ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՈԼԱՐԻ «ՄԱՖԻԱՆ» ԿԿՈՐՑՆԻ՞ ԴԻՐՔԵՐԸ

20.12.2016 19:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴՈԼԱՐԻ «ՄԱՖԻԱՆ» ԿԿՈՐՑՆԻ՞ ԴԻՐՔԵՐԸ

Մինչեւ վերջին օրը, այսինքն՝ այն պահը, երբ ամերիկյան 538 ընտրողների ¥կամ՝ ընտրիչների¤ կոլեգիայի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ (հաղթելու համար պետք էր 270 ձայն) նախագահական ընտրությունների արդյունքների վերահաստատումը Սպիտակ տան համար կոշտ պայքարը չդադարեց: Եվ դա այն դեպքում, երբ նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում Դոնալդ Թրամփի ¥306 ձայն¤ առավելությունը Հիլարի Քլինթոնի նկատմամբ առավել քան տպավորիչ էր: ԱՄՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ
Ընտրողների կոլեգիայի կողմից ընտրական արդյունքների վերահաստատումը միշտ էլ համարվել է ձեւական, ավելի ճիշտ՝ հնից մնացած արարողակարգային միջոցառման պես մի բան: Ինչպես ասենք Բրիտանիայում է ձեւականորեն պետության գլուխ համարվող միապետը հաստատում ընտրությունների միջոցով վարչապետի պաշտոնը ստացած անձնավորության լիազորությունները: Ֆանտազիայի պես մի բան է թվում, որ պարտված կողմը մինչեւ վերջին պահը փորձի պարտադրել թագուհուն՝ չհաստատել վարչապետին: Նույնքան ֆանտաստիկ էր թվում, որ ամերիկյան տարբերակով պարտվողը մինչ քվեարկության պահը ինչ որ տեղ նաեւ ցուցադրաբար փորձեր համոզել, խոստումներ տալ, ճնշել ու վախեցնել ընտրողներին՝ կոլեգիայի նիստում չքվեարկել համաժողովրդական քվեարկության արդյունքում հաղթող հռչակված թեկնածուի օգտին: Ու ինչքան էլ ֆանտաստիկ թվար, դա արդեն իրողություն է. մինչեւ վերջին պահը փորձեր արվեց արգելափակել Թրամփի մուտքը Սպիտակ տուն:
Թե ինչու նախագահի պաշտոնի համար պայքարն այսքան անզիջում եղավ, դժվար չէ հասկանալ: Թրամփն իշխանության եկավ ԱՄՆ-ում կառավարման համակարգը փոխելու կոչերով, եւ նրա ընտրվելու փաստը ոչ թե նույնիսկ օրակարգային, այլ միանգամայն ռեալ դարձրեց նաեւ համաշխարհային կառավարման համակարգը փոխելու հարցը: Դա լա՞վ, թե վատ կանդրադառնա ԱՄՆ-ի, եվրոպական եւ այլ տարածաշրջանների եւ պետությունների համար, միայն ժամանակը ցույց կտա:Սակայն այս պահին մեկ բան է հաստատ՝ այն թեզերը, որոնց հիմքի վրա Թրամփն իշխանության եկավ, ծանր հարված է խոստանում համաշխարհային ֆինանսաքաղաքական էլիտայի վերջին 25 տարում ձեւավորված, այսպես ասենք, օդից տրիլիոնավոր դոլարներ սարքող հատվածին: Եվ պայքարն էլ ոչ թե պարզապես ԱՄՆ նախագահական աթոռի համար էր, այլ նրա, թե ապագայում եւս այդ տրիլիոնների եկամուտներն ու դրանցով ամրապնդված գլոբալ իշխանությունը պահել կհաջողվի՞: Արդյունքում՝ պայքարը դարձավ այսքան սուր:
Բայց մյուս կողմից՝ ռեա՞լ էր այդ հին համակարգի պահպանումը: Միգուցե, միայն թե դա բուն ԱՄՆ-ի գոյության համար էր սպառնալիք: Խոստովանությունը, որն արեց հայտնի սենատոր, Սենատի զինված ուժերի գծով հանձնաժողովի նախագահ եւ ընդգծված ռուսատյաց Ջոն Մաքքեյնը, հենց դա է վկայում: Այն է՝ ԱՄՆ-ն կորցրել է համաշխարհային առաջնորդի իր դերը: Եվ կարելի է ասվածն ավելի կոնկրետացնել՝ նման գլոբալ նահանջ ԱՄՆ-ն ունեցել է հիշատակված ֆինանսական էլիտայի շահերը ջանասիրաբար սպասարկող Օբամայի իշխանության տարիներին: Իհարկե՝ դժվար չէ համոզվել, որ Մաքքեյնը ճիշտ է: Բավական է հիշեցնել ընդամենը երկու փաստ. ռուսների ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում եւ այն, որ չինացիները փակում են խաղաղօվկիանոսյան Ասիայից դեպի Եվրոպա տանող ԱՄՆ-ի վերահսկման ծովային ուղիները: Ընդ որում, երկու դեպքում էլ Օբաման ամեն ինչ արեց նման զարգացումները կանխելու համար, բայց ոչնչի չհասավ: Ու խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ Օբաման թույլ առաջնորդ է. նման կարեւորագույն հարցերում նախագահն ընդամենը պետական օղակներից մեկն է, եւ ինչքան էլ առաջին պլանում նա է պարտության համար պատասխանատուն, մեկ է՝ պարտվողը ողջ պետական համակարգն է: Նաեւ այնպես չէ, որ ԱՄՆ-ի այդ պարտությունները ՌԴ-ի անխորտակելի ուժ հանդիսանալու պատճառով էր: ՌԴ-ն, իհարկե, վերջին տարիներին էապես բարելավել է իր պոտենցիալը եւ դրա հետ մեկտեղ՝ կարողացավ եղած հնարավորությունները հատկապես արտաքին քաղաքական հարթակներում փայլուն օգտագործել: Բայց մեկ է, այդ բարելավմամբ հանդերձ էլ ռուսների, ասենք նաեւ՝ չինացիների հնարավորություններն էապես զիջում են ամերիկյանին: 
Այլ բան, որ ներամերիկյան հակասությունները եղած պոտենցիալը ամբողջությամբ կիրառելու հնարավորություն չեն տալիս: Խոսքը, մասնավորապես, այն հակասությունների մասին է, որոնք մեծ չափով բխում են, այսպես ասենք, հանուն հիշատակված էլիտար շահերի` դոլար տպագրող մեքենայի գիշեր-ցերեկ աշխատելուց եւ նմանատիպ որոշ այլ գործոններից: Նկատի ունենք հետեւյալը...
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ 
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ԱՄՆ-ՌԴ-
ՉԻՆԱՍՏԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ
Մի կողմից՝ դոլարի անդադար տպագրությունը ֆանտաստիկ եկամուտներ է բերում կոնկրետ կլանների: Բայց մյուս կողմից, եթե տպագրվող դոլարի զանգվածը արդեն իսկ առկա դոլարային սարերի հետ միասին չհամապատասխանի համաշխարհային առեւտրի ծավալներին, պարզապես կվերածվի սովորական թղթի: Առեւտրի ծավալը արհեստականորեն, ասենք՝ հումքի գների բարձրացման միջոցով մեծացնելու քաղաքականությունը, որը Օբամայի նախագահության առաջին փուլից էլ վաղ էր գործարկվել, կարճաժամկետ լուծում էր: Մասնավորապես այն առումով, որ դա միանգամից ամրապնդեց հումք արտադրողների, այդ թվում՝ ՌԴ-ի դիրքերը ի հաշիվ հումք գնողների: Երկրորդ սցենարը համաշխարհային առեւտրից մյուս արժույթների դուրսմղման հաշվին դոլարի համար տեղ ազատելն էր: Եվ դա էլ  Օբամային պարզապես ստիպեց միաժամանակ ծանր պայքարի մեջ մտնել ե՛ւ ռուսների, ե՛ւ՝ չինացիների դեմ: Գումարած դրան, սրվեց առանց այդ էլ եղած հակասությունները եվրոպական դասական էլիտայի հետ: Ու այս դեպքում արդեն ԱՄՆ-ի պոտենցիալը, ի վերջո, չբավարարեց: 
Բայց արդեն բոլորովին այլ խնդիրներ են առաջացել: Եթե Մաքքեյնի ասածի պես, ԱՄՆ-ն արդեն կորցրել է համաշխարհային առաջնորդի իր դերը, ապա դա նաեւ դոլարի հեգեմոնիային է հարվածելու: Բանը հասել է նրան, որ անգամ Թուրքիան՝ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակիցն է սկսել խոսել այլ երկրների հետ առեւտուրը սեփական արժույթներով իրականացնելու մասին, էլ չասած, որ ավելի մեծ ուժերը, այդ թվում՝ Չինաստանն ու Ռուսաստանը աստիճանաբար ընդլայնում են սեփական առեւտրից դոլարը դուրս մղելու քաղաքականությունը: Իսկ դա մեկ բան է նշանակում՝ համաշխարհային առեւտրում դոլարի ծավալների սահմանափակում: Եվ եթե դրան էլ գումարվի «Մետաքսի ուղու» ծրագիրը, ապա դա դոլարին սպառնում է ներկայիս ծավալների առնվազն 25-30, եթե ոչ՝ 50 տոկոսանոց կրճատում: Այս դեպքում արդեն ոչ միայն դոլարի տպագրման բիզնեսն է կանգնելու, այլ նաեւ, եթե ԱՄՆ-ը չշտապի չեզոքացնել շրջանառությունից դուրս մնացող ծավալները, հետեւանքը դոլարային աննախադեպ ինֆլյացիան է լինելու:
Սա էլ, իհարկե, նոր բան չէ. մի շարք ականավոր ֆինանսիստներ վաղուց են նման հեռանկարների մասին խոսում: Պարզապես, արդեն այն իրավիճակն էր, որ այդ բոլոր երբեմնի կանխատեսումները սկսել էին աչքի առաջ իրականանալ՝ ԱՄՆ-ին կանգնեցնելով նման երկընտրանքի առաջ: Կա՛մ մինչեւ վերջ առաջ գնալ, չնայելով անգամ, որ այդ վերջը կարող էր լինել Երրորդ աշխարհամարտի տեսքով: Կա՛մ էլ պետք էր ինքնակամ գնալ դոլարային, այսինքն` նաեւ քաղաքական հեգեմոնիկ դերի թուլացման: 
Հենց այս երկընտրանքն էլ դրված էր ԱՄՆ նախագահական ընտրությունների հիմքում: Իսկ այն, որ ինչպես ընտրվելուց առաջ, այնպես էլ հետո, Թրամփը հայտարարում է, թե իր առաջին քայլերի թվում է լինելու դոլար տպագրողի, այն է՝ Ֆեդերալ ռեզերվային համակարգ կոչված մասնավոր կառույցի ֆունկցիաների նվազեցումը, ցույց է տալիս, որ նոր նախագահը դոլարի հեգեմոնիայի նվազեցման ուղղությամբ է գնալու՝ փորձելով կորուստները փոխհատուցել իրական տնտեսության զարգացման հաշվին: 
Թերեւս հենց այս նոր մոտեցումն էլ առաջիկայում կդրվի համաշխարհային գլոբալ զարգացման հիմքում: Այլ բան, որ սա այլ բնույթի խորացված հակասություններ է խոստանում: Չինաստանը իր հերթին է կենտրոնացած իրական տնտեսության ուղղությամբ եւ ծավալային առումով գործնականում չի զիջում ԱՄՆ-ին: Այսինքն՝ չին-ամերիկյան տնտեսական աննախադեպ պատերազմներն էս գլխից էլ կարելի է համարել անխուսափելի: Համենայնդեպս` այն կոշտ տոնայնությունը, մինչեւ իսկ ԱՄՆ մտնող չինական ապրանքների համար հսկայական մաքսատուրքեր սահմանելու մասին Թրամփի սպառնալիքներն արդեն իսկ հուշում են նման հեռանկարների մասին: 
Մյուս կողմից էլ` ամերիկյան աշխարհաքաղաքականության նահապետ Հենրի Քիսինջերը, ով կարծես հսկայական հեղինակություն ունի Թրամփի մոտ, այս օրերին ամեն կերպ փորձում է հարթել չինացիների հետ այս կտրուկ սրացումները: Բայց նաեւ հայտնի փաստ է, որ Քիսինջերը դեռ տասնամյակներ առաջ էր կանխատեսել, որ Չինաստանի հետ ԱՄՆ-ը վաղ թե ուշ գլոբալ տնտեսական բախումների մեջ է մտնելու եւ խորհուրդ էր տվել՝ գնալ ռուսների հետ դաշինքի: Նաեւ հաշվի առնելով այն խորքային հակասությունները, որ բխում են Չինաստանի գերբնակեցումից եւ հարեւանությամբ ազատ ռուսական տարածքները տեսնելու հանգամանքից...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА