ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.12.2016 18:39 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Սկսենք այն իրադարձությունից, որը մեզ ոչ միայն զարմացրեց, այլեւ անչափ ուրախացրեց: Ձմեռային արեւագալին ընդառաջ Հալեպի հայերը հրապարակում տեղադրել են շատ շքեղ ՏՈՆԱԾԱՌ, որը, թերեւս, Երեւանի տոնածառին ոչնչով չի զիջում: Եվ ամանորյա հանդիսությունները բացվեցին «Զարթիր լաո» երգի հնչյունների ներքո... Փաստորեն, Հալեպի մեր հայրենակիցները ամբողջովին ավերված այդ քաղաքում, ուր ընդամենը մեկ-երկու օր առաջ կատաղի մարտեր էին ընթանում, կյանքի եւ կենսուրախության իսկական տոնահանդես նախաձեռնեցին: Ահա եւ գաղտնիքի բացատրությունը, թե ինչպես եղավ, որ լինելով թերեւս աշխարհի հնագույն ազգը, մինչեւ հիմա կանք եւ պետություն էլ ունենք: Ու նաեւ Հալեպի տոնահանդեսը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչու վաղ, թե ուշ իրականացնելու ենք մեր բոլոր նպատակները: 
Իսկ Կոպենհագենի համալսարանի գիտնականները անցկացրել են մի հետաքրքիր հետազոտություն, որը նաեւ հուշում է, թե ինչ պետք է անել տոնական տրամադրությունը չփչացնելու համար: Ինչքան էլ զարմանալի լինի, պետք չէ տոնական օրերին առհասարակ ՖԵՅՍԲՈՒՔԻՑ օգտվել: «Սոցիալական ցանցերի, ինչպիսին, օրինակ` «Facebook»-ն է, հաճախակի օգտագործումը բացասաբար է ազդում ձեր զգացմունքային վիճակի եւ կյանքից բավարարվածության զգացումի վրա»,- ասվում է հետազոտության վերջում, որին մասնակցել է 1300 մարդ, որոնք հիմնականում եղել են կանայք: Դանիացի գիտնականները զգուշացնում են, որ մյուս օգտատերերի հրապարակումների շարունակական դիտումներն ու ընթերցումները կարող են նախանձի հանգեցնել, տրամադրությունն ուղղակի գցել, որի պատճառը կդառնա մյուսների հետ ինքդ քեզ համեմատելը: 
Մենք սովոր ենք, որ ամեն ինչ թանկանում է: Սակայն, ինչքան էլ զարմանալի լինի, տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ շատ պարզ հուշում է, թե ինչպես կարելի է հասնել ապրանքների էժանացմանը. «Հայաստանը 167 երկրների ցանկում, կոռուպցիայի ընկալման ցուցանիշով, գրավում է 95-րդ տեղը: Սա, իհարկե, բարձր ցուցանիշ չէ: Իմ գնահատմամբ` դա հանգեցնում է ապրանքների գների մոտ 10 տոկոս թանկացման: Հետեւաբար, մեր առաջ որպես կարեւորագույն խնդիր պետք դնենք գոնե 60 մաքուր երկրների ցանկում հայտնվելը: Այդ դեպքում մեր ապրանքների գները մոտավորապես 5 տոկոսով կէժանանան»: Դե ինչ, պարզվում է, որ կոռուպցիան էապես կրճատելու դեպքում ոչ միայն երկրի մթնոլորտը կմաքրվի, ինչն անչափ կարեւոր է, այլեւ կունենանք բոնուս` ապրանքների էժանացման տեսքով: 
Մեզ անչափ զարմացրեց ու նաեւ զայրացրեց ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎԸ: Նա հանդես գալով հոդվածով «Ռոսսիյսկայա գազետա» թերթում, անդրադառնալով ԽՍՀՄ փլուզման պատճառներին` հայտարարում է, թե անձամբ այդ փլուզումն ընկալել է որպես «ողբերգական իրադարձություն»: Դե արի ու մի ասա` բա չքանդեիր, գրողը տանի քեզ, ու հարկ է նշել, որ դա շատ երեսպաշտ եւ երկդիմի հայտարարություն է: Չէ՞ որ բազում հետազոտողներ անհերքելիորեն ապացուցում են, որ Գորբաչովը նպատակասլաց ամեն ինչ անում էր ԽՍՀՄ-ը փլուզելու համար, ու հավանաբար մի օր ռուսները նրանից պատասխան կպահանջեն: Բայց, բնականաբար, մենք էլ այդ սրիկայից պահանջելիք ունենք. նա պետք է պատասխան տա ե՛ւ Սումգայիթի համար, ե՛ւ Բաքվի ջարդերի, ե՛ւ Արցախում կատարված բազում հանցավոր գործողությունների համար: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА