ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.12.2016 21:08 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հարգելի ընթերցող, իսկ դու գիտեի՞ր, որ ալլահը ադրբեջանցի է: Դե իմացիր, հենց այդպիսի խորախորհուրդ հայտնագործություն են արել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից որպես «ռացիոնալ պետական գործիչ» անչափ սիրված ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ մազութային սուլթանատում: Այնտեղ ոմն Սեյիդ Ջամալ Ազիմբեյլի, որն ինքն իրեն համարում է Ղարաբաղի սեյիդների օջախի առաջնորդ, խստիվ դատապարտել է Իրանի նախագահ Հասան Ռոուխանիի այցը Հայաստան: Ըստ այդ` Մուհամմեդի ինքնակոչ ժառանգի, այցը «ալլահի եւ մարգարեի հասցեին վիրավորանք է» եւ կոչ արեց Իրանի բարձրագույն հոգեւոր ղեկավարությանը գործի դնել իր ողջ ազդեցությունը այդ այցի կապակցությամբ: Դե ինչ ասես, յախշի... Կարծում ենք, որ ադրբեջանցի պայծառատեսների այդ հայտնագործությունը` ալլահի ազգության վերաբերյալ, շատ է «ուրախացնելու» ամբողջ աշխարհի մահմեդականներին: 

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԲՀԿ-ն երեւի թե ճիշտ կվարվի, եթե ընտրարաշավի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարի, որ արտգործնախարարի իրենց թեկնածուն պատգամավոր ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է: Ահավասիկ, ավանակների լուսանկարների եւ քանդակների մեծ երկրպագու այդ գործչի պատկերացումները դիվանագիտության մասին. «Ինչո՞վ են զբաղված դեսպանները, ես չգիտեմ: Ինչի՞ է պետք դեսպանը, ես չգիտեմ: Մենք այն երկիրը չենք, որ աշխարհի վրա ինչ-որ գեոպոլիտիկ հարցեր լուծենք կամ չգիտեմ ինչ անենք: Մեր դեսպանը նրա համար է, որ եթե մի երկիր գնացել է` նայի, թե ինչ կարող է բերել եւ ինչ տանել այստեղից: Սա պետք է լինի նրա հիմնական գործը... Մտել ես, նստել ես, փող ես ստանում, ի՞նչ ես անում: Ինչո՞վ եք զբաղված էդտեղ նստած: Թե՞ դիմավորում, խանութներում ման եք տալիս սրա-նրա կնոջը կամ սիրուհուն: Էդպիսի երկիր, էդպիսի դեսպան չի լինում: Սա է խնդիրը»: Դե ինչ, եթե հանկարծ Լյովա Խաչատրյանը դառնար արտգործնախարար, ապա պետբյուջեն կունենա մի զարմանահրաշ տնտեսում` միանգամից ամբողջ աշխարհում, որպես ավելորդ, կփակվեն ՀՀ բոլոր դեսպանատները: 

Զարմանալի դարակազմիկ հայտարարությամբ է հանդես եկել եւ ամենայն հայոց լուսավորիչ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ. «Որպես անքննելի եւ անբասիր ընդդիմադիրներ` բժշկի հոգատարությամբ պետք է պայքարենք իշխող ուժից բխող` վարակի պես տարածվող կեղծիքի եւ ստի դեմ»: Մարդը մեծն աստվածաբան է` եթե մինչ այժմ համարվում էր, որ անքննելի են միայն Աստծո գործերը, ապա այսուհետ հայտնի է, որ անքննելի են նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործերը, իսկ կուսակցության առաջնորդն էլ, երեւի թե, անբասիր սրբերի առաջնորդ է: Այնպես որ, սրբապատկեր որոնողները կարող են այլեւս նեղություն չքաշեն` բավարար է ընդամենը համացանցում փնտրել սուրբ Էդմոն Մարուքյանի լուսապսակ նկարները, եւ կարելի է համակարգչի կամ հեռախոսի էկրանի առաջ ծնկել եւ աղոթել:

Դե, եթե քաղաքական դաշտում այդպիսի կերպարներ կան, ապա այլեւս չպետք է զարմանալ, թե ինչու ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ հանկարծ որոշեց ՀՀ քաղաքական դաշտը դիտարկել Չարլզ Դարվինի տեսակետից. «Փաստենք, որ փոխվել է քաղաքական կլիման, եւ քաղաքական տարբեր տեսակներ փորձում են իրենց գոյությունը նոր կլիմայի պայմաններում արդարացնել, ամրապնդել ու երաշխավորել: Այդ քաղաքական տեսակները տարբեր են` դինոզավրերից մինչեւ սողուններ, թռչուններից մինչեւ կաթնասուններ, կան նաեւ բուսական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք նույնպես նույն կլիմայի միջավայր են: Կարեւոր է, որ քաղաքական կայնքը ապրի էվոլյուցիա, եւ քաղաքական մոլորակի վրա մնան մրցունակ տեսակները»: Իրոք որ, պատկերավոր ասած, քաղաքական դաշտում ինչ տեսակի «հայվան» ասես կա: Բայց դա վերաբերում է ոչ միայն մեր երկրին: Օրինակ, հյուսիսային դաշնակից պետությունում կա Էրդողանին ու թուրքական ամեն ինչը սիրող Ժիրինովսկի, եւ հետաքրքիր կլիներ պարզել քաղաքական տեսակետից նա ի՞նչ կենդանի է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА