ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.12.2016 19:23 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Չկա չարիք, առանց բարիքի: Հենց որ ԼՏՊ-ն հնչեցրեց իր հին բայաթին` Արցախի հարցը փուլային տարբերակով կարգավորելու մասին, փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ որոշեց մեկնաբանել Ադրբեջանի կրկնվող փորձերը` առաջ քաշելու խնդրի կարգավորման փուլային տարբերակը: Այն, որ փոխարտգործնախարարը փաստացի նույնացրեց Տեր-Պետրոսյանին եւ Ադրբեջանը, անշուշտ, վկայում է յուրահատուկ հումորի մասին, առավել եւս, որ պարոն Քոչարյանը միանգամից անցավ «պորտատեղադրման» միանգամայն օգտակար գործընթացին. «Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սույն թվականի ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ: Այն է` Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռեւս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները եւ դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ»: 
Իսկ ՀԱԿ-ում հազիվ են հասցնում պատասխանել ծերուկի դավաճանական ելույթի կապակցությամբ իրենց բաժին հասած թուքումուրին: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ այնտեղ ամենից շատ նեղացել են, որ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆՆ է նույնիսկ իրենց վրայով անցել ցեխոտ կոշիկներով: Ու անմիջապես այդ հանգամանքից վառված` հրապարակել են Նոր Նորքի ՀՀՇ տարածքային կառույցի ժողովի արձանագրությունը, համաձայն որի, 1997-ի հոկտեմբերի 19-ին Սաֆարյանն ընտրվել էր տարածքային կառույցի խորհրդի անդամ: Ավելին, դրան հավելել էին 2001թ. փետրվարի 14-ի արձանագրությունը, որ Ստյոպիկն ընտրվել էր կառույցի նախագահ: Անշուշտ, այդ հարցը չի կարող չառաջանալ` զարմանալի է, այդ ինչո՞ւ 1998-ին ու դրանից հետո դեռեւս առնվազն երեք տարի Ստյոպիկը ԼՏՊ-ի մոտեցումը դավաճանական չէր համարում, իսկ հիմա որոշեց ինքնահաստատվել ծերուկի վրա: 
Բոլորի կողմից մոռացված ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ որպեսզի հիշեցնի իր անհետաքրքիր գոյության մասին, որոշեց մի զարմանալի ակումբ հիմնել` մի ակումբ, որի անդամներից սարսափում է Սերժ Սարգսյանը: Ըստ Հմայակի. «Սերժ Սարգսյանը վախենում, սարսափում է մեզնից, վախենում, սարսափում է ինձնից: Հինգ տարի նրա հիմնական թիրախը ես եմ եղել, ես եւ Քաղաքագետների միությունը: Մենք չենք հանձնվելու: Այս ամենն արվում է, որպեսզի բացառեն մեր մասնակցությունն ընտրություններին»: Հետաքրքիր է, այդ ովքեր պետք է մտնեն այդ ակումբի մեջ, որ այդքան սահմռկելի լինեն: Հա, երեւի թե, քաղաքական դիակների ուրվականները կամ հասարակ լեզվով ասած` գյոռնափշտիկները:
Զարմանալիորեն, նախագահ վախեցնող գյոռնափշտիկների ակումբ որոշեց անդամագրվել եւ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ: Նա դեմքի ամենալուրջ արտահայտությամբ հայտարարեց հետեւյալը. «2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսից մեկ օր առաջ ինձ անընդհատ զանգահարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը եւ քաղաքային եւ ձեռքի հեռախոսահամարներից: Ամբողջ օրը Արմեն Գեւորգյանը զանգահարել է ինձ, ես չեմ պատասխանել նրա զանգերին եւ հասկացել եմ, որ նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսը չեղարկելն է: Ուրեմն, ժամերն եմ ձեզ ասում` զանգել է 18:51, 19:44, 20:31: Զանգերին չպատասխանելուց հետո ստացել եմ հետեւյալ հեռախոսագիրը. «Բարի երեկո, ունեմ հանձնարարություն ՀՀ նախագահից, խնդրում եմ զանգել»: Այսինքն` ՀՀ նախագահը, որը գտնվում էր Նյու Յորքում, փորձում էր ինձ հետ կապվել, որպեսզի ես ասուլիս չանեմ, նա սարսափում էր իմ ասուլիսից»: Հետաքրքիր է, արդյոք Թումանյանի «Սուտլիկ որսկանը» եղել է Դալլաքյանի ամենասիրելի հեքիաթը: Չէ՞ որ դատելով նրա իսկ հրապարակած «գրաֆիկից»` ավելի շուտ հենց ինքն էր վախեցել պատասխանել Արմեն Գեւորգյանի զանգերին: Դե ինչ, Լոռու մարզում հաստատ մի լավ վախ բռնող կգտնվի այդ պարծենկոտ նախկին պաշտոնյայի համար: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА