ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԻՐԱՆԱԿԱՆ  ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՌԵԱ՞Լ ԵՆ

23.12.2016 21:03 ԶԱՐԿԵՐԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԻՐԱՆԱԿԱՆ  ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՌԵԱ՞Լ ԵՆ


Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Այցի շրջանակներում նաեւ խոսք եղավ Եվրոպայից Իրան բեռնափոխադրումների կազմակերպման, այդ թվում՝ երկաթուղով: Ի դեպ, վերջերս նաեւ նման փորձնական փոխադրում իրականացվեց: Բեռնափոխադրումների նման սխեմաների ծավալուն դառնալը որքանո՞վ է ռեալ: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ նկատեց.
- Այո, մոտավորապես մեկ ամիս առաջ այդ երթուղով բեռներ փոխադրվել են:  Բեռները Գերմանիայից հասան Փոթի, որտեղից երկաթգծով՝ Հայաստան՝ Երասխ, այստեղից էլ Իրան: Այս կերպ ծախսերը 1-3 տոկոսով ավելի էժան է եղել: Այժմ հարցն այն է, թե երկաթգիծը կկառուցվի՞, եւ արդյո՞ք այս ամենը կունենա՞ շարունակություն: Հայ եւ իրանցի գործարարներն այս մասին քննարկումներ արել են: Եթե առեւտրաշրջանառությունն այնպիսի չափերի հասնի, որ իսկապես բերի եկամուտ, բնականաբար, կանդրադառնան նաեւ այս հարցին: Այսօրվա դրությամբ բավականին վաղ է խոսել դրա մասին: Հայաստան կատարած այցի ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իր պաշտոնական ելույթում նշեց, որ իրենք տեսնում են այդ կապի անհրաժեշտությունը` Պարսից ծոցը կապել Սեւ ծովին երկաթգծային ցանցով եւ ավտոմոբիլային ճանապարհով: Այսինքն, Իրանն այս ամենը դիտարկում է, սակայն սա այսօրվա գործ չէ: Տարիներ հետո, եթե բեռների քանակը մեծանա, եւ հնարավորություններն ավելի ակտիվանան, շատ հնարավոր է, որ անդրադառնան երկաթգծի կառուցմանը: Բայց սա արդեն դառնում է ապագայի ծրագիր:
«Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ փաստեց.
- Եթե այս ամենին ռեալ ենք նայում, ապա բեռների տեղափոխման երթուղու նման սխեման ավելի շատ ցանկությունների հայտարարություն էր, քան իրականություն: Այս պահին Եվրոպայից Հայաստանով Իրան բեռների տեղափոխումը, կարելի է ասել, այդքան էլ իրատեսական չէ: Պատճառը այն է, որ մենք երկաթգիծ չունենք: Իսկ ավտոմոբիլային ճանապարհը, հատկապես մեծ բեռնատարների համար, բավականին դժվարանցանելի է եւ պահանջում է մեծ ծախսեր, ժամանակ եւ ռիսկեր: Կարծում եմ` բեռնափոխադրումների առումով, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանի համար նախընտրելի է ադրբեջանական եւ թուրքական ուղին, որովհետեւ այնտեղ բեռները տեղափոխվում են հիմնականում երկաթգծի միջոցով: Ըստ իս, մինչեւ Հյուսիս-Հարավ նախագիծը չստանա իր ավարտուն տեսքը, Եվրոպայից Իրան բեռները չեն կարող տեղափոխվել Հայաստանով: Այսինքն` սա ավելի շատ ապագայի ծրագիր է եւ ցանկություն կա ցուցադրելու, որ երկու կողմերը ցանկություն ունեն համագործակցել նաեւ այս սխեմայով: Բայց իրականում իրանական կողմը խուսափում է Հայաստանով շատ բեռներ տանել արեւմտյան երկրներ, քանի որ ճանապարհը բավականին դժվարանցանելի ու ռիսկային է:
ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ հավելեց.
- Եվրոպայից Իրան բեռների տեղափոխումը Հայաստանով նախ եւ առաջ օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին: Սակայն այս ոլորտում խնդիրներ կլինեն այնքան ժամանակ քանի դեռ Իրան-Հայաստան երկաթգիծը չի կառուցվել: Հայտարարությունները` կապված նման ճանապարհով բեռների տեղափոխության հետ, ընդամենը քայլեր են, որոնք հետագայում պետք է հանգեցնեն նրան, որ Հայաստան-Իրան երկաթգիծը դառնա իրականություն: Միաժամանակ, բեռների տեղափոխման հետ կապված, Հայաստանը պետք է կարողանա վարել գնային ճկուն քաղաքականություն: Սա այն նուրբ հարցն է, որը պահանջում է զգուշավոր քաղաքականություն, որպեսզի հետագայում բեռնափոխադրումների ծավալը աճի, ինչը միայն շահութաբեր կլինի Հայաստանի համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА