ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՔ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ  ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԲՈՐՇՉԻ» ՄԱՍԻՆ

27.12.2016 19:04 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՍՔ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ  ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԲՈՐՇՉԻ» ՄԱՍԻՆ


Լեւոն Տեր-Պետրոսյանի` ամոթալի պարտվողականությամբ ներծծված ելույթը բացի ՀԱԿ-ից ու Ադրբեջանից, ուրիշ պաշտպան չունեցավ: Այն կոռեկտ ձեւով քննադատության առարկա դարձավ անգամ ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւի կողմից: Ճիշտ է, պարոն Արեշեւը հավատարիմ մնաց իր սովորությանը` ՀՀ ներքաղաքական ցանկացած խնդրի վերաբերյալ շատ նրբանկատ արտահայտվելու, սակայն զգացվում էր, որ ներքուստ այդ մարտնչող պարտվողականությունը նրա վրդովմունքն է առաջացրել: ԻՆՉՈՎ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ
Ժամանակին դժվար էր պատկերացնել, որ Սեյրան Օհանյանը հանրության հետ կշփվի ֆեյսբուքյան էջի միջոցով: Սակայն դա արդեն փաստ է: Բնականաբար, քանի որ հայտարարել էր քաղաքականություն մուտք գործելու մասին, նա չէր կարող շրջանցել եւ ՀԱԿ առաջնորդի արգահատելի ելույթի թեման: Սակայն դա ոչ այնքան ԼՏՊ-ի քննադատությունն է, որքան Սեյրան Օհանյանի սեփական պատկերացումները արցախյան խնդրի վերաբերյալ: Մասնավորապես, դժվար է չհամաձայնել այն դիտարկման հետ, որ. «Մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, եւ այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք»: 
Լիովին ընդունելի եւ այն տեսակետը, որ. «Արցախի ներկա սահմանները ձեւավորվել են ադրբեջանական երկու ագրեսիաների դիմակայելու արդյունքում` արցախահայության անվտանգության երաշխավորման համար անհրաժեշտ պաշտպանության խորություն ապահովելու նկատառումներից ելնելով: Հարկավոր է հաշվի առնել նաեւ այն, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները»: 
Բայց, անշուշտ, այդ ամենը շատ ավելի ծանրակշիռ կհնչեր, եթե տեսակետ հայտնողը լիներ ոչ թե քաղաքականություն մուտք գործող անձ, այլ զուտ պաշտոնաթող պաշտպանության նախարարի կարգավիճակով, որպես մարտական գեներալ: Սակայն, դատելով լրատվական դաշտում առկա տեղեկություններից, Սեյրան Օհանյանը իր քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, կարծես թե, նորմալ է համարում, որ նույն քաղաքական միավորի մեջ լինեն ամերիկացիներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԴԿ նախագահ, առաջինների համեմատ տրամագծորեն հակառակ աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեցող Արամ Սարգսյանը, վրադիր էլ` քաղաքական ծիպլիծատուրի տպավորություն թողնող Վիկտոր Դալլաքյանը, ով պնդում էր, իբր Սերժ Սարգսյանն ահավոր վախենում էր իր ասուլիսից: Լավ է, գոնե այս պահին «ՀՀ նախագահին վախեցնող» Հմայակ Հովհաննիսյանն այդտեղ չի երեւում: 
Դե ինչ ասես, քաղաքական այդպիսի դեբյուտը բավականին տխուր է նայվում, ու մի տեսակ տպավորություն է թողնում` ոչ թե լուրջ քաղաքական նպատակների, այլ որեւէ ձեւով սեփական նեղացվածությունն իշխանությանը ցույց տալու: Գումարած դրան, որոշակի «վերլուծաբաններ» տարածում  են այն տեսակետը` իբր Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվելու են նեղացած օլիգարխները, եւ... Բայց արմատական ընդդիմադիրի կեցվածք նախկին նախարարից դժվար թե սպասելի լինի մի պարզ պատճառով` նրան պաշտոնանկ են արել ոչ թե հենց այնպես, այլ կոնկրետ թերությունների համար: Համ էլ, պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի տեսք կունենան թալանի եւ կոռուպցիայի դեմ բոցաշունչ ճառերն այն մարդու կողմից, ով այդ նույն թալանչիներին չի վռնդել բանակից, երբ ուներ դրա ե՛ւ լիազորությունները, ե՛ւ հնարավորությունը: 
Բավականին անարվեստ է հնչում եւ Սեյրան Օհանյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի օրոք տնտեսական աճի ցուցանիշներ գովելը, քանզի դա նույն Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը չի ապահովի, առավել եւս, որ կոնկրետ հենց իր հետ համագործակցելու մասին լուրերը Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը շտապեց հերքել` որպես անհեթեթություն: Իսկ Ռոբերտ Սեդրակիչը, հարկ է հիշեցնել, որ, որպես կանոն, տարատեսակ լուրերի չի էլ արձագանքում:ԻՆՉ «ԲՈՐՇՉ» ԵՆ ԵՓՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
Ընդդիմադիր դաշտին առկա միտումներին անդրադարձել է ՍԻՄ նախագահ  Հայկ Բաբուխանյանը` մատնանշելով, որ կուսակցական շինարարության գործում գիգանտոմանիան, եթե թիկունքում չկա ռեալ գաղափարախոսություն, խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններում կոնկրետ դրական արդյունքի տանող ճանապարհ չէ: Պատգամավորը նաեւ անդրադարձել է «դաշինքացավին»` ամեն կերպ ընդդեմ ՀՀԿ-ի միավորվելուն ձգտումներին, եւ անգամ, եթե հրաշքով բոլոր ընդդիմադիրները մեկ ձեւաչափի մեջ միավորվեն, ապա. «Լինում են լավ եւ վատ հրաշքներ։ Բոլորին լցնել մի կաթսայի մեջ` ընդամենը ՀՀԿ-ին ընդդիմանալու համար, ստեղծել «բորշչ», որը հետո ուտել չի լինի, արդյունավետ ճանապարհ չէ. այդ «բորշչը» միանգամից կթթվի եւ թափելու կլինի, նման միավորումը ընդամենը մեկ ամիս հետո կրիզիսի մեջ կհայտնվի ու կփլվի»: 
Դատելով առկա տեղեկատվությունից` հենց այդպիսի «բորշչ» դառնալու միտում ունի հարգարժան գեներալի կողմից ձեւավորվող շարժումը: Սակայն «բորշչային» են եւ այլ միավորումները: Այսպես, բարձրագոչ «Միասնություն» անունը կրող շարժումը մինչեւ հիմա գաղափարական տեսանկյունից չգիտի` Ծառուկյանի հետ միանալը ընդունելի՞ է, թե` ոչ: «Բորշչային» սկզբունքով էր նաեւ տեղի ունենում ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդի» վերաբրենդավորելը, որը ուղեկցվում էր միացող մարդ-կուսակցությունների եւ ՀԿ-ների երկար շարանով, ու հիմա պարբերաբար տեղեկատվական արտահոսքեր են լինում հենց այդ նախկին կուսակցությունների դժգոհության եւ ամբիցիաների մասին: Որոշ չափով բորշչային է եւ «Ելք» անունը ստացած «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Հանրապետության» դաշինքը: Ճիշտ է, նրանք հռչակել են եվրոպամետության պլատֆորմ, սակայն ընդամենը մի քանի շաբաթ առաջ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, եվրոպամետությունը դատապարտելի մոտեցում էր համարում: 
Ինչեւէ, ընդդիմադիր դաշտում աշխատող քաղաքական գործիչներին թերեւս ճիշտ կլինի հորդորել, որպեսզի ամանորյա շրջանում ուտուշ-խմուշները չխառնեն եւ չհամատեղեն քաղաքական խորհրդակցությունների եւ սակարկությունների հետ, այլապես այնպիսի «բորշչ» կստացվի, որ տոներից հետո իրենք էլ իրենց սարքածից կվախենան: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА