ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ  ԲԵՎԵՌ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

21.12.2016 21:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ  ԲԵՎԵՌ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ


Տեղի ունեցավ այն, ինչը լրատվական դաշտում վաղուց էր քննարկվում` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն. «Ես որոշում եմ կայացրել` ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական եւ մասնավորապես ընտրական գործընթացներին»: Այսինքն` այս պահին ուրվագծվում են մի քանի ընդդիմադիր բեւեռներ, որոնք մասնակցելու են ընտրարշավին: ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՎԵԼՑՈՒԿ
Եթե հին ընդդիմադիր դաշտը հիմնականում բաղկացած էր անհաշտ ընդդիմադիրներից, եւ իշխանափոխության սեւեռուն գաղափարը նրանց հասցրել էր անլուծելի ճգնաժամի, ապա հիմա ընդհակառակը` ունենք մի քանի ընդդիմադիր բեւեռներ, որոնք հանդես են գալիս կառուցողական դիրքերից: Անհաշտությունից հրաժարվածներն են` ԲՀԿ-ն քաղաքական դաշտ վերադարձող Ծառուկյանով հանդերձ, ՀԱԿ-ը` իր չարագուշակ Լեւոն Տեր-Պետրոսյանով, «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը` եվրոպական արժեքների արեւով երդվող եռյակ դաշինքը, հիմա էլ դրան ավելացավ հանդիպումներ եւ խորհրդակցություններ անցկացնող Սեյրան Օհանյանը: 
Ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի. «15 տարի լինելով քաղաքականության մեջ` կարող եմ փաստել, որ Հայաստանի  քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, նախկին նախագահներ, նախկին վարչապետներ, նախկին բազմաթիվ նախարարներ… Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Բայց կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարողանում արձանագրել մեծ արդյունքներ, բայց քաղաքական արեւի տակ կարողանում են ինչ-որ մի տեղ զբաղեցնել»: Գնահատականը, անշուշտ, նախեւառաջ վերաբերում է ՀԱԿ-ին եւ Սեյրան Օհանյանին, սակայն չպետք է մոռանալ եւ եռյակ դաշինքում ընդգրկված Արամ Զ. Սարգսյանին, ում վարչապետությունը գրեթե բոլորը մոռացել են, իսկ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախկին նախագահ է: ԲՀԿ-ում էլ քիչ չեն նախկին նախարարները, դե, իսկ ՀԱԿ-ում նախկին պաշտոնյաների պակաս առհասարակ չի զգացվում: Կարող ենք գումարել դրան եւս մեկ նախկին վարչապետի` Հրանտ Բագրատյանին, ով այս կամ այն ձեւաչափով կտեղավորվի ընտրարշավում: 
Բառիս բուն իմաստով` թարմ ուժ, այսպիսով չկա: Պարզապես, մեր քաղաքական գործիչները եզակի ճկունություն ունեն, եւ քանի որ խորհրդարանական համակարգը ենթադրում է կառուցողական ընդդիմության առկայությունը, նախկին անհաշտներն ու երեկվա պաշտոնյաները սրընթաց սպառազինվում են կառուցողականությամբ: Պատկերավոր ասած` «զմանդատ մեր հանապազօր, տուր մեզ այսօր»: Իսկ իրականում այդ միջավայրում կայուն համոզմունքներ փնտրելը իզուր զբաղմունք է: Քաղաքական հավատամքն ու աշխարհաքաղաքական կողմնորոշումը կարող են փոխվել ակնթարթորեն, միայն թե հեշտացնեն ճանապարհը դեպի բաղձալի պատգամավորական աթոռները: Միակ բացառությունը` այն էլ մինուս նշանով, ԼՏՊ-ն է, ով մինչեւ վերջ հավատարիմ է մնացել իր մոլեգին եւ զազրելի թրքասիրությանը: 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ 
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ 
ԳՈՒՆԱՊՆԱԿԸ 
Եվ այսպես, Սեյրան Օհանյանն էլ չխախտեց օրինաչափությունը եւ մեկնարկի պահին հանդես եկավ կառուցողական դիրքից. «Ես կտրականապես մերժում եմ, երբ քաղաքական գործիչների կարծիքների եւ տեսակետների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, փոխադարձ թշնամանքի եւ ատելության: Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ: Ընտրապայքար մտնող բոլոր քաղաքական ուժերը եւ գործիչները պարտավոր են դրսեւորել միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք եւ զսպվածություն»: Աշխարհաքաղաքական տեսակետից, ըստ «չար լեզուների», Սեյրան Օհանյանը ներկայացնելու է «ֆրանսիական կողմնորոշումը», որը Արթուր Բաղդասարյանի կողմից կեղծ ռուսասիրություն հռչակելուց հետո մնացել էր «որբ»: Իսկ եթե հաշվի առնենք խոսակցությունները, որ Սեյրան Օհանյանը իր քաղաքական շփումներում հասցրել է «խորհրդակցել» Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի հետ, ապա ստացվում է, որ այդ զտարյուն ամերիկամետները, ավելի ճիշտ` ամերիկացիները, նույնպես հակված են դեպի աշխարհաքաղաքական գույնի փոփոխություն: 
Լեւոն Տեր-Պետրոսյանը թեեւ գեղեցիկ խոսքեր է շռայլել ռուսների հասցեին, սակայն նրա իրական կողմնորոշումը ադրբեջանաթուրքական է: Չմոռանանք նաեւ 2008-ին նրա հանրահավաքներին ծածանվող Իսրայելի դրոշը, իսկ ինչպես հայտնի է, սիոնիստական հակումները նախկին չեն կարող լինել... 
Եվրաատլանտյան ուղղությունը ներկայացնում են եռյակ դաշինքում ընդգրկված կուսակցությունները, ովքեր իրենց հռչակագրում դա ուղղակի նշել էին: Սակայն Էդմոն Մարուքյանի ասած «եվրոպական արժեքները» իրականում ոչ թե եվրոպական են, այլ ամերիկյան գլոբալիզմի դրսեւորում են: Բայց առայժմ առկա է անորոշությունը, թե ինչպես կձեւափոխվի ամերիկյան գլոբալիզմը հունվարի 20-ից հետո, երբ Դոնալդ Թրամփը ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: 
Ինչպիսի աշխարհաքաղաքական գույն կընդունի Արթուր Բաղդասարյանը` այս պահին կանխատեսելն անիմաստ է: Նրա ընդունած գույնը լինելու է այն, որը առավելապես ձեռնտու է լինելու: Հիշենք` ժամանակին նա ջերմ կապեր ուներ առաջին ուկրաինական մայդանն իրականացնողների հետ, 2008-ի սկզբին գաղտնալսումների հիման վրա Ռոբերտ Քոչարյանը նրան անվանել էր բրիտանական լրտես, այնուհետ նա համարվում էր ֆրանսիական կողմնորոշման առաջամարտիկ, սակայն Արա Աբրահամյանի հետ համատեղ խաղերի ընթացքում սկսեց համակիր կառույցներ ստեղծել Ռուսաստանում: 
Եվ վերջապես Գագիկ Ծառուկյանը, ով հավանաբար քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին կհայտարարի ամանորյա տոներից անմիջապես հետո: Միգուցեեւ, ԲՀԿ-ն կամ հնարավոր ԲՀԿ+ միավորումը հռչակի կամ չհռչակի ռուսական կողմնորոշում, սակայն արեւմտյան կողմնորոշումների հռչակումը այդ ուժի կողմից թեեւ ամբողջովին բացառելի չէ, բայց քիչ հավանական: 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ 
ԸՆՏՐԱՀԵՆԱՐԱՆՆԵՐԸ
Անշուշտ, ԲՀԿ-ում ավանդաբար համախմբվում էին նրանք, ովքեր Ծառուկյանի հովանու ներքո չոր պրագմատիզմի տեսանկյունից ձգտում էին ապահովագրել սեփական բիզնես շահերը կամ սեփական կարիերայի առաջխաղացումը: Գաղափարախոսություն այդտեղ փնտրելը պարզապես միամտություն կլինի: Ինչ վերաբերում է զանգվածային ընտրողներին, ապա հիմնականում դրանք ցածր կրթական ցենզ ունեցող մարդիկ են, քանզի անշահախնդիր ձեւով որեւէ ինտելեկտուալ չի կարող դավանել «թագավոր ախպերների» կենսափիլիսոփայությունը: 
Թե ինչ ընտրահենարան իր համար կընտրի Սեյրան Օհանյանը, առայժմ վաղ է խոսել, սակայն բավականին հավանական է, որ կփորձի իր շուրջ հավաքել ազատամարտիկներ եւ ազատամարտիկների կառույցներ: Իսկ մնացյալը կարող է եւ բավականին բազմազան լինել: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա նրա ընտրահենարանը երբեք էլ աչքի չէր ընկնում փայլուն վերլուծական ունակություններով: 
Լեւոն Տեր-Պետրոսյանի հենարանը արդեն պարզ է` նա ուղղակիորեն որոշեց շահագործել պատերազմից վախենալու գործոնը, ու դժվար է չհամաձայնել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի տեսակետին, որ նրա ուղերձը. «Դա ազգային եւ պետական դավաճանին հատուկ ուղերձ է եւ ուղղված է հասարակության լայն խավերին` դավաճանական եւ ինքնասպանական գաղափարը գեղեցկահունչ խոսքով ընդունելի դարձնելու համար»:  Երկու բառով ասած` նրա կրեդոն է «խաղաղություն այսօր եւ ցանկացած գնով» կարգախոսը, այսինքն` պացիֆիզմի ամենաեղկելի տեսակը: Բնականաբար, այդ կարգախոսի հետեւից կարող է գնալ միայն հանրության գենետիկ եւ մարդկային խոտանը, որին տեր չի կանգնում ոչ ոք` բացառությամբ ընտրակաշառք բաժանողների: Ըստ ամենայնի, իշխանությունը չի զբաղվի նրան ջարդելով, սակայն, ինչպես նկատեց Արմեն Աշոտյանը. «Արդյոք պատեհ պահ է քառօրյա պատերազմից հետո խոսել այն հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ: Արդյոք ճիշտ է, երբ աշխարհաքաղաքական տեսանկյունից ընդդիմությունը փորձում է ավելի ճկուն եւ բարիշող հանդես գալ, քան իշխանությունը…»: 
Դե, իսկ եռյակ դաշինքի ընտրահենարանն էլ, թերեւս երիտասարդության` արեւմտյան հովերով տարված հատվածն է, գումարած դրամաշնորհներով ապրող «քաղաքացիական հասարակությունը», կամ կոպիտ ասած` շպիոնօնիկների բավականին ընդարձակ դասը: Ավանդական մոտեցում ունեցողներին դժվար թե հրապուրեն ՀՀ «գլխավոր լուսավորիչի» հեքիաթանման եվրոպական պատումներն ու կարգախոսները: 
Անշուշտ, այսքանով ընդդիմադիր ներկապնակը չի սահմանափակվում, սակայն մնացյալ միավորումները ավելի շուտ լուսանցքային բնույթ ունեն, կամ դեռեւս այնքան թույլ են, որ ընդհանուր պատկերի վրա ռեալ ազդեցություն ունենան: Բողոքավոր ընտրողը ընտրության լայն հնարավորություն ունի` ցանկացած ճաշակի, գույնի եւ տեսակի: Բայց հարցական է, այդքանի մեջ կա՞ արդյոք այն քաղաքական ուժը, որ բացի գեղեցիկ փաթեթավորումից նաեւ ռեալ օգտակար բովանդակություն ունի: Բայց ինչ արած, մեր ընդդիմությունն այսպիսին է, ուրիշը չունենք: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА