ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԱՆՈՐ Է ԳԱԼԻՍ, ԹԵ՞Ժ Է ԼԻՆԵԼՈՒ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ  ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ԿՀԱՍՆԻ՞

23.12.2016 19:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄԱՆՈՐ Է ԳԱԼԻՍ, ԹԵ՞Ժ Է ԼԻՆԵԼՈՒ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ  ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ԿՀԱՍՆԻ՞


Բնականաբար, որպես թարմ նորություն, քննարկման առարկաներից մեկը Սեյրան Օհանյանի արված հայտարարությունն էր` քաղաքականությանը եւ գալիք ընրություններին ակտիվ մասնակցելու մասին: Բայց... Մի տեսակ ֆալստարտի տպավորություն կա, քանզի դժվար է պատկերացնել, որ այդ մուտքը քաղաքականություն` Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունով, կարող է ծանրակշիռ լինել: Համ էլ, եթե ճիշտ են խոսակցությունները, որ Սեյրան Օհանյանի թիմում միավորվելու են Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ապա գլխանց դա նմանվում է քաղաքական վինեգրեդի: 
Բայց միաժամանակ նաեւ լրատվական դաշտում տեղեկատվություն է հայտնվել` իբր Սեյրան Օհանյանի քաղաքական քայլերը ուղղորդում է Ռոբերտ Քոչարյանը: Ու թեեւ ՀՀ երկրորդ նախագահը իր անձի հետ կապված տեղեկություններին սովորաբար վերաբերվում էր անտարբերությամբ, սակայն այս անգամ նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը շտապեց հերքել այդ լուրերը` որպես բացարձակ անհիմն: Ավելին, նրա պատասխանում հնչեց հռետորական հարցադրում` մի՞թե ոմանք այլեւս անընդունակ են հավատալու, որ որեւէ կայացած մարդ կարող է լրիվ ինքնուրույն անել իր քաղաքական քայլերը: 
Դա բավականին ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը շտապեց սահմանազատվել Սեյրան Օհանյանից: Թերեւս, դա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ ՀՀ երկրորդ նախագահը ցանկություն չունի միջամտելու ընտրարշավային գործընթացներին, այլեւ չի ուզում, որ իր անունը որեւէ կերպ կապվի Սեյրան Օհանյանի քաղաքական նախագծի հետ: Ըստ իշխանության կուլուարների խոսակցությունների` Սեյրան Օհանյանի քայլը այդտեղ հակված են դիտարկել որպես յուրահատուկ արկածախնդրություն, ու այդտեղ շատերը պարզապես չեն հասկանում պաշտպանության նախկին նախարարի դրդապատճառները: Ու նրա քաղաքական նախաձեռնությունը շատերը համարում են գլխանց ձախողված, թեեւ բոլոր դեպքերում ազատամարտիկների որոշ քանակ նա կարող է ներգրավել, իսկ ընտրարշավում նյութական ռեսուրսների պակաս հաստատ չի ունենա: 
Բայց միաժամանակ խոսակցություններ կան, որ նոր կառավարություն կազմելիս նա չմնաց իր պաշտոնում ոչ միայն այն պատճառով, որ քառօրյա պատերազմը բացահայտել էր շատ էական բացթողումներ, այլեւ, որ մասնակցել է ինչ-որ խաղի, որը վերեւներում համարել են բացարձակ անթույլատրելի: Եվ արդյո՞ք այժմյան քաղաքական նախաձեռնությունը հենց այդ քայլի շարունակությունը չէ: Բայց չշտապենք, քանզի այժմ այնպիսի ժամանակներ են, որ ոչ մի բան երկար գաղտնի չի մնում: 

ՈՎ ԻՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ
Այլ կուսակցությունների կողմից նույն Սեյրան Օհանյանի նախաձեռնության վերաբերյալ արձագանքները տարբեր են: Եթե ՀՀԿ-ում դրան զուսպ են արձագանքում, ամեն ինչ տեղավորելով ՀՀ ցանկացած քաղաքացու` քաղաքականությամբ զբաղվելու իրավունքի բանաձեւի մեջ, ապա, օրինակ, ՀՅԴ-ն` ի դեմս պատգամավոր Աղվան Վարդանյանի, շեշտում է, որ Սեյրան Օհանյանի վարքագծում հակաիշխանական երանգները բացակայում են: Արդյո՞ք դրանով փորձում են ակնարկել` իբր Օհանյանի նախագիծը իշխանական նախագիծ է, թե ինչ-ինչ մտավախություններ ունեն, որ ՀՅԴ-ի ձայնի հաշվին կարող է առաջ շարժվել: ՀԱԿ-ի արձագանքը, ընդհակառակը, անսպասելի նյարդային էր: Ըստ Լեւոն Զուրաբյանի` Սեյրան Օհանյանին իրենք մրցակից չեն համարում, քանզի իրենց առաջ տարածը ճշմարտություն է, իսկ ճշմարտությունն անմրցելի է: 
Իսկ թե ՀԱԿ խմբակցության ղեկավարն ինչն է որակում «ճշմարտություն», դա արդեն բավականին անհարմար բան է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ՀԱԿ-ը լծվել է պարտվողականություն եւ հողային զիջումներ քարոզելու գործին: Բնականաբար, մեծամասնությունը դա չեն ընկալում այլ կերպ, քան բացահայտ դավաճանական մոտեցում, իսկ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը տարածք զիջելու հարցադրումը անգամ` որակել է «պոռնկական հարցադրում»: Այնպես որ, թերեւս ՀԱԿ-ի հիմնական հույսը հենց ընտրազանգվածի` վատագույն որակներով օժտված հատվածի վրա է: Դե, պարտվողական տրամադրություններ ունեցող «էլեկտորատից» վատթար թերեւս ընկալվի միայն սեռական փոքրամասնություններից բաղկացած «էլեկտորատը», սակայն ՀՀ քաղաքական պատմության մեջ արդեն դրանից էլ չխորշողի օրինակ ունեցել ենք: Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, ով ժամանակին սեփական ներկայությամբ զորակցություն էր հայտնել տխրահռչակ Ծոմակին` վերջինիս համասեռամոլական օբյեկտի հրկիզումից հետո: Բայց ճակատագրի հեգնանքով էլ, եթե այն ժամանակ ՀՅԴ գործիչները զորակցեցին հրկիզումն իրականացրած երիտասարդներին, ապա այժմ այդ կուսակցությունը բավականին անհասկանալի ու անընկալելի ձեւով չի կասեցնում իր հսկողության տակ գտնվող հեռուստաընկերության եթերում բացահայտ եւ վրդովեցուցիչ «պրոգենդեր» քարոզչությունը... 
Դե, իսկ Արթուր Բաղդասարյանը նման է, որ ընտրարշավում մնալու է մենակ, քանզի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին դաշնակիցներ հորիզոնում չեն երեւում: Գագիկ Ծառուկյանի քաղաքական դեբյուտն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի Ամանորից հետո, եթե, իհարկե, (ինչը քիչ հավանական է) մտքափոխ չլինի: Բայց, կարծես թե, ԲՀԿ-ում փոքր-ինչ մտավախություններ այդ առումով կան, ու այդ պատճառով է, որ ԲՀԿ-ականներից լսում ենք նյարդային լսումներ, Նաիրա Զոհրաբյանն էլ արդեն գրբաց պառավների անուններ է հնչեցնում քաղաքական ենթատեքստով: 

ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ՍՅՈՒՐՊՐԻԶԸ»
Այն, որ ընտրություններին ՀՀԿ-ն 50 տոկոսից ավել է ստանալու, ոչ ոք կասկածի տակ չի դնում: Այդ թվում եւ ընդդիմադիրները: Սակայն իշխող կուսակցությունը հենց իշխանական վերնախավին որոշակի անակնկալներ է մատուցում: 
Ու միակ անակնկալը պատգամավորական կորպուսը օլիգարխիկ տարրերից մաքելը չէ: Ավելի հետաքրքիր անակնկալ է Արփինե Հովհաննիսյանի ձեռամբ մատուցված ապօրինի հարստացման քրեականացումը նախատեսող օրենքը, որը ուժի մեջ է մտնելու ամռանից: 
Արդարադատության նախարարը լրագրողներին բավականին մանրամասն ներկայացրել է այդ օրենքը: Խստացվում է հայտարարագրումը, պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց շրջանակը էապես լայնանում է` ընդգրկելով նաեւ չինովնիկների կողմից սիրված զոքանչների կատեգորիան, իսկ ունեցվածքի եւ օրինական եկամուտների անհամապատասխանության դեպքում գործով զբաղվելու է հատուկ այդ նպատակով ստեղծվող հանձնաժողովը: Ոմանք արդեն հասցրել են այդ հանձնաժողովի անունը կնքել «չէկա», այսինքն` արտակարգ հանձնաժողով, ու փորձում են դա ներկայացնել որպես վհուկաորսի գործիք: Բայց նախարարը հավաստիացնում է, որ նման մտավախություններն ավելորդ են: Սակայն շատ էական սահմանափակում է դրվում պաշտոնատար անձանց դրամական գործարքների վրա` 2 միլիոն դրամը գերազանցող գործարքները նրանց արգելվելու է իրականացնել կանխիկ դրամով: 
Ստացվում է, որ ամառվանից սկսած` պաշտոնյա լինելը այնքան էլ հեշտ ու հաճելի գործ չի լինելու: Եվ եթե մինչ վերջերս մեր ժողովրդի շատ ներկայացուցիչներ երազում էին պաշտոն ստանալու մասին, որպեսզի կոռումպացվեն եւ ապօրինաբար հարստանան, ապա մյուս տարի իրավիճակը կարծես թե փոխվում է: Բայց, անշուշտ, այնքան էլ հեշտ չի լինի փոխելը ինչպես չինովնիկության, այնպես էլ, ինչն ամենակարեւորն է, մեր հանրության հոգեբանությունը: Քանի դեռ բոլորը հայհոյում են թալանչիներին, բայց գրեթե բոլորը իրենք են երազում թալանչի դառնալ, պետական ապարատի արդյունավետության էական բարձրացման մասին խոսելը վաղաժամ է: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА