ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արեւմտյան ուժերը, եվրոպական դեսպանները ոչ մի դեպքում թույլ չեն տա ԼՂ հիմնախնդիրը խաղաղ հանգուցալուծվի»

27.12.2016 19:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Արեւմտյան ուժերը, եվրոպական դեսպանները ոչ մի դեպքում թույլ չեն տա ԼՂ հիմնախնդիրը խաղաղ հանգուցալուծվի»

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստի շրջանակներում Երեւանում էր ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ ՎԻԿՏՈՐ ՎՈԴՈԼԱՑԿԻՆ: Նրա հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի եւ, ընդհանրապես, արդի մարտահրավերների մասին:

«ՄԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Է ՄԻՄԻԱՅՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»

–Պարոն Վոդոլացկի, անդրադառնալով 2016-ի դեպքերին` չենք կարող չխոսել ապրիլյան պատերազմի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Հետաքրքիր է այս ամենի շուրջ Ձեր դիտարկումները:

– Լինելով Համաշխարհային կազակական կոնգրեսի Դոնի Ամենազոր զորքի ատամանը` նախ պետք է նշեմ, որ մեր կազմակերպությունը ներկայացուցչություն ունի շուրջ 43 երկրում: Եվ երբ մենք ցանկանում էինք, որպեսզի Ադրբեջանում էլ բացվի մեր կազմակերպության գրասենյակը, որովհետեւ այնտեղ էլ կան կազակներ, որոնք դեռեւս խորհրդային տարիներին` ծառայությունից հետո, մնացել են այնտեղ, նամակ գրեցի ադրբեջանական իշխանություններին, որ Ղարաբաղում կոնֆլիկտի սրման դեպքում տեղի կազակները, որոնց ես ղեկավարում եմ, չեն պատերազմելու Ադրբեջանի կողմից... Ու մինչեւ այս պահը, մեր ներկայացուցչությունն այնտեղ այդպես էլ չի բացվել: Կարծում եմ` սրանով պարզ է դառնում իմ տեսակետը: Ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մտացածին խնդիր է, որը պետք է մեր արեւմտյան «գործընկերներին»: Յուրաքանչյուր աշխարհաքաղաքական կոնֆլիկտ, որը տեղի կունենա նախկին Խորհրդային Միության տարածքում, պետք է Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին եւ առաջին հերթին ԱՄՆ Պետդեպին: Դրա համար, երբ բանակցությունների սեղանին են նստում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները, իրենց ուժերը սկսում են կենտրոնացնել արեւմտյան ուժերը, եվրոպական դեսպանները, որոնք ոչ մի դեպքում թույլ չեն տա ԼՂ հիմնախնդիրը խաղաղ հանգուցալուծվի:  

– Բայց ժամանակ առ ժամանակ տարբեր արեւմտամետ վերլուծաբաններ սկսում են պնդել, որ այս հարցում Ռուսաստանն էլ բացառություն չէ...

– Ռուսաստանը երբեք այդ ցուցակում չի եղել եւ չի էլ լինի, որովհետեւ յուրաքանչյուր իրավիճակում մեր հետաքրքրությունների շրջանակում է միմիայն խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում: Հիշեցնեմ, որ 90-ական թվականներին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում կրակում էին իրար վրա, այնտեղ սպանվել են նաեւ ռուս զինվորներ, որոնք կռվում էին ԼՂ-ում: Ուստի` խոսել այն մասին, որ Ռուսաստանը եւս մտնում է այն ցուցակում, որոնք չեն ցանկանում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատվի, առնվազն կոռեկտ չէ:

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԺԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՐՇՆՉԵԼ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ, ՈՐ ՊԵՏՔ ՉԷ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՆ»

–Խնդրի խաղաղ հանգուցալուծում` բայց ո՞ւմ օգտին:

– Ռուսաստանը հետխորհրդային երկրների հետ, որոնք ԱՊՀ անդամ են, կապված է ոչ միայն տնտեսական, հասարակական-քաղաքական առումով, այլ նաեւ անվտանգությամբ: Եվ մեր ընդհանուր անվտանգությունը կախված է նաեւ, թե ինչպիսին կլինի անվտանգությունը Հայաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում: Հետեւաբար, մենք ցանկանում ենք, որ ավարտվի այն պատերազմը, որն այսօր կա Լեռնային Ղարաբաղում, եւ այն չդառնա կռվախնձոր` արեւմտյան քաղաքականության համար: Բայց մի բան հստակ է` աշխարհաքաղաքական ինչպիսի փոփոխություններ էլ որ լինեն, Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմի: Ու դրա համար այսօր հայ երիտասարդությունը շատ լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած:

– Մասնավորապես` ի՞նչ նկատի ունեք:

– Այսօր ողջ աշխարհում երիտասարդությունը նստած է սոցցանցերի առաջ, եւ հենց դրա միջոցով էլ փորձում են ազդել հայ երիտասարդության վրա: Արեւմտյան ուժերը փորձում են ներշնչել հայ երիտասարդներին, որ պետք չէ ուշադրություն դարձնել ԼՂ հիմնախնդրին` ասելով, թե այն ձեր հողը չէ, այնտեղ ձեր հայրենակիցները չեն, իսկ Եվրոպա տանող դռները ձեզ համար բաց են, եկեք եւ այս ուղղությամբ գնացեք: Խնդիրն այն է, որ 15-20 տարի հետո բոլորովին այլ քաղաքական գործիչներ կգան փոխարինելու, որոնք չգիտեն իրենց երկրի պատմությունը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի: Կարծում եմ` հենց դրան է պետք շատ մեծ ուշադրություն դարձնել: Այս ուղղությամբ պետք է կոնկրետ աշխատանք տանել եւ դրա համար պետք չէ ստեղծել երիտասարդական խորհրդարան, այլ պետք է իրականացնել կլոր սեղաններ, սեմինարներ, հայրենասիրական ճամբարներ, որպեսզի ռուս երիտասարդը եւ հայ աղջիկը ոչ միայն ընկերություն անեն ու սիրեն իրար, այլ նաեւ իմանան իրենց անցյալն ու պատմությունը, որովհետեւ մեզ միավորում են խորը արմատներ` դեռեւս իշխանուհի Աննայի եւ Նովգորոդի ու Կիեւի իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչի ժամանակներից: Բայց հարցրեք այսօրվա երիտասարդությանն այս պատմության մասին եւ կտեսնեք, որ նրանք ոչ մի բառ չգիտեն այդ մասին: Եվ ես վախենում եմ, որ այսօր Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին երիտասարդությունը գիտի այնքանով, որքանով այդ թեման «ծեծվում է» տարբեր լրատվամիջոցներում, բայց խնդիրն ավելի խորքային չգիտեն: 

«ՍԻՐԻԱՅԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՃԱՐԵՑ ԴԵՍՊԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ»

–Տարին, ցավոք, ավարտվեց ողբերգական դեպքերով` նաեւ Ռուսաստանի համար: Ինչպիսի՞ անդրադարձ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը` այն էլ թուրք ոստիկանի ձեռքով:

– Ցավոք, դեսպանի սպանությունը վերջին բացասական կամ նենգ գործողությունն էր` արված արեւմտյան կոալիցիայի մեր «գործընկերների» կողմից, որոնք չեն ցանկանում, որպեսզի Սիրիայում խաղաղություն լինի: Բոլորն էլ հիանալի հասկանում են, որ Հալեպի ազատագրումից հետո այնտեղ կշարունակվի պայքարը, եւ ռուսները տեղում կշարունակեն աշխատել ամբողջ ներուժով, որովհետեւ մենք չենք ցանկանում, որ վաղն էլ այդ ահաբեկիչները գան Հայաստան եւ Ռուսաստան: Ու սպանությունը հենց այս ամենի արձագանքն էր: Շուրջ 12 հազար վարձու մարդասպաններ ԱՊՀ երկրներում 18-30 տարեկան երիտասարդների շրջանում անցկացնում են դասեր, թե ինչպես սպանել, պայթեցնել մարդկանց: Դրա դեմ ենք մենք այսօր պայքարում, որպեսզի ահաբեկիչներին վերացնենք հենց տեղում: Որպեսզի մեր բռնած ուղուց շեղեն եւ նոր իրավիճակ ստեղծեն, սպանեցին դեսպանին, որը մարտահրավեր էր Ռուսաստանին: Նույնը եղավ Գրիբոյեդովի ժամանակ, որի նենգաբար սպանությանը ռուսները շատ խիստ արձագանքեցին: Ռուսաստանը ցավում է կատարվածի համար, մենք կփնտրենք, թե ովքեր են կանգնած այդ սպանության հետեւում եւ օր առաջ կբացահայտենք նրանց: Ուղղակի, ստացվեց այնպես, որ Սիրիայի խաղաղության համար Ռուսաստանը վճարեց դեսպանի կյանքի գնով: Հետեւաբար, մենք չենք պատրաստվում կանգ առնել եւ շարունակելու ենք վերացնել ահաբեկիչներին, ինչպես արել ենք մի քանի հարյուր տարի առաջ` ռուսաց թագավորի հրամանով: Ցավալիորեն, այսօր ահաբեկչությունն իր «մետաստազներն է» է գցել Սիրիայում, որտեղ ՌԴ-ն  ունի մեկ նպատակ` հաստատել խաղաղութուն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА