ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

21.12.2016 21:10 ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Դեկտեմբերի 17-18-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը գտնվում էին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում, որտեղ կայացավ Մոլդովայի Հանրապետության Սոցիալիստների կուսակցության արտահերթ համագումարը: Համագումարը հրավիրվել էր այն կապակցությամբ, որ կուսակցության  նախագահ Ի. Դոդոնը նոյեմբերի 13-ին ընտրվել էր Մոլդովայի նախագահ եւ օրենքի պահանջով պետք է վայր դներ իր կուսակցական տոմսը:Մոլդովայի Սոցիալիստների համագումարին պատվիրակություններ էին եկել 12 երկրներից: Ամենամեծ պատվիրակությունը ՌԴ-ից էր, որի կազմում Պետդումայի 9 պատգամավորներ էին, այդ թվում` երկու փոխխոսնակ: Կային պատվիրակներ Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Բուլղարիայից եւ այլ երկրներից: Արտասահմանյան հյուրերի համար երկրի նախագահ Ի. Դոդոնը կազմակերպել էր հանդիպում, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Հայ պատգամավորները Մոլդովայի նախագահին հանձնեցին Հայոց պատմությանը վերաբերող մի շարք գրքեր, այդ թվում Արցախի, Նախիջեւանի, Քեսաբի վերաբերյալ, ինչպես նաեւ Հ. Բաբուխանյանի գիրքը` «Հայաստանը պետք է լինի Եվրասիական ինտեգրացիայի ավանգարդում»: 
Դեկտեմբերի 18-ին ելույթ ունենալով Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության համագումարի ամբիոնից` Գագիկ Մելիքյանը նշեց, որ կարեւորում է Մոլդովայի նախագահի ծրագրային այն դրույթը, որի համաձայն` Մոլդովան պետք է անդամագրվի Եվրասիական տնտեսական միությանը: Հայ պատգամավորը իր ելույթում մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը` հայ-մոլդովական համագործակցության զարգացման վերաբերյալ, այդ թվում` միջազգային կազմակերպությունների հարթակներում: Գ. Մելիքյանը կարեւորեց նաեւ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ հումանիտար կապերի ու դարավոր բարեկամության զարգացման անհրաժեշտությունը: 
Մոլդովական հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում Հայկ Բաբուխանյանը նշեց, որ Հայաստանը եւ Մոլդովան համագործակցում են ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաեւ այլ միջազգային հարթակներում, իսկ Մոլդովայի ԵԱՏՄ անդամակցությունը թույլ կտա էլ ավելի զարգացնել հայ-մոլդովական տնտեսական կապերը: 
Մոլդովայի Սոցիալիստների համագումարը ընդունեց ամփոփիչ հայտարարագիր, որտեղ ամրապնդվեցին մի շարք ծրագրային կետեր, այդ թվում ԵԱՏՄ-ին անդամագրումը, Ռուսաստանի, ԱՊՀ այլ երկրների, ինչպես նաեւ Չինաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումը, երկրի ռազմական բլոկների մեջ չմտնելը եւ չեզոքության պահպանումը, օլիգարխիայի դեմ պայքարը, ուղղափառության, մոլդովական ինքնության եւ ավանդական արժեքների պահպանումը: Կուսակցության նախագահ ընտրվեց Մոլդովայի նախկին վարչապետ Զինաիդա Գրեչաննին: 
«Մեզ համար շատ կարեւոր է Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության ծրագրային նաեւ այն դրույթները, որտեղ խոսվում է ազգային ինքնության պահպանման, ավանդական արժեքների, քրիստոնեական բարոյականությանը նվիրվածության մասին: Սա նույնպես լայն համագործակցության հիմք է ստեղծում»,- ի պատասխան «Իրավունքի» հարցին` նշեց Գ. Մելիքյանը:
«Վայրի լիբերալիզմին, հակաքրիստոնեական արեւմտյան նեոմշակույթի թելադրանքին աշխարհի տարբեր ժողովուրդներ հակադրում են ազգային արժեքները, հայրենասիրությունը, իրավահավասար համագործակցությունը ժողովուրդների միջեւ: Մոլդովայի ժողովուրդը կատարեց քաղաքակրթական ընտրություն` ընտրելով քրիստոնեական բարոյականությունը եւ մերժելով նեոլիբերալիստական կրոնը: Մոլդովացիները այսպիսով քայլ կատարեցին դեպի Եվրասիական միություն: Եվ կարծում եմ` մոտ երկու տարուց Մոլդովան կհամալրի Եվրասիական միության ընտանիքը»,- մեր հետ զրույցում ասաց Հայկ Բաբուխանյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА