ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՀԱՆԻԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԻ  ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ

23.12.2016 19:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՌՈՀԱՆԻԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԻ  ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ


Իրանի նախագահի հայաստանյան այցը, անշուշտ, սպասված էր: Սակայն ավելորդ ոգեւորությունների առիթ էլ չկա: Հատկապես, երբ խոսում ենք զուտ երկկողմ տնտեսական հարաբերություններից:ԵՎ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ 
ՎԱՃԱՌԵԼ ԻՐԱՆՈՒՄ
Ի վերջո, Իրանի հետ տնտեսական հարաբերություններից խոսելիս, մեկ պարզ հարցի պատասխան պետք է տալ. ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Իրանին եւ ինչի դիմաց: Եվ մեզ համար տխուր փաստն այն է, որ առաջարկելու բան գրեթե չունենք: Հայաստանի տնտեսության կառուցվածքում հիմնական տեղերից մեկը պատկանում է մետաղական հանքարդյունաբերությանը: Սակայն այս պահին այն կենտրոնացած է խտանյութի տեսքով մետաղի արտահանման վրա: Ընդ որում, լայնորեն կիրառվում են օֆշորային սխեմաները, որը հանքարդյունահանողներին մեծ ստվերային եկամուտներով է ապահովում եւ, հանուն դրա, մտքներով անգամ չեն անցկացնի իրանական ուղղության մասին լիջորեն մտածելու: Այլ բան, եթե պետությունն արմատական քայլեր այստեղ ձեռնարկի՝ էականորեն նվազեցնելով խտանյութի արտահանման հնարավորությունները՝ պարտադրելով այն առավելագույնս խորը տեղական վերամշակման հասցնել: Օրինակի համար՝ պղնձե մետաղալարը հաստատ այն ապրանքը կլիներ, որի համար իրանական ձեռնարկությունները նույնիսկ հերթ կկանգնեն:
Մեր տնտեսությունում զգալի է նաեւ գյուղատնտեսական ¥այդ թվում՝ վերամշակված¤ ապրանքատեսակների մասնաբաժինը: Սակայն բնակլիմայական եւ մի շարք առանձնահատկություններից ելնելով` մեր գյուղմթերքներն Իրանում ծանրագույն մրցակցության կբախվեն:
Եվ այսպես շարունակ, ու երեւի հայաստանյան միայն հատուկենտ ապրանքատեսակներ կան, որ Իրանում կարող են պահանջարկ վայելել: Հասկանալի է, անգամ այդ քիչը պետք է փորձել հնարավորինս զարգացնել, սակայն հանրագումարում, խոսքը մեծ ծավալների մասին չէ:
Իրանից Հայաստան, իհարկե, շատ ավելի ծավալուն ներկրումներ կարող են լինել: Սակայն իրանական համեմատաբար փակ տնտեսական իրողություններն այնտեղ ավելի բարձր ինքնարժեք են ձեւավորում, քան բազում այլ երկրներում: Այդ իսկ պատճառով էլ բազում նման ապրանքատեսակների մասով ¥սննդամթերքի եւ գյուղատնտեսական շատ տեսակներ, թեթեւ արդյունաբերություն եւ այլն¤ հայաստանյան բիզնեսը կենտրոնացել է այլ ուղղությունների, այդ թվում, որքան էլ անցանկալի է, Թուրքիայի ուղղությամբ: Արդյունքում, պատահական չէ, որ հայ-իրանական համագործակցությունը հիմնականում կենտրոնացել է էներգետիկայի վրա: Սակայն այստեղ նույնպես սահմանափակումներ կան:
Սա, կրկնենք, վերաբերում է զուտ երկկողմ հարաբերություններին: Սակայն բազմակողմ հարաբերությունների ձեւաչափով իրավիճակը էականորեն փոխվելու պոտենցիալ ունի: Առավել եւս, եթե դրան գումարենք նաեւ քաղաքական իրողությունները:

ԹԵՀՐԱՆԸ ԲԱՔՎԻ ՀԱՐՑՈՎ ՍԽԱԼՎԵՑ
Նախ մեկ էական հանգամանք: Ադրբեջանով դեպի Ռուսաստան ցամաքային ուղի բացելու գործընթացը, որն այս տարվա առաջին կեսերին ակտիվ շրջանառության մեջ էր, մի քանի լուրջ հարվածներ ստացավ: Ռուսաստանն այդ ուղղությանը հիմնականում մոտենում է աշխարհաքաղաքական տեսանկյունից, իսկ այդ առումով Հյուսիս-Հարավ մեծ ծրագրի համար միայն Ադրբեջանով Իրանի հետ կապվելու սխեման միանգամայն անբավարար է: Նման մեծ ծրագրի համար կա ողջ հարավկովկասյան կոմունիկացիոն համակարգը գործարկելու անհրաժեշտությունը, ընդ որում, նաեւ Թուրքիայի ներգրավմամբ: Եվ նկատենք, որ Անկարայում ՌԴ դեսպանի սպանության փաստը գալիս է հիմնավորելու, որ նշված գլոբալ սխեմաների իրականացման հարցը հասել է իր զարգացման գագաթնակետին: Եվ կարելի է նաեւ այսպես ասել. այդ զարգացումը կասեցնելու այլ միջոց չկար, քան ՌԴ դեսպանի սպանությունն էր, ընդ որում` դրան հաջորդած իրավիճակը ցույց տվեց, որ դա էլ բավարար միջոց չէր:
Ավելի պարզ ասած, այս իրավիճակն է: Ռուսաստանը Հյուսիս-Հարավ մեծ սխեմայի ¥ «Մետաքսի ուղու» հետ կապի հեռանկարով¤ հարցով փորձում է միաժամանակ համագործակցել ե՛ւ Իրանի, ե՛ւ Թուրքիայի հետ: Ընդ որում, ինչպես նաեւ ցույց տվեց օրերս Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, Անկարան եւ Թեհրանը նույնպես, ինչպես այդ մեծ սխեմայից, այնպես էլ՝ դրա շրջանակներում երկկողմ համագործակցությունից լուրջ շահեր տեսնում են: Այդ թվում, Վաշինգտոնի հարվածներին դիմակայելու, քրդական, սիրիական խնդիրների հետ կապված եւ այլն: Բայց փոխարենը այս իրավիճակը տարածաշրջանային եւ, մասնավորապես, հարավկովկասյան ուղղությամբ էապես սրում է թուրք-իրանական մրցակցությունը: 
Կարճ ասած, եթե Թուրքիան եւ Իրանը այս պահին ցույց են տալիս, որ պատրաստ են հարավկովկասյան տարածաշրջանում առաջին ջութակահարի դերը թողնել ՌԴ-ին, ապա երկրորդ ջութակահարի տեղի համար միմյանց հետ առնվազն լուրջ մրցակցության մեջ են մտնելու, եւ դա այս պահին էլ է տեսանելի: Բերենք միայն այն օրինակը, որ Բաքուն վերջերս բուռն սիրավեպ սկսեց Իսրայելի հետ: Թեեւ մինչեւ իսկ խոսակցություններ եղան, որ Ադրբեջանն այդ կերպ փորձում է Թուրքիայի փոխարեն Իսրայելին իրեն «մեծ եղբայր» ընդունել, սակայն փաստն այն է, որ այդ սիրավեպն առաջին հերթին ուղղվեց հենց Իրանի դեմ, ինչն առավել քան ձեռնտու է Անկարային: Եվ միամտություն կլիներ մտածել, թե ադրբեջանա-իսրայելյան այդ սիրավեպն առանց Անկարայի համաձայնության էր տեղի ունեցել:
Մինչդեռ միանգամայն այլ իրավիճակ էր այն պահից սկսած, երբ ռուս-թուրքական հարաբերությունները վատթարացան: Դա, ի թիվս այլ խնդիրների, լրջորեն սահմանափակում էր Անկարայի քայլերը նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում: Ընդ որում, դա հստակ հասկանում էր նաեւ Բաքուն, եւ Ալիեւն Իրան կատարած իր հայտնի այցով ցույց տվեց, որ դեմ չէր լինի` հիմնվելով երկու երկրների շիա-իսլամական հանդիսանալու փաստի վրա, ակտիվացնել Իրանի հետ հարաբերությունները: Թեհրանին էլ միգուցե թվաց, թե իրոք կարող է Բաքվում Անկարայի ֆունկցիաներն իր վրա վերցնել եւ գնաց սերտացման: Բայց ահա ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման գործընթացը Բաքվին անմիջապես վերադարձրեց իր հին դիրքերին: Իրանն էլ, թերեւս հասկանալով, որ կոպիտ վրիպակ է թույլ տվել, շտապեց Հայաստանի հետ կապերի վերականգնման:

ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ 
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՎՈՒՄ Է
ՈՒրեմն ի՞նչ սպասել այս նոր իրավիճակից: Ռուսաստանը, հասկանալի է, միաժամանակ իր հարավային ռազմավարությունը կապելով Իրանի եւ Թուրքիայի հետ, դրանով նաեւ ցույց է տալիս, որ ցանկացած պահի կարող է ավելի մեծ չափով հենվել նրանցից մեկի վրա, ինչը, բնականաբար, ե՛ւ Անկարային, ե՛ւ Թեհրանին կպարտադրի եռակողմ պայմանավորվածությունների դաշտից դուրս չգալ: Իսկ միաժամանակ՝ Աբխազիայում, Հայաստանում գտնվող ռուսական ուժերը իրենց հերթին են երաշխավորում ավելորդ անակնկալներից:
Այլ հարց, որ նշված իրողությունները հաշվի առնելով, դեպի Ռուսաստան տանող հիմնական ցամաքային ուղու՝ հարավկովկասյան տարածաշրջանի համար Թուրքիան եւ Իրանը ակնհայտորեն պատրաստվում են համառ պայքարի: Եվ այս հարցում Թուրքիան ունի իր այն առավելությունը, որ արդեն իսկ Ադրբեջանի եւ մասամբ Վրաստանի միջոցով տարածաշրջանում որոշակիորեն ամուր դիրքեր ունի: Վրացական ուղղությամբ Իրանը եւս բավականին երկար ժամանակ փորձում է ծավալվել  եւ որոշակի հաջողություններ արդեն իսկ ունի: Բայց ընդհանուր տարածաշրջաի մասշտաբով Թուրքիայի հետ առնվազն հավասարակշիռ իրավիճակ ստեղծելու եւ հաջողության դեպքում նույնիսկ առաջ անցնելու համար Իրանը պետք է կարողանա հարմար դիրքեր ապահովել Հայաստանին:
Եվ ահա, վերադառնալով Ռոհանիի այցին, նկատենք, որ այստեղից նա մեկնեց Ղազախստան: Այսինքն՝ այդ այցը նաեւ կարելի է ասել, որ ուներ եվրասիական ուղղվածություն: Նկատի ունենք, որ ԵՏՄ-ի հետ համագործակցության պայմանագրի կնքման դեպքում Իրանը Թուրքիայի նկատմամբ բավական լուրջ մրցակցային առավելության կարող է հասնել: Իսկ մեզ համար այդ հանգամանքը կարեւոր է այնքանով, որ հենց Հայաստանն է դեպի ԵՏՄ տանող Իրանի ամենակարճ ճանապարհը: Ընդ որում, նկատենք, որ նախագահ Ռոհանին Հայաստանում ակնարկելով մեր երկրի տարածքով տրանզիտային փոխադրումների մասին, ըստ էության, հենց նման ակնարկներ էր հնչեցնում: 
Մյուս կողմից էլ նկատենք, որ Թուրքիան նույնպես Հայաստանով ԵՏՄ-ին միանալու տարբերակը կարող է օգտագործել: Դրան հասկանալի է, որ այս պահին ղարաբաղյան հարցը լրջորեն խոչընդոտում է: Այլ բան, որ այն օրերին, երբ  Էրդողանը սկսեց ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլերը, Թուրքիայից նաեւ ակնարկներ լսվեցին Հայաստանի սահմանը բացելու անհրաժեշտության մասին: Բաքուն, իհարկե, նորից խառնվեց, եւ այդ թեման փակվեց: Ընդ որում, Թուրքիան էլ իր հերթին էր դեռ ռուսների հետ բավական բարդ աշխարհաքաղաքական պայքարի մեջ մտել եւ շատ արագ նահանջեց: Բայց ահա, Հալեպից հետո իրավիճակն այլ է, կան խոսակցություններ, որ սիրիական իրավիճակի շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք ավելի հստակ տեսք կունենան ԱՄՆ-ում`  Թրամփի իշխանության գալուց հետո: Եվ եթե այդպես է, ապա կարելի է ասել, որ հայաստանյան սահմանի թեման նորից օրակարգ կգա: Ընդ որում, այս անգամ արդեն Ալիեւը հաստատ չի կարող Իրանին իրեն «մեծ եղբայր» ընդունելու շանտաժն ուղղել Անկարային: Եվ եթե այս սցենարն աշխատի, ապա Իրանը պետք է փորձի հայաստանյան ուղղությամբ հնարավորինս շուտ ծանրակշիռ գործնական քայլերի գնալ:       
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА