ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտադրողները հաճախ «թարմացնում» են սննդամթերքի պիտանելիության ժամկետները

19.12.2016 15:55 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտադրողները հաճախ «թարմացնում» են սննդամթերքի պիտանելիության ժամկետները

Տնտեսագիտական համալսարանի կոմերցիայի եւ բիզնեսի կազմակերպման ամբիոնի դոցենտ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ խոսքով` դեռեւս հնագույն ժամանակներից հայերի մոտ ձեւավորված է եղել Ամանորին նախապատրաստվելու կուլտուրան: Նախկինում էլ, այժմ էլ` ամանորյա առեւտուրը կրում է տարերային բնույթ, բոլորը ձգտում են հնարավորինս շատ սնունդ գնել եւ կուտակել, որպեսզի Ամանորին ունենան ամենաճոխ սեղանը. «Ամանորի անխօրեին այդքան մեծ քանակով սննդամթերք հասկանալի է, որ պետք է տրամադրեն սուպերմարկետները եւ մարկետները: Սննդի քանակի ավելացման հետ կապված կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ: Եթե իրացնողները պատրաստվում են Ամանորին, նրանք անշուշտ աշխատում են կուտակել տարբեր տեսակի սննդամթերք տոնական պահանջարկն ապահովելու համար»,-ընդգծեց Վ. Մելիքյանը: Ըստ նրա, սննդամթերքի արտադրության ընթացքում հնարավոր են տեխնոլոգիական, ինչպես նաեւ իրացման, պահպանման խախտումներ: Նման պայմաններում, որպեսզի սպառողը կարողանա կողմորոշվել եւ իրեն ապահովագրել այդ խախտումներից, Վարդուհի Մելիքյանը հորդորում է սնունդ գնելուց առաջ ուշադրություն դարձնել մակնշմանը. «Կան խախտումների բազմաթիվ գործընթացներ` մակնշման, որակի, քաշի եւ այլն: Խախտումները կան ու միշտ կլինեն, բայց սպառողը պարտավոր է կողմորոշվել եւ առաջին հերթին պետք է կարեւորի պիտանելիության ժամկետը: Հաճախ արտադրողները պիտանելիության ժամկետը «թարմացնում» են, ինչը չի թույլատրվում»,-ընդգծեց Վ. Մելիքյանը եւ կարեւորեց առողջ սնունդը, քանի որ այն համարվում է առողջ ազգի գրավականներից մեկը:

Սննդամթերքի մեջ կարեւոր նշանակություն ունեն նաեւ հավելանյութերը, որոնք օգտագործվում են արտադրության ընթացքում, բազմաթիվ տեխոլոգիական գործընթացներ իրականացնելու, ուղղելու, արտադրանքին գեղեցիկ արտաքին տեսք հաղորդելու ընթացքում: Արտադրողը պարտավոր է իր արտադրանքի մակնշման մեջ նշել, թե ինչ հավելանյութեր է օգտագործել սննդամթերքի մեջ. «Մեզ մոտ այդ թեման բաց է, արտադրողները կարելի է ասել չարաշահում են, որովհետեւ հավելանյութերից ոչ բոլորն են նշում մակնշման մեջ»,-եզրափակեց Վարդուհի Մելիքյանը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА