ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԴ-ն ցանկանում է լավ լինել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, բայց ոչ Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների գնով»

23.12.2016 20:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՌԴ-ն ցանկանում է լավ լինել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, բայց ոչ Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների գնով»

Խորհրդարանում երեկ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: Մի շարք հարցերի շուրջ ելույթներով հանդես եկան հայ եւ ռուս պատգամավորներ, հայտնի քաղաքագետներ ու փորձագետներ: «Իրավունքին» հաջողվեց որոշ հարցերի վերաբերյալ պարզել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ տեսակետը:

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԴԱՎԱՃԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐԸ»

–Կոնստանտին Ֆյոդորիչ, այսօր տեղի ունեցող ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական գործընթացներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման վրա:

– Ընդհանրապես, քաղաքականության մեջ չեն լինում մշտական բարեկամներ կամ թշնամիներ: Բայց այն փաստը, որ շատ հայեր ապրում են Ռուսաստանում եւ իրենց ներդրումն ունեն Ռուսաստանի պետականության ձեւավորման գործում, մշակույթում եւ այլուր, մենք չենք կարող չարձանագրել կամ ուրանալ: Իհարկե, կան մարդիկ, քաղաքական գործիչներ, որոնք հաճախակի են խոսում տարբեր այլ շահերի մասին: Սակայն մենք չենք կարող դավաճանել Հայաստանի հետ ունեցած մեր ընդհանուր շահերը: Երբ խոսում ենք անվտանգության խնդիրների մասին, մասնավորապես Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների, մշտապես հարցադրումը հետեւյալն է` Ռուսաստանը ցանկանո՞ւմ է լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այս դեպքում  պատասխանը միշտ նույնն է` այո: Եվ, միեւնույն ժամանակ, պետք է ընդգծենք` ՌԴ-ն ցանկանում է լավ լինել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բայց ոչ Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների գնով: Այնպես որ, ինչքան էլ որոշակի ժամանակահատվածներում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում լինեն սխալներ, թյուրիմացություններ, երբեմն ընդունված ոչ ճիշտ որոշումներ, բայց դրա հետ մեկտեղ չպետք է մոռանանք, որ այս դեպքում ունենք հավերժական բարեկամներ` ի դեմս Հայաստանի:

«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ Ի ՇԱՀ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼՈՒԾԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ»

–Անդրադառնանք նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ Ռուսաստանի դերակատարությանն այս հարցում, ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը:

– Ձեր պաշտպանական դոկտրինում հստակ ամրագրված է, որ Հայաստանը ԼՂ հետագա գոյության երաշխավորն է, եւ մենք սա շատ լավ հասկանում ենք: Երբ սկսվեց ԼՂ հակամարտությունը, Խորհրդային Միության վերջին շրջանն էր` 1988-89 թթ., եւ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում խախտվում էր ստատուս քվոն: Ադրբեջանի կողմից փորձ էր արվում փոխել տեղի ազգային եւ վարչական կառուցվածքը, մինչդեռ Արցախի ժողովուրդը ընտրեց ինքնորոշման ճանապարհը, եւ սա փաստ է: Ուստի` այն, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի ԼՂ հակամարտությունը միանշանակ լուծվի` ի նպաստ Ադրբեջանի, նմանատիպ հետաքրքություն Ռուսաստանում գոյություն չունի: Այս հարցը երբեմն շահարկում են բարոյական եւ զգացական տարբեր բացատրությունների միջոցով, սակայն մեր նախագահը մշտապես խոսում է այն մասին, որ այս հարցում չպետք է լինեն հաղթողներ:

– Այսինքն` շարունակել ջերմ հարաբերություններ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հե՞տ:

– Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես պաշտպանում եմ այն տեսակետը, որ պետք է պահպանել նրանց հետ լավ հարաբերությունները` զերծ պահելով ցանկացած տեսակի սադրանքներից: Եվ սա շատ կարեւոր է, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղությունը վտանգի չենթարկենք: Եթե տասնամյակների ընթացքում Ադրբեջանին զենքի մատակարարումը կազմում էր ընդամենը մեկ տոկոս, 2011 թվականից դարձավ 5 տոկոս: Ընդունում եմ, որ ռուսական սմերչը կարեւոր դեր խաղաց Ադրբեջանի հարձակողական քաղաքականության մեջ, եւ նույնիսկ որոշ փորձագետներ գտնում են, որ հենց սրա պատճառով մեծ վնաս հասցվեց ԼՂ Պաշտպանության բանակին: Բայց եկեք ընդունենք, որ երբ ՌԴ-ն Ադրբեջանին չի վաճառում զենք , նրանք սկսում են զենք-զինամթերք ձեռք բերելու համար բանակցել Իսրայելի հետ: Մյուս կողմից պետք է շեշտեմ, որ, այո՛, ապրիլյան դեպքերից հետո եզրակացություններ արել ենք, եւ մեր նախագահն էլ հասկանում է, որ այս տարածաշրջանում անհրաժեշտ են զինված եւ ապահով սահմաններ: Դրա համար էլ վավերացրել ենք ոչ միայն հակաօդային, այլ նաեւ հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Եվ բացի այդ, ինչպես գիտեք, առաջինը Հայաստանն է ստացել ռուսական իսկանդեր, որը որեւէ այլ երկիր չի ունեցել, բացի ՌԴ-ից: Սա ինչ-որ չափով, եթե ոչ ամբողջությամբ, ապա վկայություններից մեկն է` Հայաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների: Վերադառնալով նախորդ հարցին` հավելեմ, որ ԼՂ հակամարտության լուծման հեռանկարները բավական բարդ են: Չգիտեմ` ով ինչպես է տեսնում դրա լուծումը, բայց ես, օրինակ, չեմ տեսնում որեւէ հեռանկար Ադրբեջանի կազմում ԼՂ վերադարձի: Սա անհնար է, որովհետեւ երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, արդեն այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը Արցախի կազմում չէր: Իսկ մնացյալը պրոպագանդա է: 

«ԳՏՆՎԵՑԻՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲ ԳՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ»

–Օրեր առաջ Թուրքիայում սպանվեց ՌԴ դեսպանը, ի՞նչ քայլեր կհաջորդեն Ռուսաստանի կողմից` Թուրքիայի հանդեպ:

– Այն բանից հետո, ինչ արեց թուրք ոստիկանը` մեջքից կրակելով մեր դեսպանին, անմիջապես Ռուսաստանում գտնվեցին մարդիկ, որոնք պահանջում էին ատոմային ռումբ գցել Թուրքիայի վրա: Իսկ երբ դեպքերին հաջորդեցին ներողությունները, էլի գտնվեցին մարդիկ, որ ընկան մյուս ծայրահեղության գիրկը` ասելով, որ սրանից հետո ռուս-թուրքական հարաբերություններն ավելի սերտ պետք է լինեն: Բայց ես այդ մասին չեմ խոսում: Այստեղ պետք է մտածել համակարգային եւ խորքային լուծումների մասին: Եթե մեր ակտիվությունը Մերձավոր Արեւելքում ունի պաշտպանական նպատակներ, պետք չէ զարմանալ, որ մի հոգեկան հիվանդ կամ առողջ մեկը կարող էր նման կերպ վարվել: Նաեւ չպետք է մոռանանք, որ Թուրքիայի ղեկավարությունը, որն այսօր մեղայականով է հանդես գալիս, երեկ կանգնած էր ռուս կործանիչի խոցման հետեւում: Ստացվում է, որ մենք փորձում ենք օգտագործել Թուրքիային, Թուրքիան էլ փորձում է օգտագործել մեզ: Ուստի` հարց է առաջանում` մենք շարունակաբար բարեկամնե՞ր ենք Թուրքիայի հետ, ինչպես Հայաստանի, իհարկե` ոչ: Եվ սա ձեզ ասում է մի մարդ, որը ժամանակին Պետդումայում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА