ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԳԱՄ ԱՄԱՆՈՐԸ ՉԻ ՍԱՌԵՑՆՈՒՄ 2016Թ.-Ի ԹԵԺՈՒԹՅՈՒՆԸ

27.12.2016 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆԳԱՄ ԱՄԱՆՈՐԸ ՉԻ ՍԱՌԵՑՆՈՒՄ 2016Թ.-Ի ԹԵԺՈՒԹՅՈՒՆԸ

Թեեւ տարվա վերջին օրերին ենք հասել, սակայն գերլարվածությունը, որ կար տարեսկզբից սկսած, այդպես էլ չի թուլանում: Համենայնդեպս՝ տարվա վերջին հանգստյան օրերն էլ զերծ չմնացին գերլարված իրավիճակներից, որոնց թվում, անշուշտ, աչքի ընկավ Սոչիի օդանավակայանից ¥այն գտնվում է Ադլեր քաղաքում¤ օդ բարձրացած ՌԴ ՊՆ-ի ՏՈւ-154 օդանավի ողբերգական կործանումը թռիչքից ընդամենը երկու-երեք րոպե անց:ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈ՞ՒՆ, 
ԹԵ ՊԱՐԶԱՊԵՍ 
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԹԱՐ
Իհարկե, այս աղետը կարող է եւ ընդամենը ողբերգական պատահար էր, տեխնիկական կամ այլ պատճառներով տեղի ունեցած աղետ: Բայց ոչ ոք դեռ փաստարկված ձեւով չի էլ հաստատել, որ սա ահաբեկչական հարձակում չէր, որը հիմքից կփոխեր իրավիճակը:
Ճիշտ է, ռուսական որոշ աղբյուրներ ի սկզբանե փորձում էին ահաբեկչության վարկածն օրակագ չթողնել: Օրինակ՝ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովն աղետից դեռ հաշված ժամեր անց, երբ նույնիսկ օդանավի անկման մոտավոր վայրն էր միայն հայտնի, արդեն վստահաբար հայտարարում էր, որ Տու-154-ում ահաբեկչության վարկածը «լիովին բացառված է», եւ որ աղետի պատճառ կարող է լինել տեխնիկայի անսարքությունը կամ ինքնաթիռը վարելու սխալը: Միգուցե: Բայց այդ դեպքում ինչպե՞ս բացատրենք ՌԴ ՊՆ-ի նույնքան միանշանակ հավաստիացումը, որ ինքնաթիռը միանգամայն սարքին վիճակում էր, եւ որ այն վարում էր լիովին փորձառու օդաչու: Այսինքն՝ առկա է իրար հակասող երկու հայտարարություն:
Իհարկե, կարելի է եւ համեմատություն կատարել տարիներ առաջ նույն օդանավակայանում կործանված հայկական ինքնաթիռի հետ. այս դեպքում էլ տեխնիկական խնդիր չկար, օդաչուն էլ՝ փորձառու էր: Սակայն մեկ հանգամանք կար. հայկական ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պարագայում վայրէջքի էր գնում եւ կողմնորոշումը մի պահ կորցնելու պատճառով բախվեց ծովին: Իսկ այս դեպքում եղանակը միանգամայն հանդարտ էր, ինքնաթիռն էլ՝ վեր էր բարձրանում, հեռանում էր ծովից: Դա նշանակում է, որ թեկուզեւ օդաչուի կոպիտ սխալի պատճառով ակնթարթորեն ջրին բախվելու հավանականությունը փոքր էր: Ակնթարթորեն, քանի որ այս պահին եղած տվյալներով` ՏՈւ-154-ը ռադարներից անհետացել է հանկարծակի, աղետի մասին որեւէ հաղորդագրություն չի փոխանցվել: Ի դեպ, այս հանգամանքը քիչ հավանականություն է տալիս նաեւ տեխնիկական պատճառներով վթարի վարկածին. երկու-երեք րոպեում ինքնաթիռը բավականին բարձրություն պետք է, որ հասցներ հավաքել: Իսկ այդ դեպքում, եթե նույնիսկ ամենաբարդ տեխնիկական խնդիրը լիներ՝ շարժիչները միանգամից դադարեին գործել, կամ ղեկավարման համակարգն անջատվեր, էլի օդաչուները կհասցնեին այդ մասին տեղեկացնել:
Իհարկե, այս բոլոր վարկածների շուրջ կարելի է երկար-բարակ վիճել եւ քննարկել: Սակայն այս պահին մեկ բան է հստակ. օդանավի կործանման եւ ոչ մի վարկած, այդ թվում՝ ահաբեկչությունը չի բացառվում: Հաշվի առնելով նաեւ այն տեղեկատվությունը, որ նույն ինքնաթիռով պետք է Սիրիա թռչեին նաեւ ՌԴ Գլխավոր շտաբի եւ Հետախուզության գլխավոր վարչության պետերը, ինչը վերջին պահին չեղյալ է համարվել:
Իսկ այն, որ ռուսական պաշտոնական աղբյուրները, քանի դեռ հստակ բան չկա, փորձում են ահաբեկչության վարկածից հնարավորինս հեռու մնալ, դա էլ է հասկանալի: Մի կողմից, ինքնաթիռը ՊՆ-ինն էր, այսինքն, եթե ինչ-որ ահաբեկչի հաջողվել է պայթուցիկ տեղադրել ՊՆ-ի ինքնաթիռում, դա բանակի հեղինակությանը լուրջ հարված կլիներ: Երկրորդը. հաշված օրեր առաջ էր, որ Ռուսաստանը ահաբեկչական հարված ստացավ ¥Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը¤: Ու եթե այս դեպքն էլ ահաբեկչություն լինի, դա արդեն նաեւ պետության հեղինակությանն է հարված: Եվ դա հատկապես այն ժամանակ, երբ Հալեպից եւ ամերիկյան ընտրություններից հետո ՌԴ-ն աշխարհի մասշտաբով ստացել է հաղթողի իմիջ, հաստատ կրկնակի ահաբեկչական հարձակման հանգամանքը դրան, մեղմ ասած, չի նպաստի:

ՌԴ-ԱՄՆ 
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶԴԵՆ ՆԱԵՎ ԵՏՄ-Ի ՎՐԱ
Առավել եւս հենց այս պահին, երբ Մոսկվան իր ներկայիս գլոբալ դիրքերից ելնելով, անկասկած փորձելու է որակական նոր մակարդակ տեղափոխել իր աշխարհաքաղաքական հիմնական դաշնակցային համակարգը՝ ԵՏՄ-ն եւ ոչ պաշտոնապես դրա ռազմական բաղադրիչը հանդիսացող ՀԱՊԿ-ը:
Այսպիսով, երեկ, այսինքն՝ ՏՈւ-154-ի կործանման հենց հաջորդ օրը ¥պատահակա՞ն էր այս հանգամանքը¤ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԵՏՄ բարձրագույն խորհրդի եւ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի գագաթաժողովները: Այն, որ այս երկու միջոցառումները նախորդ նման հանդիպումների համեմատ էականորեն ավելի աչքի էին ընկնում՝ ելնելով ներկայիս իրողություններից բխող սպասումներից:
Եվ հասկանալի է, որ քննարկումների հիմնական մասը ոչ հրապարակային բնույթի էին: Ընդ որում, մի շարք ռուսական աղբյուրներ մինչ հանդիպումներն էլ խոսում են, որ դրանք կունենան երկու հիմնական ուղղվածություն: Նախ՝ սիրիական թեման եւ դրա շուրջ Թուրքիայի եւ Իրանի հետ ռուսների այս վերջին քաղաքական մոտեցումները: Ապա՝ եվրոպական ուղղությունը եւ ՆԱՏՕ-ի ծավալումն Արեւելյան Եվրոպայում: Այսինքն, ըստ հիշատակված ռուսական աղբյուրների, ՌԴ-ն կփորձի վերջնականապես հստակեցնել, թե ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, որպես կառույցներ, որքանո՞վ են պատրաստ այդ երկու ուղղություններում միասնական գործողությունների: Եվ ավելի գլոբալ առումով, այդ երկու կառույցները արդեն պատրա՞ստ են քաղաքական, տնտեսական եւ ռազմական ուղղություններում եթե ոչ որպես միասնական օրգանի զմ, ապա գոնե համակարգված կերպով հանդես գալ արտաքին հարթակում: Հասկանալի է, հաշվի առնելով նաեւ այն իրողությունները, որոնք առաջ է բերել ամերիկյան իշխանափոխությունը եւ գումարած դրան՝ այն խորքային խմորումները, որոնք առկա են Եվրոպայում:
Կարճ ասած, պետք է հասկանալ, թե ԵՏՄ-ն պատրա՞ստ է դառնալ ռեալ ¥չհաշված պարբերական դարձած Լուկաշենկոյի «գազային» կապրիզները¤, տեսանելի եւ շոշափելի, համատեղ գլոբալ ծրագրեր եւ շահեր սահմանող եւ հետեւողականորեն դրանց իրականացմանը ձգտող միություն: Այսինքն՝ ՌԴ-ն արդեն ունի՞ այն փաստացի համաշխարհային կշիռը, որ կարողանա այդ կարգի միությունն իր շուրջը հավաքել, թե դրա համար դեռ ժամանակ է պետք: Ու թե ինչ լուծումների կհասնեն նախագահները փակ քննարկումների ընթացքում, թերեւս կախված է նաեւ իր հերթին դեռ փակ հետեւյալ հանգամանքից. հունվարի 20-ից հետո ի՞նչ ռեալ փոփոխություններ են սպասվում ռուս-ամերիկյան հարաբերություններում, Թրամփի հետ ներկայումս արդեն կա՞ն գոնե նախնական որոշակի պայմանավորվածություններ: Եվ արդեն այդ ֆոնին էլ ռեալ կդառնա Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի ուղղությամբ մյուս բոլոր որոշումները:

ԹՐԱՄՓԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ԱՄՐԱՑՐԵԼ Է 
ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Բնականաբար՝ Սանկտ Պետերբուրգի քննարկումների մասին միայն այսօր-վաղը հնարավոր կլինի նախնական պատկերացումներ կազմել: Առավել եւս, որ ամեն ինչ շարունակում է կախված մնալ համաշխարհային աշխարհաքաղաքականության ներկայիս թիվ 1 հարցից՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի սպասումներից: Իրականում ի՞նչ են մտածում Պուտինն ու Թրամփն այս մասին. իհարկե, ցանկացած տարբերակ էլ չի կարելի բացառել, սակայն գնալով ավելի շատ փաստեր են ի հայտ գալիս, որոնք ակնարկում են, որ Թրամփն իրականում  մտածում է ՌԴ-ի հետ հարաբերություններում առնվազն լիցքաթափման գնալու մասին: Համենայնդեպս, հակառակ դեպքում դժվար կլիներ բացատրել այն բուռն հակազդեցությունը, որին Թրամփը բախվում է ընտրվելուց հետո եւ, կարծես թե, անգամ Սպիտակ տուն մտնելուց հետո է շարունակելու բախվել: Պատկերացրեք, մինչեւ իսկ միանգամայն հեղինակավոր աղբյուրները բաց տեքստով խոսում են նոր նախագահի ֆիզիկական ոչնչացման հնարավոր ծրագրերի մասին, ինչին, ի դեպ, զգալի հավանականություն է տալիս այն, որ արդեն նախագահից «հինգ պակաս» վիճակում մինչեւ իսկ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն է կռիվ տալիս Թրամփի դեմ: Ընդ որում, այս ֆոնին օրերս տարածվեց ֆանտաստիկ թվացող տեղեկատվություն այն մասին, որ Թրամփն իր անվտանգության համակարգն ամրացրել է ռուս էլիտար 370  ջոկատայինների հաշվին՝ անվտանգության ծառայություններ մատուցող մոսկովյան գործակալությունների մասին: Բայց ինչքան էլ ֆանտաստիկ, մեկ է, մեր օրերում այնքան աննախադեպ փաստեր են արձանագրվում, որ այս մեկն էլ չբացառենք:
Մի խոսքով, ներամերիկյան այս իրավիճակը հուշում է, որ Թրամփն իրոք ներքին եւ գլոբալ հարթակներում պատրաստվում է տասնամյակների ամերիկյան քաղաքականությունից էականորեն շեղվող քայլերի, որը, բնական է, գործող քաղաքականության հաշվին տրիլիոնավոր դոլարներ գրպանը դնող, գործող էլիտայի այս սուր դիմադրությանը պետք է բախվեր: Եվ այն, որ այդ քայլերի թվում են նաեւ ՌԴ-ի հետ այլ հարաբերությունների ձեւավորումը, դա էլ կարելի է կռահել: Իսկ թե այդ «այլ հարաբերություններ» ասվածն ի՞նչ տեսք կունենա, դա արդեն գալիք տարի կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА