանել ամերիկա-չինական պատերազմում, այդ դեպքում Մոսկվայի համար կառաջանա այն վտանգը, որ չինացիների հարցերը լուծելով, Վաշինգտոնը կարող է հարձակվել միայնակ մնացած Մոսկվայի վրա:
Իհարկե, սա հարցի երկրորդ կողմն է: Բայց մինչ այդ, անկախ Չինաստանի հետ հարաբերություններից, պետք է օրակարգում հայտնվի ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների գոնե ինչ-որ չափով բարելավման հարցը, թեկուզեւ այն պարզ պատճառով, որ հարաբերությունների ներկայիս մակարդակն ու այն էլ ավելի սրած Օբամայի այս վերջին քայլերը, պարզապես դեպի Երրորդ աշխարհամարտ տանող ամենակարճ ճանապարհն է: Եվ ահա, գերմանական «Bild»-ը պնդելով, որ նման քայլեր արդեն իսկ արվում են, նաեւ որոշ մանրամասներ է ներկայացրել Քիսինջերի ծրագրի որոշ դրվագների մասին: Նախ այն, որ այդ ծրագիրը, ինչպես եւ ենթադրվում էր, իր հիմքում ունի Չինաստանի հզորացման արդյունքում ԱՄՆ-ի հետ անխուսափելի բախման հեռանկար: Ուստիեւ, Քիսինջերը ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը համարում է ԱՄն-ի լավագույն քայլը: Եվ ահա «Bild»-ը, ելնելով եվրոպական հատուկ ծառայությունների գնահատականներից, որոնք հիմնված են Թրամփի թիմից ստացված տվյալների վրա, պնդում է ԱՄՆ նոր նախագահը Քիսինջերի առաջարկով, նախ պետք է մտածի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ համարելու մասին: Այնուհետեւ Քիսինջերը Թրամփին խորհուրդ է տվել ռուսներին զիջել նախկին ԽՍՀՄ տարածաշրջանի նկատմամբ ազդեցությունը: Խոսքը նաեւ Ուկրաինայի մասին է, որտեղ ամենաբարդը Ղրիմի հարցն է: Եվ համաձայն հիշատակված ծրագրի՝ ԱՄՆ-ն առաջին քայլով պետք է պարզապես մոռանա այդ մասին եւ, պարզապես այդ դիրքերից ելնելով, կարգավորի հարաբերությունները ռուսների հետ: Բայց նաեւ սկզբնական փուլում դեռ Ղրիմը պաշտոնապես չճանաչելով ՌԴ-ի կազմում, մինչեւ որ հետագայում կրքերը հանդարտվեն, եւ եթե հարաբերությունների զարգացումը նորմալ հունով ընթանա, Ղրիմի հարցն էլ առանց ավելորդ աղմուկի վերջնականապես կլուծվի: Միաժամանակ առաջին փուլում Մոսկվան պետք է արեւմտյան Ուկրաինայի անվտանգության հարցով հստակ երաշխիքներ տա:
Սրան զուգահեռ՝ որոշ այլ աղբյուրներ եւս խոսելով Քիսինջերի ծրագրի մասին, շեշտում են, որ այն  Սիրիա-Մերձավոր Արեւելք ուղղվածությամբ եւս որոշակի լուծումներ է առաջարկում:  Բայց այս հարցով դեռ էական մանրամասներ չկան:
ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Ինչքանո՞վ է ռեալ Քիսինջերի պլան ասված նման ծրագիրը: Տրամաբանորեն այն խելքին մոտ է թվում այն առումով, որ նախ ուկրաինական, ապա՝ սիրիական ուղղություններում Օբաման արդեն իսկ հասցրել է ամեն ինչ փորձել: Այլ բան, որ նրա քայլերը  այդպես էլ էական արդյունքներ չտվեցին, փոխարենը՝ տանելով ԱՄՆ-ի համար ամենամեծ վտանգին՝ ռուս-չինական դաշինքին, որն այս տարվա ընթացքում մինչեւ իսկ համատեղ ռազմական վարժանքների տեսք ստացավ: Այդ բոլոր քայլերից հետո ԱՄՆ-ին միայն մեկ բան է մնում՝ պատերազմ: Եվ պատահական չէր, որ օրերս Վլադիմիր Պուտինը հավելյալ անգամ հիշեցրեց, որ ռուսական ռազմական, այդ թվում՝ միջուկային պոտենցիալը միանգամայն բավարար է ցանկացած ագրեսիայի դիմագրավելու համար: Իսկ Թրամփը գործնական մարդ է եւ հաստատ լավ է տիրապետում անիմաստ ռիսկերից հեռու մնալու արվեստին: Այսինքն, եթե Օբաման դեռ համեմատաբար թույլ ՌԴ-ի պարագայում տարիներ շարունակ այդպես էլ չկարողացավ իրենով անել հետխորհրդային տարածաշրջանը՝ Ուկրաինայով հանդերձ ու Սիրիա-Իրան առանցքը, ուրմեն ավելի ճիշտ չէ՞ հրաժարվել այդ ուղղությամբ տրիլիոնավոր դոլարներ ծախսելուց: Չէ՞ որ այդ ծախսերի արդյունքում է, որ Օբամայի կառավարման տարիներին ԱՄՆ-ի արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով անգամ այդ կարգի գերհզոր տերության համար վտանգավոր մակարդակի: Ու հիմա Թրամփի համար ի՞նչ իմաստ ունի գնալ Օբամայի այդ անհեռանկարային ճանապարհով, երբ կարելի է փորձել առանց այն էլ միայն ծախսեր պահանջող այդ բոլոր պայքարային գոտիները լավություն ձեւակերպելով թողնել ռուսներին ու դրա դիմաց փորձել ավելի լուրջ զիջումների հասնել: Մի խոսքով, իսկական բիզնես-ծրագրի է նմանվում, եւ տրամաբանական կլիներ, որ Քիսինջերը  բիզնեսից քաղաքականություն եկած Թրամփին հենց այդ ձեւաչափով պլաններ ներկայացներ:
Բայց հարց է, թե այսքանը Մոսկվային կբավարարի՞: Հաշվի առնելով նաեւ, որ ի տարբերություն Օբամայի, Թրամփը նաեւ լուրջ ներքին ընդդիմություն ունի, պատրաստ նրա հետ անգամ Սպիտակ տուն մտնելուց հետո երկարատեւ պայքարի: Այսինքն՝ ստիպված է լինելու իր հիմնական ուշադրությունը ոչ թե արտաքին հարցերի, այլ երկրի ներքին լարվածության վրա կենտրոնացնել: Գումարած դրան, դեռ բազում հակասություններ ունի հիմնական դաշնակիցների, այդ թվում՝ Եվրոպայի հետ: Էլ չասած, որ այս տարի եվրոպական առանցքային երկրներում ընտրություններ են, այստեղ էլ, ամենայն հավանականությամբ, համակարգային փոփոխություններ կլինեն: Վերջապես Չինաստանը գործնականում առաջ է անցնում ամերիկյան տնտեսությունից, եւ դա այն մեծ մարտահրավերն է, որ անկախ Թրամփի նախապատվություններից, առաջնային է լինելու ԱՄՆ-ի համար: Կարճ ասած, իր կառավարման առնվազն երկու տարիները Թրամփի համար հենց դրանք են լինելու հիմնական մարտահրավերները եւ սրանց հետ մեկտեղ, եթե շարունակի նաեւ ռուսների հետ այդ ծանր պայքարը, անգամ ԱՄՆ-ի կարգի երկիրը կարող է չդիմանալ: Եվ այս պարզ իրավիճակը, անշուշտ, Մոսկվայում էլ են շատ լավ գիտակցում ու կփորձեն Թրամփի հետ հարաբերություններում հասնել առավելագույնի:
Թե որն է այդ առավելագույնը, ժամանակին կտեսնենք: Իսկ նվազագույնն այն է, որ գալիք տարվա ընթացքում ՌԴ-ն մեծ հավանականությամբ  կվերականգնի իր երբեմնի ազդեցությունը ողջ նախկին խորհրդային տարածաշրջանի նկատմամբ՝ լինի դա Վաշինգտոնի համաձայնությամբ, թե առանց դրա: Ինչ հիմքի վրա, դա էլ է պարզ՝ ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի: Այսինքն՝ այն, որ գալիք տարվանից կսկսվի ԵՏՄ-ին անդամակցելու կամ գոնե նրա հետ սերտորեն համագործակցելու իսկական շքերթ, միանգամայն սպասելի է:
Ի դեպ, չմոռանանք, որ այդ երկու կառույցներին անդամակցելու կամ դրանց հետ համագործակցելու հարցում Հայաստանը եւս ունի վճռական ձայն: Ու այդ ձայնը մեր պատկան այրերը կարող են եւ պարզապես պարտավոր են ճիշտ օգտագործել: Այդ թվում, նաեւ Ղարաբաղի հետ կապված:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ                    

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА