ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՀԱՆԻԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԸ ՆԱԵՎ  ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ԲԱՔՎԻ ԽԱՂԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ Է

21.12.2016 21:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՌՈՀԱՆԻԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԸ ՆԱԵՎ  ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ԲԱՔՎԻ ԽԱՂԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ Է


Դեկտեմբերի 19-ը առավել քան թեժ օր ստացվեց: Հիմնական իրադարձությունը, անշուշտ, ԱՄՆ ընտրողների կոլեգիայի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումն էր: Սակայն շատ հեռուները տանող իմաստ ունեին նաեւ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Եվ, վերջապես, չի կարելի նաեւ աչքաթող անել Բեռլինի ահաբեկչական հարձակումը, երբ ամանորյա տոնավաճառի հավաքված բազմության մեջ մխրճված բեռնատարը 12 մարդու կյանք խլեց եւ 48-ին վիրավորեց:45-ԱՄՅԱ ՍԽԵՄԱՆ 
ԷԼ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Սկսենք Թրամփից, նկատելով, որ վերջնական հաղթանակ տարավ, չնայած որ նրա մուտքը Սպիտակ տուն մինչեւ վերջին պահը փորձում էին արգելափակել միանգամայն զորեղ ուժեր: Ընդգծենք, այն աստիճան զորեղ, որ նրանց մոտ Օբաման ութ տարի ԱՄՆ նախագահի պաշտոնում էր աշխատում: Թե ինչ նկատի ունենք, մեր նախորդ համարում փորձել ենք ներկայացնել ու չկրկնենք: Սակայն մեկ դրվագի արժե անդրադառնալ. Սպիտակ տուն մտնելով` Թրամփը շատ հնարավոր է, որ վերանայի ԱՄՆ-ի ոչ թե վերջին 25, այլ՝ 45 տարվա աշխարհաքաղաքականությունը: Այն է. 45 տարի առաջ աշխարհում ընդգծված առաջատարի դերում տեսանելի էր երեք ուժ՝ ԽՍՀՄ-ը, նրա փոքր եղբոր համարում ունեցող Չինաստանը եւ ԱՄՆ-ը: 1971թ.-ին էր, որ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը ԽՍՀՄ-ի եւ Չինաստանի հետ հարաբերությունների նոր սխեմա առաջ քաշեց՝ Պեկինի հետ հարաբերությունների բարելավման միջոցով հասնել գոնե նրա չեզոքության եւ բոլոր ուժերը կենտրոնացնել ԽՍՀՄ-ի դեմ: 1972թ.-ին տեղի ունեցավ Նիքսոնի պատմական այցը Չինաստան, որով էլ այդ մեծ ծրագիրը մտավ գործունեության մեջ: Առաջարկի իմաստը հետեւյալն էր՝ ԱՄՆ-ը Չինաստանին տրամադրում էր տեխնոլոգիաներ, շուկա, այսինքն՝ տնտեսության զարգացման պոտենցիալ: Դրա դիմաց Չինաստանը պարզապես պետք է մինչեւ վերջ խզեր աշխարհաքաղաքական դաշինքը ԽՍՀՄ-ի հետ: Այն, որ այս մեծ խաղն ի վերջո դարձավ ԽՍՀՄ-ի փլուզման հիմնաքարերից մեկը, կարելի է չկասկածել: Բերենք միայն այս օրինակը. 1979թ.-ին խորհրդային բանակը ստիպված կլինե՞ր մտնել Աֆղանստան, եթե Չինաստանն այլ քաղաքականություն վարեր. հազիվ թե:
Ի դեպ, դեռ 1971թ.-ին էր, որ այն ժամանակ Նիքսոնի քաղաքական խորհրդական եւ ներկայումս՝ ամերիկյան աշխարհաքաղաքականության նահապետներից մեկի համարում ունեցող Հենրի Քիսինջերը, համաձայնվելով այդ ծրագրի հետ, այնուամենայնիվ, նման կանխատեսում էր հնչեցրել, որ ամերիկյան այդ քաղաքականությունը, միգուցե կտանի ԽՍՀՄ-ի քայքայման, բայց ապագայում Չինաստանի հետ է մահացու պայքարի մեջ մտնելու, եւ միակ տարբերակը կլինի այս անգամ Մոսկվայի օգնությանը դիմելը: 
Ուայն մեծ հեղինակությունը, որը ներկայումս 93-ամյա Քիսինջերն ունի Թրամփի մոտ, հուշում է, որ այդ կանխատեսումներն արդեն գոնե Վաշինգտոնի համար օրակարգային են: Համենայնդեպս միայն այն փաստը, որ Չինաստանը չորս անգամ ավելի շատ ապրանք է վաճառում ԱՄՆ-ում, քան ԱՄՆ-ը՝ Չինաստանում, հիմնավորում է, որ նրանց միջեւ առեւտրատնտեսական գլոբալ պատերազմն անխուսափելի է:

ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ 
ՌԴ ԴԵՍՊԱՆԻ 
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Չինաստանը թերեւս ավելի վաղ հասկացավ, որ այդ պատերազմում որոշիչ է լինելու արդեն բավականին վերականգնված Ռուսաստանի աջակցությունը: Իսկ ահա ԱՄՆ-ն, չնայած այս վերջին տարիներին նույն Քիսինջերի բազմաթիվ զգուշացումներին, որոշեց այլ կերպ առաջ գնալ: Այն է՝ զրոյացնել ռուսական պոտենցիալը եւ դրանից հետո անցնել Չինաստանին: Եվ այստեղ էլ Քիսինջերի կանխատեսումներն իրականացան. Օբաման ոչ միայն չկարողացավ ոչնչացնել ռուսական պոտենցիալը, այլ նրա բավականին պարզունակ քաղաքականությունը կռահելով, Մոսկվան եւ Պեկինը գնացին հարաբերությունների սերտացման: Դա արգելափակելու նպատակով այս անգամ արդեն ԱՄՆ-ն էր ստիպված խրվել աֆղանական ճահիճը եւ դեպի այնտեղ տանող ուղիների համար պայքարում նկատելիորեն զիջեց նաեւ դիրքերը Մերձավոր Արեւելքում:
Այլ հարց, որ Թրամփը, արդեն գրեթե հաստատ կարելի է ասել, որ կփորձի գնալ Քիսինջերի մատնանշած սխեմայով. հակառակ պարագայում շարունակելու է դոփել Օբամայի դիրքերում՝ միայն հետեւելով, թե ինչպես են Մոսկվան եւ Պեկինը կամաց-կամաց ձեւավորում ԱՄՆ-ի համար անխորտակելի ռազմաքաղաքական եւ տնտեսական դաշինք:
Իհարկե, ռուսների հետ հարաբերությունների բարելավման բոլոր հնարավորությունները կան: Այլ բան, թե Թրամփին միաժամանակ կհաջողվի՞ Մոսկվային ետ պահել Պեկինի հետ դաշինքից: Փաստը, որ ամերիկյան ընտրություններից հետո էլ Մոսկվան շարունակում է ակտիվորեն ամրապնդել իր դիրքերը Մերձավոր Արեւելքում, նաեւ Թրամփի համար է ահազանգ, որ, մասնավորապես, չինական «Մետաքսի ուղու» ծրագրերը ռուսների համար մնում են օրակարգում: Առավել եւս, որ արդեն իսկ սկսել էին նկատվել Վաշինգտոնի համար այնպիսի մտահոգիչ դրվագներ, ինչպիսիք են ՌԴ-Իրան-Թուրքիա համատեղ պայմանավորվածությունների հեռանկարը, առեւտրային գործարքներում սեփական արժույթներին անցնելու օրակարգային գաղափարը եւ այդպես շարունակ:
Այս իրավիճակում Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը պատահական չէր: Թե կոնկրետ ով է հրամանը տվել, իհարկե, կպարզվի: Սակայն կարելի է կռահել` ում է ձեռնտու հարցադրումից ելնելով, հաշվի առնելով նաեւ, որ նախ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ապա՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Պեսկովը ներկայացրին սպանության նպատակը, թե դա ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնմանը խոչընդոտելն էր: Ընդ որում, մինչ երեկ Մոսկվայում կայացած ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպում էլ կային տեղեկություններ, որ  օրակարգում են լինելու ոչ միայն տարածաշրջանային եւ հատկապես՝ սիրիական ճգնաժամի, այլ նաեւ՝ գլոբալ տնտեսական սխեմաների հետ կապված կոնկրետ համատեղ լուծումներ: Եվ արդեն ակնհայտ է, որ դեսպանին սպանելով, այդ ծրագրերի ձախողմանը հասնել չհաջողվեց: Համենայնդեպս, նախարարների երեկվա հայտարարությունը, թե միասին աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, այդ է ցույց տալիս:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ 
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ
Այս տեսանկյունից, իհարկե, չափազանց հետաքրքիր է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այսօր մեկնարկող հայաստանյան այցը: Թե զուտ հայ-իրանական հարաբերությունների հետ կապված այս այցն ինչ կտա, չշտապենք ենթադրություններ հայտնել՝ սպասելով այցի ընթացքում նախատեսված փաստաթղթերի ստորագրմանը: Սակայն քաղաքական առումով միայն բուն այցի փաստը մի շարք հարցերի պատասխանները տալիս է:
Նախ չմոռանանք, որ սա 2013թ.-ին Ռոհանիի ընտրվելուց ի վեր առաջին այցն է Հայաստան, թեեւ նման այցի մասին շատ է խոսվել: Վերջերս նույնիսկ կոնկրետ ժամկետներ հնչեցին, թե այցը կկայանա սեպտեմբերին, ապա՝ հոկտեմբերին եւ այդպես շարունակ: Ու այդ ձգձգումների պատճառների հետ կապված մեկ բան հստակ էր՝ Բաքուն լրջորեն աշխատում էր այցի ձախողման ուղղությամբ, եւ Թեհրանն էլ աշխատում էր չգնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների սրացման: Թեկուզեւ հաշվի առնելով Ադրբեջանով դեպի Ռուսաստան երկաթուղու ծրագիրը, որի մասին խոսվել էր ինչպես Ալիեւի Իրան կատարած այցի ընթացքում, այնպես էլ Բաքվում ՌԴ-ի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ:
Բայց ահա իրավիճակը կտրուկ փոխվեց Իսրայելի վարչապետի ադրբեջանական այցով, որի ընթացքում Նեթանյահուն մի քանի կոշտ, նույնիսկ՝ թշնամական հակաիրանյան հայտարարություններ հնչեցրեց: Այդ թվում՝ Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան հակաիրանյան ալյանսի հավանականության մասին: Իսկ ադրբեջանական լրատվական դաշտի այն հրճվանքը, որին հաջորդեց այդ հայտարարությունը, հուշում էր, որ Ալիեւն ուրախությամբ կընդուներ իրավիճակի նման զարգացումները, նաեւ հաշվի առնելով, որ այդ կերպ կարող էր նաեւ Ղարաբաղի հետ կապված աստիճանաբար բարդվող իրավիճակից դուրս գալու հարմար տարբերակ գտնել:
Եվ ահա դրան հաջորդած Ռոհանիի հայաստանյան այցը նախ պետք է համարել ադրբեջանաիսրայելյան այս նոր խաղի պատասխանը: Իսկ թե ինչ կոշտություն այն կունենա, դա կտեսնենք Հայաստանում Ռոհանիի հայտարարությունները լսելով:
Բայց մյուս կողմից՝ ադրբեջանաիսրայելյան այդ զարգացումները, առավել եւս՝ ԱՄՆ-ի հետ ալյանսի հեռանկարները նաեւ Մոսկվայի, այսինքն նաեւ՝ Բաքվի այն եռակողմ հանդիպման տրամաբանությանն ուղղված հարված էր: Առավել եւս այն պահին, երբ հիշատակված գլոբալ գործընթացները տարածաշրջանային նշանակության խնդիրներով վտանգելը շատ ավելի անցանկալի է: Ու նաեւ պետք է հաշվի առնել, որ Իրանի պատժամիջոցները երկարաձգելու Օբամայի որոշումը օրակարգ վերադարձրեց նաեւ իրանական միջուկային ծրագրի թեման, այսինքն՝ ԵՏՄ-ի հետ Իրանի ուղղակի կապի հարցը այս պահին էլ ավելի է կարեւորվում: Իսկ այդ կապի միակ տարբերակը Հայաստանն է:
Ինչեւէ, սպասվում է, որ Ռոհանիի այցը միանգամայն ուշագրավ է լինելու` մի քանի անակնկալներով համեմված: Դե, կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА